Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության «պատասխանատու» կեղեքում․ Ամուլսարում հանք բացելու խնդիրները, որոնք Լիդիանը քողարկում է

Դեկտեմբեր 08,2016 10:47

«Բիզնեսի և մարդու իրավունքների ռեսուրս կենտրոնը» դիմել էր Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու մտադրություն ունեցող «Lydian International» (Լիդիան) ընկերությանը, որպեսզի վերջինս արձագանքի Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության և 27 հասարակական կազմակերպությունների նախաձեռնած ստորագրահավաքի պահանջներին: Լիդիանը հրապարակել է իր պատասխանը (հայերեն, անգլերեն), որի առաջին իսկ տողերում նշված է, որ մեր սկսած ստորագրահավաքի հիմքում ընկած է ապակողմնորոշիչ տեղեկատվություն։ Այս պնդումն օֆշորային ընկերությունը փորձում է հիմնավորել, բայց այդ փորձերից պարզ է դառնում, որ դրանք նորից ուղղված են հայաստանյան և միջազգային հանրությանը մոլորեցնելուն, շեշտը դրվում է Հայաստանի բնապահպանների և էկոլոգների փաստարկներն ու գործունեությունը արժեզրկելու և վատաբանելու վրա։

Դա բնավ էլ զարմանալի չէ մեզ համար, քանի որ երեք ամիս առաջ էլ Լիդիանը դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ պնդելով, որ ՀԲՃ-ի որոշ անդամներ համացանցում (մասնավորապես Ֆեյսբուք սոցիալական հարթակում) սպառնալիքներ են հնչեցրել ընկերության, նրա աշխատակիցների և ընտանիքների անդամների հասցեին։ Ոստիկանությունն արդեն հետաքննել է այդ դիմումն ու ոչ մի իրավախախտում չի հայտնաբերել։ Սպառնալիքների մասին թեման վերջնականապես փակելու համար կարևոր ենք համարում ավելացնել, որ ՀԲՃ-ն պարտավոր չէ պատասխան տալ այլ օգտատերերի կողմից համացանցում կատարած գրառումների բովանդակության համար, և իր ստեղծման պահից առ այսօր գործել է բացառապես միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Մենք նաև ոչ անտարբեր կազմակերպությունների, ոլորտի մասնագետների ու անհատների հետ միասին շարունակելու ենք հանդես գալ Ամուլսարի ոսկու և այլ նոր մետաղական հանքավայրերի շահագործման ծրագրերի Հայաստանում իրականացման անթույլատրելիության մասին տարբեր նախաձեռնություններով։

Իսկ այժմ շատ հակիրճ անդրադառնանք Լիդիանի վերոնշյալ պատասխանին:

Ապացուցելու կարիք չունի այն փաստը, որ լեռնահանքային արդյունաբերության տարբեր ճյուղերը և հատկապես մետաղական հանածոների արդյունահանումն ու վերամշակումն անդառնալի վնաս են հասցնում բնությանն ու մարդկանց առողջությանը, ինչով էականորեն տարբերվում են մարդու տնտեսական գործունեության այլ տեսակներից: Սակայն այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունները երկար ժամանակ պնդում էին, որ, այսպես կոչված, «կայուն հանքարդյունաբերության» դեպքում կարելի է բնական միջավայրին գրեթե վնաս չհասցնել։

Այժմ, երբ այս պնդումը շատ բարդ է հիմնավորել, նրանք սկսել են օգտագործել «պատասխանատու հանքարդյունաբերություն» եզրույթը, որի հիմնական գաղափարն է տնտեսական զարգացման, վճարվող հարկերի, աշխատեղերի ստեղծման, կորպորատիվ շահույթի և սոցիալական ծրագրերի քողի տակ թաքցնել իրական վտանգներն ու չեզոքացնել հանրային քննադատությունը։ Եվ այս ամենը շատ ավելի վտանգավոր է դառնում Հայաստանի նման աշխարհագրական փոքր տարածք, սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակչություն, ավտորիտար ու կոռումպացված կառավարում ունեցող երկրների պարագայում։

Լիդիանը Հայաստանում իրեն հռչակելով հենց այդ՝ այսպես կոչված «պատասխանատու հանքարդյունաբերության» առաջամարտիկ, տարբեր նորաբանությունների ու բարեհունչ միջազգային տերմինների, հարյուրավոր էջեր կազմող հաշվետվությունների, ազդակիր համայնքներն անուղղակիորեն կաշառող ինչ-ինչ ծրագրերի միջոցով ընդամենը շեղում է մարդկանց ուշադրությունը գլխավորից։

