Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ պոետիկ եմ նվագում»

Դեկտեմբեր 08,2016 13:30

Կանադահայ ջութակահարը՝ երեւանյան համերգի տպավորությունների մասին

Վերջերս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայացավ կանադաբնակ հայազգի ջութակահար Ռուբեն Կոսեմյանի համերգը: Համերգից հետո երաժիշտը «Առավոտին» պատմեց տպավորությունների մասին: Համերգի ծրագիրը բավականին գունեղ էր՝ Սեն-Սանս, Մորիս Ռավել, Կարեն Խաչատրյան, Մոզետիչ, Չայկովսկի, Գերշվին եւ այլն:
Երաժիշտը հատուկ շեշտեց, որ երեւանյան համերգի կայացմանն աջակցել է Canada council for tha arts կազմակերպությունը: Ինչ վերաբերում է Մարժան Մոզետիչին, որի «Երգող ոգի» ստեղծագործությունը կատարվեց Երեւանում, նա հարավսլավական արմատներով կանադացի կոմպոզիտոր է:

Ռուբեն Կոսեմյանը պատմեց, որ Մոզետիչի հետ 2010թ. է ծանոթացել, Կանադայում իրեն են ներկայացրել այդ կոմպոզիտորին, հանձնել CD-ն ու հայտնել, որ Մոզետիչը շատ կուզենար, որպեսզի ինքը նվագեր նրա ստեղծագործությունները: Հենց կոմպոզիտորն էլ ձեռագիր ուղարկել է նոտաները Ռուբեն Կոսեմյանին:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ վերջին անգամ 6 տարի առաջ է համերգ ունեցել Հայաստանում եւ Բրուխ է նվագել՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Իսկ այս տարի կայացած համերգն առանձնահատուկ էր նրանով, որ ներկա էին այն երաժիշտները՝ Էդուարդ Թադեւոսյանը, հայրը՝ Ալեքսանդր Կոսեմյանը, որոնց մոտ ինքը սովորել է, նաեւ ճանաչված կոմպոզիտորներ են եղել, այդ թվում՝ Վաչե Շարաֆյանը: «Իրենք տպավորված էին, մեծ փոփոխություն էին տեսնում 6 տարի առաջվա համեմատությամբ, ասում էին, որ պոետիկ եմ նվագում»,-հայտնեց արվեստագետը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանին, որի հետ ինքը ծանոթացել էր Մոսկվայում: Երեւանում Կոսեմյանը կատարել էր նրա Սոնատը՝ ջութակի եւ դաշնամուրի համար: Իմիջիայլոց, Խաչատրյանի ջութակի համար գրված սոնատի առաջին կատարողը մեծանուն ջութակահար Դավիթ Օյստրախն է եղել: Կոսեմյանը հավելեց, որ Կարեն Խաչատրյանն իրեն պատմել է, թե ինչպես են իր այդ ստեղծագործությունը ժամանակին ձայնագրել հայտնի ջութակահարներ Լեոնիդ Կոգանի եւ Դավիթ Օյստրախի հետ, ինչպես է ինքը խորհուրդներ տվել սոնատը նվագելու վերաբերյալ կամ ինչպես է Յաշա Հեյֆեցը նրանից խնդրել սոնատի նոտաները, հետո էլ ձայնագրությունն ուղարկել Խաչատրյանին:

Ռուբեն Կոսեմյանը խոսեց նաեւ այն մասին՝ արդյոք հայկական արմատներով ջութակահարի կողմից հայ կոմպոզիտորների գործերի մեկնաբանությունը տարբերվո՞ւմ է այլազգիների մեկնաբանություններից: «Իհարկե, տարբերվում է, մեր դեպքում լրիվ այլ է ընկալումը, զգացողությունը, ավելի տաք է, դուրեկան, գենետիկայի պահը կա: Իմիջիայլոց, ես այլազգի շատ դաշնակահարների հետ եմ նվագել հայկական նյութեր եւ հաճախ իրենց սովորեցրել եմ՝ ինչպես պետք է ճիշտ հնչի»,-հավելեց ջութակահարը:
Նա այն կարծիքին է, որ երաժիշտները պետք է շատ ճամփորդեն ու տարբեր լսարանների առաջ հանդես գան՝ «չճահճանալու» համար. «Ամեն ելույթից հետո ավելի փորձառու ես դառնում, իսկ եթե միշտ նույն վայրում ապրես ու անընդհատ նույն դահլիճներում նվագես, չես փոխվի»:

Խոսեցինք նաեւ արվեստում, այսպես կոչված, «հրեական» գործոնի մասին, որը առաջխաղացման նախապայմաններից մեկն է: «Օրինակ, երբ ԱՄՆ-ում պետք է համերգ կայանար, իմպրեսարիոյին հարցրի՝ եթե որեւէ արտիստ ազգանունը փոխի հրեական ազգանունով, դա իրեն կօգնի՞: Իմպրեսարիոն պատասխանեց, որ իմ դեպքում որպես հայ ներկայանալն ավելի հետաքրքիր կլինի: Բացի այդ, կարեւորը նշաձողը բարձր պահելն է ու լավ նվագելը: Իհարկե, կապերն օգնում են, բայց եթե կատարողական մակարդակ չկա, ինչքան էլ կապեր լինեն, մեկ տարուց ավելի «ձգել» չես կարող: Պրոցեսի մեջ ընկնելը, բնականաբար, հեշտ է, դժվարը որպես կատարող այդ ամենը շարունակելն է»,- ասաց Ռուբեն Կոսեմյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ռուզաննա Խալաթյանի

 

«Առավոտ»

07.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031