Հանրային Հեռուստատեսության հիմնական ուղղություններից է բազմակարծության սկզբունքներով բավարարել հանրային լսարանի բոլոր շերտերի պահանջները:
Ազգային Ժողովի պատգամավորը ժողովրդի քվեն ստացած քաղաքական գործիչ է, ում արտահայտած մտքերը ձևավորվում են հանրային ազդակներից: Համենայնդեպս, ինքս առաջնորդվում եմ նման մոտեցմամբ:
Հանրային Հեռուստատեսությունը, որի բյուջեն տարեկան կազմում է 6 միլիարդ դրամից ավել, պարտավոր է իր եթերաժամը կազմելիս չշեղվել քաղաքական տարակարծության և ժողովրդավարության պահանջներից, որը նաև օրենքի պահանջ է:
Ընդ որում, տեսական նման ծանր պայմաններում, ունենալով հսկայական բյուջե, Ազգային Ժողովում բյուջեի կատարողականը քննարկելիս Հանրայինը չի կարողանում պատշաճ կերպով ներկայացնել կատարված ծախսերը:
Տարիներ շարունակ իր եթերաժամը կառուցելիս հանրայինն ուղղորդված մոնտաժի է ենթարկում ընդդիմադիրների ազատ արտահայտվելու սահմանադրական իրավունքը:
Պաշտոնական վիճակագրությամբ հանդիսանում եմ խորհրդարանի ամենաշատ հայտարարություններ անող և հարցապնդումներով հանդես եկող պատգամավորներից:
Այլ հեռուստատեսություններ, որոնք որոշակի քաղաքական շահեր են հետապնդում, առանց խնդրի հեռարձակում են իմ հնչեցրած մտքերը` որքան էլ որ սուր քննադատություն պարունակեն իրենց մեջ` ի տարբերություն Հանրայինի:
Կարդացեք նաև
Այս անգամ ևս ամբողջությամբ մոնտաժվեցին և՜ երեկ, և՜ այսօր ԱԺ հայտարարությունների և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմ հնչեցրած հայտարարությունն ու կառավարությանն ուղղված հարցերը: Ընդ որում, հարցերս և՜ գրավոր, և՜ բանավոր էին և առնչվում էին հարյուրավոր ընտանիքների կենսական նշանակություն ունեցող բնակարանային և սոցիալական հիմնահարցերին:
Դրդապատճառներն ակնհայտ են. ինչպես երեկ, այնպես էլ ` այսօր, իմ խոսքը քննադատական էր և մատնանշում էր այն բացերը, թերությունները և դրանց լուծման ուղիները, որոնք առկա են այն ոլորտներում, որոնց մասին խոսել եմ:
Խնդիրը նոր չէ և ունի տարիների պատմություն:
Նախկինում արդեն անդրադարձել եմ նման կողմնակալ մոտեցմանն ու հեռուստալսարանին պարտադրված լրահոս մատուցելուն:
Բայց, ժողովուրդը պետք է ևս մեկ անգամ տեսնի պետական գումարներով աշխատող հեռուստատեսության իրական քաղաքական կողմնորոշումը:
Տարիներ շարունակ Հանրայինը պարբերաբար չի հեռարձակում իմ` որպես Ազգային Ժողովի պատգամավորի, հնչեցրած մտահոգություններն ու քաղաքական հայտարարությունները:
Անգամ ժողովուրդն է հեգնում, որ կուզենան ապրել Հանրայինի Հայաստանում:
Ի տարբերություն թվային մամուլի, որն ավելի անկաշկանդ է, ավելի ազատ ու անկախ իր լրագրողական առաքելությունն իրականացնելիս, Հանրայինն անում է հնարավորինը, որպեսզի լռեցնի քննադատությունը, լռեցնի ժողովրդին մտահոգող խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծման ելքերի մատնանշումը, որը, ինքնին, դառնում է խոսքի ազատության ակնհայտ սահմանափակում:
Նման գործելաոճի շնորհիվ է, որ Հանրայինի հանդեպ հասարակական վստահությունը շատ ցածր է, հենց նման գործելաոճն է հաճախ հիմք հանդիսանում, որպեսզի միջազգային հեղինակավոր հետազոտական ինստիտուտներ գնահատականներ հնչեցնելիս մեր երկրում առկա ժողովրդավարության ցածր ցուցանիշի մասին` մատնանշեն Հանրայինի ոչ թափանցիկ, ոչ հանրային և կողմնակալ աշխատելաոճը:
Նման գործելաոճը դեմ է ժողովդավարական արժեքներին և վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը:
Հույս ունեմ և հորդորում եմ, որ Հանրայինի որոշ պատասխանատուներ վերանայեն մոտեցումները, և ապահովեն ժողովրդի կողմից պահանջված տեղեկատվությունն ու երկրում ընթացող իրական քաղաքական գործընթացները:
Բարձրաձայնելով ու մատնանշելով բացերը, վստահ եմ, որ դրանք հնարավոր է կարգավորել:
Խնդիրները կոծկելով դրանք չեն լուծվում:
Վահե Էնֆիաջյան