Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու Հայաստանում ներդրում չկա եւ չի լինի

Դեկտեմբեր 08,2016 13:00

Կամ՝ վարչապետի (դեռ) չարած 10 քայլը

ա/ Հայաստանում սեփականությունը պաշտպանված չէ. գործարաններ ու բնակարաններ խլելը, մարդկանց իրենց տնից դուրս շպրտելը եւ այդ ամենը դատարանով դակելը բնականորեն բերել է այս պետության մեջ անապահով վիճակի։ Էլ ո՞նց մարդը բերի իր փողը Հայաստան։ Այդպիսի ռիսկի կարող է գնալ միայն «սեւ» կապիտալը։

բ/ Ներդրումը ինքնանպատակ չի լինում. ներդնում են շահույթ ակնկալելով, ու շուկան որքան շահութաբեր է եւ ապահով, այդքան ավելի գրավիչ է։ Դե եկեք համեմատենք մեզ ու Վրաստանը. ո՞ր պետությունն է ավելի գրավիչ։ Շահութաբերության տեսանկյունից, իհարկե, Վրաստանը՝ տրանսպորտը, մաքսային ձեւակերպումները, բրոքերային ծառայություններն ավելի էժան են, գայիշնիկներին չվճարելը ինչպես քչացնում է ծախսը, այնպես էլ արժանապատվության կորուստ չի առաջացնում։ Շուկայի մեծության, կոմունիկացիաների հասանելիության առումով՝ նույնպես Վրաստանը։ Վերջապես Վրաստանում բենզինն ավելի էժան է։ Որպեսզի ներդրումը հոսի Հայաստան, եւ ոչ Վրաստան, Հայաստանը պիտի դառնա ոչ թե Վրաստանի չափ գրավիչ, այլ բոլոր չափանիշներով լինի էապես առավել, քանի որ ծովափը Երեւան չես բերի։ Այսօր էկոնոմիկայի նախարարին նամակ էի ուղարկում՝ տեսա, որ նախարարության անունը փոխվել է՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն է վերանվանվել։ Վերջին երկու շաբաթը շփվում էի այդ նախարարության աշխատակիցների հետ, կարող եմ ասել, որ, այո, նախարարությունը վերանվանվել է։ Միայն վերանվանվել։

Հիմա կառուցողական մասը՝

1. Հայաստանի դատարանները պետք է իրենք իրենց վճիռները վերանայեն եւ սեփականությունից ապօրինի զրկված մարդը մինչեւ Եվրադատարան դիմելը պետք է ետ ստանա իր սեփականությունը եւ արդարադատության «ճանապարհի» վրա ծախսած գումարները։ Առաջինը՝ այս գործընթացը Եվրադատարանի միջոցով մեր պետության վրա ավելի թանկ է նստելու, երկրորդը՝ ներդրումային մթնոլորտը կփոխվի դեպի լավը։ Չասեք սահմանադրությունը թույլ չի տալիս, դա ձեր ջեբի սահմանադրությունն է։

2. ՀՀ-ում չի կարող խոսք գնալ մակրոտնտեսական կայունության մասին, քանի դեռ ցանկացած ինստիտուցիոնալ ներդրող, վերլուծելով մակրոտնտեսական իրավիճակը, կբացահայտի «հոլանդական հիվանդության» խորացող ախտանիշներ, ինչպես նաեւ որակապես ցածր, հումքային հանքարդյունաբերության վրա հիմնված եւ ներմուծող տնտեսական կառուցվածք ունեցող տնտեսություն: Ներդրողը կբացահայտի, որ օր օրի մեծացող արտաքին պետական պարտքը վատնվել է լավագույն դեպքում դոլարի փոխարժեքը ցածր պահելու վրա, ստեղծելով խոչընդոտ արտահանողի համար եւ անուղղակիորեն խրախուսելով ներմուծումը: Նա կենթադրի նաեւ, որ մի օր էլ գումար չի մնա դոլարի փոխարժեքը ցածր պահելու համար եւ կունենանք անկայուն վիճակ: Միգուցե եւ արժե կանխատեսելիորեն եւ հրապարակայնորեն արժեզրկել դրամը, ինչպես օրինակ՝ Ղազախստանում:

3. Հայաստանում արտադրվող այն ապրանքների ներմուծվող հումքը, որոնք մաքսազերծելիս ունեն արտոնություն, նույնպես պիտի ունենան արտոնություն։ Միլիոնավոր դոլարների ապրանքներ, որոնք կարելի է արտադրել ՀՀ-ում, այս պատճառով պատվիրվում են արտերկրում։ Հիմնականում հարեւան Թուրքիայում։

4. Ոչ բնակելի գույքի գույքահարկը պետք է աճի անգամներ, որ ձեռնտու չլինի ունենալ չաշխատող գույք. տերերը կամ վաճառեն, կամ վարձակալության գներն իջեցնեն։ Գույքը պետք է աշխատի։ Այն հողակտորները, որոնք չեն մշակվում, պիտի դրանց տերերը տուգանվեն։ Նույնը կիսակառույցներին կամ գնված չկառուցապատված տարածքներին է վերաբերում։ Անմշակ հողի հարկը պիտի մշակվողից էապես բարձր լինի։