Իսկ գլխավորը հետևյալն է՝ ցանկացած լեռնահանքային գործունեության ընթացքում առաջանում են տարաբնույթ ռիսկեր։ Դրանց մի մասն իսկապես հնարավոր է որոշ չափով կառավարել ու մեղմել։ Բայց կան ռիսկեր, որոնք ուղղակի անկառավարելի են ու ոչ մի կապ չունեն այն ամենի հետ, ինչ գրված է բնապահպանական և սոցիալական գնահատումների հաշվետվությունների մեջ։ Դրանք ոչ մի կապ չունեն նաև նրա հետ, թե ո՛ր միջազգային բանկերի ու կազմակերպությունների չափորոշիչներով են արված այդ հաշվետվությունները (EBRD-ի և IFC-ի չափորոշիչների հարցին կանդրադառնանք առանձին, քանի որ դրանք իրականում ոչ թե շահագործման չափորոշիչներ են, այլ խիստ ձևական ու ընդհանրական բնույթի ներքին ներդրումային կանոնակարգեր)։

Մենք, ինչպես նաև բազմաթիվ այլ անկախ մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ, բնապահպաններ և տեղաբնակներ, համոզված ենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրը պարունակում է մի շարք անկառավարելի ռիսկեր, որոնք ուղղակիորեն են սպառնում Հայաստանի էկոլոգիական և պետական անվտանգությանը (այդ փորձագիտական կարծիքների, վերլուծությունների և հոդվածների մեծ մասին կարող եք ծանոթանալ այստեղ):

Հիմա անդրադառնանք այդ անկառավարելի ռիսկերից միայն ամենակարևորներին

1․ Վտանգվելու են Սևանա լիճն ու Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելը, քանի որ բաց հանքի տարածքում ձնհալից, անձրևներից և արհեստական ջրելուց առաջացող հոսքերը ներծծվելու են դեպի խորը հորիզոններ։ Ամուլսարը կազմված է հրաբխային խիստ ճաքճքված ապարներից և այդ ջրերը հավաքելու ոչ մի հնարավորություն և տեխնոլոգիա գոյություն չունի, քանի որ դրանք ճեղքերով անմիջապես ներծծվելու են և հոսելու ներքև։ Հանքավայրը սուլֆիդային է, և անցնելով սուլֆիդացված ապարների միջով կառաջանան խիստ վտանգավոր թթվային ռեակտիվ ջրեր, որոնք ոչ միայն կքայքայեն հանքի հարևանությամբ անցնող Որոտան-Արփա ջրատար թունելի երկաթբետոնյա կառուցվածքները, այլ նաև կխառնվեն դեպի Սևանա լիճ տեղափոխվող ջրերին՝ փոխելով նրանց քիմիական կազմը։ Այս վտանգը հաստատվում է նաև այն փաստով, որ հանքի մոտակայքում՝ Ամուլսարի լանջին, կա բնական լճակ, որի ջուրը նոսրացված թթու է։ Այս անկառավարելի վտանգները մանրամասն ներկայացրել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը (տես այստեղ):

2․ Ծանր և վտանգավոր մետաղներով հագեցած հանքային փոշին քամիների միջոցով տարածվելու է հարակից տարածքներում՝ աղտոտելով մթնոլորտային օդը, հողերը, մակերևութային ջրերը, մարգագետինները, բարձրարժեք արոտավայրերը (որոնց համար, ի դեպ, ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկից վարկ է վերցրել, ու փաստորեն ՀՀ բնակչություն պետք է վերադարձնի արդեն վերացած արոտավայրերի վարկը), գյուղատնտեսական մշակաբույսերն ու մարդկանց կողմից օգտագործվող վայրի բույսերը։ Որքան էլ Լիդիանը պնդի, որ փոշու 95 տոկոսը կնստի բացահանքից մինչև 1000 մետր հեռավորության վրա՝ միջազգային և տեղական փորձը բոլորովին այլ բան են ապացուցում։ Օրինակ, Սոթքի բաց հանքավայրից 30 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող Մասրիկ գետի գետաբերանում, գետի հատակային սուբստրատը ներկայումս արդեն աղտոտված է հանքավայրից արտանետված փոշով (տես անկախ փորձագետ Սեյրան Մինասյանի մասնագիտական կարծիքը): Այնպես որ վտանգվելու են Արփա, Որոտան, Դարբ գետերի և Սպանդարյանի ու Կեչուտի ջրամբարների ջրերը, որոնցից սնվում են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։

