Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորիչի երեկը, այսօրը եւ … (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 08,2016 14:00

Ազգային օպերային թատրոնում օրերս կայացավ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հեղինակային «Երեկ, այսօր եւ …» խորագրով երեկոն

Մեր նպատակը չէ ներկայացնել ճանաչված արվեստագետի շուրջ 40 տարի առաջ եւ վերջին տարիներին գրված հիթերը, որոնց մի մասը հնչեց երեկոյի ընթացքում: Կարիք չկա անդրադառնալ նաեւ 1994թ. Արթուր Գրիգորիչի հիմնադրած «Հայաստանի երգի պետական թատրոնի» հեղինակային համերգին մասնակից տարբեր սերունդներ ներկայացնող՝ սկսած «հին գվարդիայի» մեկ-երկու ներկայացուցիչներից մինչ օրս թատրոնի երգիչների գրիգորյանական երգի կատարումներին, որոնք իսկապես բարձրարվեստ էին: Մեծ դերակատարում ունեին մասնակից երկու կոլեկտիվները՝ Հայաստանի պետական երիտասարդական (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) եւ Հայաստանի պետական ջազ (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց) նվագախմբերը, դիրիժորական վահանակի մոտ էր Հյուսնունցը: Խոստովանենք նաեւ, որ նման բեք վոկալ վերջին տարիներին չէինք հանդիպել: Ողջ երեկո միմյանց եւ հանդիսատեսի հետ երկխոսում էին սցենարի հեղինակներ Անիտա Հախվերդյանն ու Ավետ Բարսեղյանը, որոնց խոսքը ստեղծում էր կոմպոզիտորի երգերին համահունչ հոգեվիճակներ: Ողջունելի է, որ վերջին շրջանում նույնիսկ դասական համերգները «բեմադրում» են ռեժիսորները: Կոմպոզիտորի երեկոյի ռեժիսորն էր Արթուր Սահակյանը:
Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյի նման հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ կոմպոզիտորը յուրաքանչյուր երգ անհատապես պարապել էր յուրաքանչյուր երգչի հետ:

samvel_3

Կադրեր Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյից:

Երեկոյի խորագրում առկա «երեկը» հայտնի է բոլորիս. կոմպոզիտորի երգերը, ի թիվս այլոց, մեկնաբանել են Զառա Տոնիկյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Էլվինա Մակարյանը, Գեորգի Մինասյանը, որոնց կատարումներով Գրիգորիչի երգերը ժամանակին հայտնվել են արտերկրում: Օրինակ՝ 1980-ականների կեսերին Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ կայացած սովետա-շվեդական նախագծում ողջ ԽՍՀՄ-ից հրավիրված էին Զառա Տոնիկյանը, որը մինչ օրս չգերազանցված հնչեցրեց Արթուր Գրիգորյանի «Դարձյալ քեզ» երգը, Ալլա Պուգաչովան, Ադրբեջանից ջազ կվինտետ եւ հանրահայտ «Եվրոպա» խումբը:

samvel-4

Ըստ մեր տեղեկությունների՝ ժամանակին Գրիգորիչը հյուրընկալվել էր Պուգաչովայի տանը՝ վերջինիս առաջարկել կատարել իր երգերից մեկը: Մինչ օրս եւ Պուգաչովան է լռում, եւ կոմպոզիտորն այդ մասին չի բարձրաձայնում: Անկասկած, կուզեինք իմանալ այդ պատմության մանրամասները: Բայց քանի որ Գրիգորիչը «լրագրողասեր» չէ, մենք էլ ենք լռում, հուսալով, որ նման շատ պատմությունների օրինակով, մի օր էլ դրա մասին կխոսեն:
Անդրադառնալով երեւանյան հեղինակային երեկոյին, համաձայնելով հանդիսատեսի բուռն ծափողջույններին, այնուամենայնիվ, առանձնացնենք համարներից մեկ-երկուսը. երգչուհի Մարթան, որը մասնակցում է Հ1-ով անցկացվող «Դեպի Եվրատեսիլ» նախագծին եւ ում մասին արդեն հիացմունքով են խոսում նաեւ ոչ մասնագետները, հիանալի կատարեց կոմպոզիտորի բալլադներից մեկը, որի առաջին մեկնաբանը 39 տարի առաջ Տաթեւիկ Հովհաննիսյանն է եղել: Մինչ օրս մեր ականջներում է Գրիգորիչի «Մեղեդին» Էլվինա Մակարյանի մատուցմամբ, բայց արի ու տես, որ երիտասարդ երգչուհի Էմմա Ասատրյանը, բացի այն, որ երգը կատարեց հայերեն եւ անգլերեն, համոզված ենք՝ կոմպոզիտորի համաձայնությամբ, ներմուծել էր բացարձակ նոր ելեւէջներ, որից երգը միանշանակ շահում էր: Կամ՝ թատրոնի այսօրվա երգիչներից կազմված կվինտետի մի քանի կատարումներն իսկապես տպավորիչ էին:

samvel_2

Ինչ վերաբերում է երեկոյի մյուս մասնակիցներին՝ Ինգա եւ Անուշ Արշակյաններին, Արամոյին, Արթուր Իսպիրյանին, Արսեն Սաֆարյանին, Էրիկին եւ մյուսներին, նրանց բարձրակարգ կատարումները վաղուց խոսում են ցանկացած միջոցառման լրջորեն պատրաստվելու մասին:

Հեղինակային երեկոն ավարտվեց հայտնի «Հայաստան» երգի կատարումով, որը կոմպոզիտորն ի սկզբանե նվիրել էր Ղարաբաղին, ինչի մասին հայտնեց երեկոյին, բայց կրկներգում երգվում էր ե՛ւ «Հայաստան իմ չքնաղ», եւ «Ղարաբաղ իմ չքնաղ»՝ կարծես այն նվիրելով հայկական երկու պետություններին:

Հանդիսատեսին հրաժեշտից առաջ Ավետ Բարսեղյանը հայտնեց, թե Գրիգորիչի հեղինակային երեկոյի աջակիցը «պալատական» ինտրիգներից հեռու Ռիտա Սարգսյանն է՝ ՀՀ նախագահի տիկինը:

samvel_1

Իսկ հանդիսատեսը դահլիճից հեռանալիս տպավորությունների ու ցանկությունների մասին մտքեր էր փոխանակում, ասենք՝ տեսնես քանի՞ երիտասարդ կոմպոզիտոր էր ներկա երեկոյին. սա նրանց համար մեղեդի հորինելու իսկական վարպետության դաս էր: Մի մասն էլ «դատապարտում» էր Գրիգորիչին: Բանն այն է, որ Երգի պետական թատրոնի «թողարկած» երգիչների մեծ մասը այլեւս չաշխատելով կոմպոզիտորի ղեկավարությամբ, իրենց թույլ են տալիս կատարել ամեն ինչ, այդ թվում՝ ռաբիս: Թերեւս, Արթուր Գրիգորյանը կարող էր զսպել նրանց «ոչ ավանդական» ժանրային հակումները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031