5. Եվրասիական միության հետ սկսել բանակցություններ այն ապրանքների մաքսատուրքը հանելու վերաբերյալ, որոնք հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, եւ որոնց ինքնարժեքում մեծ տոկոս է կազմում ճանապարհածախսը, քանի որ Հայաստան եկած ապրանքն արդեն անմրցունակ է, եւ ոչնչով չի կարող սպառնալ այդ միության ներքին արտադրողներին։ ՀՀ-ն միության բոլոր պետություններից տարբերվում է՝ ա/ Հայաստանը միակ պետությունն է, որը չունի միության հետ ուղիղ կապ։ բ/ Հայաստանը միության միակ պետությունն է, որ շրջափակված է։ Մաքսատուրքը շուկան պաշտպանելու գործիք է, եւ Հայաստան եկած ապրանքը առանց տուրք ավելի թանկ է, քան միության ցանկացած այլ երկրում տուրքով, ուրեմն չի սպառնում, հետեւաբար պետք է դուրս գա՝ դառնա 0, իսկ որոշ դեպքերում մրցակցությունը պահպանելու նպատակով, դառնա 0-ից ցածր, կոմպենսացվի, կամ որ նույնն է, միության այլ երկրներում բարձրանա ավելի շատ, Հայաստանում 0-ական մնալով։

6. Հայաստանը աշխարհում միակ պետությունն է, որտեղ ավտոմոբիլային տրանսպորտը ավելի էժան է, քան երկաթուղայինը։ Հարավկովկասյան երկաթուղուն, լիցենզիայի խզման օրինական սպառնալիքով, պետք է ստիպել իջեցնել գները (իսկ այդ ընկերությունը, համոզված եմ, իր պարտավորությունները չի կատարում, հակառակ դեպքում կունենայինք գոնե վրացականի կամ բելառուսականի նման երկաթուղի)։ Ֆինլանդիայից մինչեւ Հայաստանի սահման ու սահմանից մինչեւ Երեւան բեռնափոխադրման գինը նույնն է։ Իսկ ավելի լավ է գործարքը դադարեցնել եւ կառավարման համար նոր մրցույթ հայտարարել։ Դուխի հարց է։

7. Միջպետական ճանապարհին, երբ այն բնակավայրի կողքով է անցնում, վերացնել «Բնակավայր» նշանները, որ միջպետական ճանապարհի հոսքի արագությունը բարձրացվի։ Առհասարակ մեր ճանապարհային նշանները 60-ականներից այս կողմ չեն փոխվել, եւ նախատեսված են ՊԱԶ-երի, ԶԱԶ-երի, «Մոսկվիչների» եւ տրակտորների համար, իրենց սովետական արգելակման համակարգերով։ Հայաստանի «արագությունը» պետք է մեծացնել՝ անվտանգության մակարդակը բարձր պահելով։

8. Ճանապարհային ոստիկանությունը պետք է վերանա եւ ունենա միայն պարեկային գործառույթ։ Ագարակից մինչեւ Բագրատաշեն վարորդին կանգնեցնում են միջինում 5-6 անգամ։ Դա բեռնափոխադրումը թանկացնում է 30 000-50 000 դրամով, բայց Հայաստանի իմիջի վրա թողնում է բեսպրեդելի, անօրինականության, ողորմելիության հետք։ Հայաստանին վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում էին Վրաստանին 90-ականներին, երբ ամեն գյուղում պարան էր քաշած ճանապարհի լայնքով եւ վարորդը պիտի մուծվեր։ Արդեն հարյուրավոր բեռնափոխադրողներ հոգնած Հայաստանի գայիշնիկներից, փոխել են տրանզիտ երկիրը՝ Թուրքիայով են երթեւեկում։ Թե ինչ ճանապարհային ինֆրաստրուկտուրալ անկման է դա բերել, որքան ռեստորաններ, փոքրիկ հյուրանոցներ, լցակայաններ, ավտոարհեստավորներ են սնանկացել ու փակվել՝ կարող ենք դիտել Մեղրի-Բագրատաշեն ճանապարհով անցնելիս։

9. Անօրինական բրոքերական ընկերությունները պետք է վերացնել, այդ գործառույթը տալ մաքսավորին, ու իր աշխատավարձը բարձրացնել 8 անգամ, համապատասխան կրթական ծրագիր անցնելուց հետո։ Կամ՝ բրոքերական գործունեության դաշտը իսկապես ազատականացվում է. ա/ այսօրվա ընկերությունների մի մասի տերերը մաքսավորների զոքանչներ կամ քավոր-սանիկներ են, բ/ գրեթե բոլորն էլ կաշառքի լեգալիզացման ֆունկցիա են կատարում, գ/ եթե գործարարը համարձակվում է ինքնուրույն կատարել մաքսային ձեւակերպումները, որպես կանոն, նրա բեռում «հայտնաբերում» են արգելված ապրանք։

10. Մենք բացի այն, որ համատարած պիտի անգլերեն սովորենք, ինչպես Վրաստանում է, այլ նաեւ ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, չինարեն։ Դպրոցը պիտի դաստիարակի ապագա քաղաքացի, ապագա եթե ոչ գործարար, ապա գոնե ֆինանսապես գրագետ մարդ։ Ամենակարեւոր ներդրումային խայծը մասնագիտացած կիրթ մարդկային ռեսուրսն է
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Անտարես» հոլդինգի նախագահ

«Առավոտ»

07.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031