3․ Հաջորդ խնդիրը կապված է բուժիչ հանքային ջրերով հայտնի Ջերմուկ քաղաքի հետ, որը մեծ համբավ ունի հենց որպես առողջարանային և ընտանեկան հանգստի կենտրոն։ Լիդիանը բացառում է հանքային բուժիչ ջրերի վրա որևէ բացասական ազդեցությունը՝ պնդելով, որ իզոտոպային հետազոտությունը հաստատել է, որ այդ ջրերը ոչ մի ֆիզիկական կապ չունեն Ամուլսարի ջրային համակարգի հետ։ Սակայն գիտական գրականության տվյալները լրիվ հակառակն են ապացուցում․ այս տարածքում երկրաբանական ոչ վաղ անցյալում եղել է Արփա-Որոտան հնէահովիտը։ Որոտան գետը սերտ կապ է ունեցել Արփայի ավազանի հետ՝ այսինքն եղել է մեկ ընդհանուր գետ։ Որոտան գետի վերին ավազանն ու Արփա գետը միմյանցից անջատվել են հենց Ամուլսարի լայնակի բարձրացման հետ կապված։ Իսկ սա նշանակում է, որ խորքային հանքային և ստորերկրյա ջրերի կապը կա և պահպանված է։ Հանքի պայթեցումների հետևանքով հնարավոր վտանգները չի բացառել նաև հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանը (տես այստեղ և այստեղ)։ Իր պատասխանում Լիդիանը նաև նշում է, որ Ջերմուկը գտնվում է հանքից 14 կմ հեռավորության վրա՝ մոռանալով, որ իր տարբեր փաստաթղթերում բազմաթիվ անգամ նշված են 7-8 կմ թվերը։ Իսկ ԱՄՆ-ում շահագործվող Քրիպլ Քրիք և Վիկտոր հանքի հետ բերած համեմատությունն ու քաղաքից ընդամենը 1 կմ հեռավորության վրա գտնվելու շեշտադրումը հենց հանրությանը ապակողմնորոշելու նպատակ է հետապնդում։ Լիդիանը երևի մոռացել է կամ չգիտի, որ այդ ոսկու հանքի շահագործումը սկսվել է դեռ 1890 թվականին, իսկ քաղաքը հիմնադրվել է հենց հանքը սպասարկելու համար (տես այստեղ)։ Լիդիանը նաև մոռացել է կամ չգիտի, որ Ջերմուկը կառուցվել և իր սոցիալական հյուսվածքը ձևավորել է որպես յուրօրինակ հանքային ջրերի հիման վրա բարգավաճող առողջարանային կենտրոն՝ սկզբում հանրապետական, իսկ այնուհետև համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակով, այլ ոչ թե որպես հանքարդյունաբերողներին սպասարկող բանավան։ Այլ բան է, որ ապաշնորհ կառավարիչները բնության հետ ներդաշնակ ու հարատև ապրելու և զարգանալու արդեն իսկ կայացած հնարավորությունները խրախուսելու փոխարեն՝ ամեն կերպ աջակցում են կասկածելի ծագման օֆշորային տարաբնույթ հանքարդյունահանողների։ Եթե իրականանա Ամուլսարի ծրագիրը, ապա մենք ուղղակի կարող ենք խաչ քաշել Ջերմուկի վրա՝ որպես առողջարանային և ընտանեկան հանգստի կենտրոնի։ Այս կարծիքը կիսում են բազմաթիվ ջերմուկցիներ ու անկախ փորձագետներ։

4․ Եվ վերջապես՝ նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման եղանակի կիրառման մասին, որն ուղղակիորեն կապված է լուրջ առաջնային և երկրորդային ռիսկերի հետ, իսկ վերջիններս շատ դեպքերում անկառավարելի են և անվերահսկելի: Առաջնային ռիսկերի թվին են դասվում՝ հրդեհները ցիանիդի պահեստներում, տեխնիկական կառույցների վթարները, թունավոր լուծույթների արտահոսքերը, բնական աղետները, ահաբեկչական և ռազմական գործողություններն ու այլ նմանատիպ դժբախտ պատահարները, որոնց հետևանքները կարող են շատ ծանր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ բնական միջավայրի համար (տես այստեղ): Ինչ վերաբերում է երկրորդային ռիսկերին, ապա դրանք իրենց բնույթով շատ ավելի բարդ են, որոնց բացասական ազդեցությունը շարունակվում է հավերժ: Գործունեության ընթացքում ոսկի և արծաթ պարունակող հանքաքարը մանրացվում է, ինչի հետևանքով ազատվում են դրա կազմի մեջ մտնող բոլոր տարրերը կամ մետաղական և ոչ մետաղական միացությունները: Այդ զանգվածը մշակվում է ջրի և ցիանիդի խառնուրդով, և քիմիական ռեակցիայի արդյունքում ոսկին անջատվում է: Սակայն ցիանիդը ռեակցիայի մեջ է մտնում ոչ միայն ոսկու, այլ նաև հանքաքարի մեջ պարունակվող ու ազատված բազմաթիվ այլ տարրերի և ծանր մետաղների հետ, ինչի արդյունքում առաջանում են նիտրատներ ու այլ քիմիական միացություններ: Ամուլսարի դեպքում հանքաքարի մեջ ոսկուց ավելի շատ պարունակվում են բազմաթիվ ծանր մետաղներ՝ կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, բիսմութ, քրոմ, կապար, ինչպես նաև վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, թելուր, բերիլիում, կադմիում, որոնք մնալով կորզաթափոնների մեջ՝ հետագայում կաղտոտեն, կվտանգեն ինչպես բնական միջավայրն ու մարդկանց առողջությունը, այնպես էլ էկոհամակարգերը:

