«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը կասկածում է, որ բանակին ուղղված «1000 դրամի» նախաձեռնությունը պարտադիրից կամավոր սկզբունքով դառնա: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ այդ նախաձեռնությունը լինելու է կամավոր, ՊՆ-ից էլ այդ լուրը չի հերքվել:
«Հասկացան, որ այդպես բազմաթիվ մարդկանց են իրենց դեմ հանում, ինչը ընտրություններից առաջ իրենց պետք չէ, հանրային կարծիքը առնվազն ընտրություններից առաջ իրենց հետաքրքրում է: Եթե, իրոք, հետ կանգնեն ու չիրականացնեն այդ 1000 դրամների նախաձեռնությունը, թեեւ, ես, իրոք, կասկածում եմ, որ կամավոր դարձնեն, քանի որ հաստատակամ էին տրամադրված»,-Aravot.am-ին ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով, 1000 դրամների հավաքը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա. «Ամեն դեպքում, մարդիկ կստանան 1000 դրամով ավելի քիչ աշխատավարձ, կծախսեն 1000 դրամ ավելի քիչ, ինչը տնտեսության վրա վատ անդրադարձ կունենա: Գուցե 1000 դրամների համար քաղաքացիական ապստամբություն չբարձրանար, բայց հանրային կարծիքն այնպիսին է, որ իշխանությունը փորձում է թալանել հանրությանը, հերթական անգամ հանրությունից փող հավաքելու հերթական ձեւն են գտել:
Իսկ եթե նախաձեռնությունը դառնա կամավոր սկզբունքով, ինչ խոսք, դա շատ լավ նախաձեռնություն կդիտվի: Կամավոր սկզբունքով մարդիկ ավելի մեծ հաճույքով կտան այդ գումարները, վճարելուց կզգան, որ օգտակար բան են անում: Պարտադիր սկզբունքով 1000 դրամի վճարումն ամեն անգամ տհաճություն կառաջացնի, պարտադիր սկզբունքով հավաքելը դրամահավաք է, բայց մեր ազգն ի վերջո պետություն ունի, բա պետության իմաստն էլ որն է: Վիգեն Սարգսյանի ազգ-բանակ գաղափարախոսությունը ուղղակի պետականության արժեզրկմանն է ուղղված, կամա թե ակամա, պետականությունն արժեզրկում է, որովհետեւ ազգ-բանակ չէ, այլ պետություն-բանակ է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