Տավուշի մարզի 14 համայնքներում առկա են սողանքի օջախներ: Մարզում առավել ակտիվ սողանքային գոտիները գտնվում են Դիլիջան քաղաքում, Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ, Վազաշեն, Դիլիջանի տարածաշրջանի Հաղարծին, Նոյեմբերյանի տարածաշրջանի Այրում եւ Լճկաձոր համայնքներում: Դիլիջան քաղաքի սողանքային գոտում դեռեւս խորհրդային շրջանում կառուցված հակասողանքային թունելները մաքրելու, գործարկելու շնորհիվ սողանքի խնդիրը լուծվել է:
Գետահովիտ գյուղում սողանքն ակտիվացնել է անցյալ դարի 90-ական թվականներին: Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը հայտնեց, որ գյուղի սողանքային գոտում է գտնվում 91 առանձնատուն, որից 8-ը սողանքից քանդվել, բնակության պիտանի չէր: Դրանց տերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել, բնակիչները գյուղում նոր տներ են կառուցել կամ գնել: Անցյալ տարի ճապոնական «Ջայկա» կազմակերպության երկրաբանները Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ Գետահովտում սողանքի ուսումնասիրության ծրագիր են իրականացրել: Նրանք սողանքի գոտում հորատանցքներ են բացել, հողի տարբեր շերտերից նմուշներ վերցրել, որպեսզի պարզվեն սողանքի պատճառ դարձած կավե շերտերի գտնվելու խորությունը: Հողի նմուշներն ուղարկվել են երկրաբանական հետազոտության:
Գյուղապետ Ա. Ղազարյանն ասաց, որ այս տարի «Ջայկա» կազմակերպության երկրաբանները եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները սողանքային գոտու 4 տարբեր հատվածներում հորիզոնական ուղղությամբ ընդհանուր 200 մետր երկարությամբ ջրահեռացնող խողովակներ են տեղադրել, աշխատանքներն ավարտվել են մեկ ամիս առաջ:
Կարդացեք նաև
2015թ. «Ջայկա» կազմակերպության երկրաբանները Գետահովտում 27 մետր խորությամբ սարքավորում են տեղադրել,որը կապված է արտակարգի իրավիճակների նախարարությունում գտնվող համակարգչի հետ: Սողանքի ակտիվացման դեպքում այդ սարքավորումը ահազանգող ազդանշան կուղարկի համակարգչին:
Գետահովիտ համայնքի սողանքի հարցը քիչ թե շատ լուծված կարելի է համարել, իսկ մարզի 13 համայնքներում սողանքային գոտիները սպառնալիք են մնում բնակիչների համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