Այս եղանակը կիրառվում է ոչ թե նրա համար, որ իբր թե անվտանգ և նորագույն է, այլ այն պատճառով, որ միայն ցիանադային տարրալվացման եղանակով է հնարավոր կորզել ոսկի՝ Ամուլսարի նման խիստ ցրված մանրահատիկներով և շատ փոքր (մոտ 0,7 գրամ/տոննա) ոսկու պարունակություն ունեցող հանքերից։ Հենց ցիանիդի միջոցով, քանի որ միայն նրա օգնությամբ է հնարավոր ավելի շատ փող աշխատել: Իսկ Կոստա Ռիկայի Միրամար (Miramar) բնակավայրի հարևանությամբ շահագործվող Բելլավիստա (Bellavista) հանքավայրում մոտ 10 տարի առաջ կատարվածն ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ տեխնիկական խնդիրներ ու արտահոսքեր կարող են լինել Արփա գետի ափին և Գնդեվազից ընդամենը 1000 մետր հեռավորության վրա նախատեսվող ցիանիդային հարթակում։ Մանավանդ, որ մեր դեպքում գործ ունենք շատ ավելի մեծ ծավալների հետ, իսկ գործունեությունն իրականացվելու է սեյսմավտանգ, տեկտոնապես շատ ակտիվ ու սողանքային գոտիում։ Հողի տարեկան մի քանի միլիմետր տեղաշարժը բավարար կլինի, որ ամբողջ պաշտպանական շերտերն ու կառուցվածքները զրկվեն իրենց կայունությունից և դառնան էկոլոգիական աղետի աղբյուր ողջ Վայոց Ձորի։

Այս ամենը պարզապես տարածքների կորուստ չի նշանակում, որտեղից կարելի է, օրինակ, տարհանել բնակչությանը, ինչպես արվեց Չեռնոբիլի աղետից հետո։ Սա նաև նշանակում է գյուղատնտեսական, տուրիզմի, թեթև արդյունաբերության առկա և պոտենցիալ հնարավորությունների ոչնչացում։

Մեր կայքում մենք բազմիցս անդրադարձել ենք Ամուլսարի հանքի շահագործման դեպքում բնապահպանական և սոցիալական այլ ռիսկերին ևս, որոնք Հայաստանին չեն խոստանում և որևէ զարգացում, այլ՝ միայն հետընթաց: Այս փաստերը վկայում են, որ ծրագիրն ակնհայտորեն չի համապատասխանում վարկատու միջազգային կազմակերպությունների (ՀԲ միջազգային ֆինանսական կորպորացիա, ՎԶԵԲ) վարկավորման չափանիշներին և առանձին քննարկման հարց է, թե ինչու այդ մասին նրանց հղված բողոքները պատշաճորեն չեն քննվում։ Այդուհանդերձ վարկատու բանկերի անունների և նրանց «պսևդո չափանիշների» շահարկումը չեն կարող քողարկել այնպիսի ծրագրերի վտանգները, որոնց բացասական ազդեցությանը մենք արդեն իսկ ականատես ենք լինում աշխարհի տարբեր անկյուններում, ներառյալ՝ վերոհիշյալ բանկերի ֆինանսավորած ծրագրերում (ահա մի օրինակ):

Այնպես որ նորաոճ տերմինները, անվանումներն ու միջազգային ֆինանսական հաստատությունների խիստ ընդհանրական չափորոշիչներին արվող հղումները չեն կարող երաշխավորել Ամուլսարի ծրագրի վերոնշյալ անկառավարելի ռիսկերը, որոնց մասին մշտապես խուսափում է խոսել Լիդիանը՝ փոխարենն ուռճացնելով ոչ մեծ կարևորություն ունեցող հարցեր։

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031