Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի խորհրդականը ապշեցրեց վարչապետին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 21:21

Այսօր երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու եկած վարչապետը, Գյումրու տեխնոպարկում բավական երկար ու ծանր զրույցի մեջ մտավ շիրակցի գործարարների, համայնքապետերի հետ, լսեց մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հաշվետվությունը, որտեղ տարբեր ոլորտներին անդրադարձ կատարելուց բացի, խոսվում էր նաև Շիրակի մարզի ամենաաղքատ լինելու մասին։ Մարզպետի հայտնած տվյալներով, բնակիչների 45 տոկոսից ավելին աղքատ են այս մարզում։

Վարչապետը համակ ուշադրությամբ լսեց ու ասաց, որ աղքատության այդ ցուցանիշը շատ անհանգստացնող է, հետևաբար և աշխատեղ ստեղծելը, բիզնեսն աշխուժացնելը Շիրակի մարզում դառնալու է բոլորի առաջին խնդիրը։ Այնուհետ Կարեն Կարապետյանը հայտարարեց․«Գյումրին սարքողը հենց առաջին հերթին գյումրեցին պետք է լինի, եթե նույնիսկ այս օրերին մի քիչ խեղճացած է, մի քիչ այս սարսափելի ծանրության տակ ծռված է, պետք է օգնենք, որ մեջքը դզի»։

Նա նաև հորդորեց համայնքապետերին՝ ուշադիր լինեն համայնքի բյուջեի պլանավորմանը։ «Կարծում եմ մի օր վերջանալու է այն պահը, երբ ինչքան վիզներս ծուռ լինի, էնքան օգնությունը էնտեղ շատ է լինելու», -ասաց վարչապետը՝ նշելով, որ կառավարությունը առաջնահերթ կանգնած կլինի «բեռ վերցնող, ղոչախ համայնքապետի կողքին»։

Կարեն Կարապետյանին ուղղված հարցերը շատ էին, բազմազան, դահլիճում նստածներից ամեն մեկը բարձրաձայնեց իրեն հուզող խնդրի մասին, և երբ վարչապետն արդեն հորդում էր ավարտել, քանի որ ինքը ի վերջո այլ պայմանավորվածություններ էլ ունի, ոտքի կանգնեց Շիրակի մարզպետի խորհրդական, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը ու իր հարցադրմամբ զարմացրեց վարչապետին։ Տիկինը իր խոսքը սկսեց գեղարվեստական ոճով․«Կայարանամերձ տարածքում կա հինավուրց մի շենք, իրականություն է դա, հեքիաթ չեմ պատմում, մոդեռն ոճի մի շենք, որը 30-ական թվականներին է կառուցվել և կոչվում էր Սևյանի մշակույթի պալատ, նա մինչև օրս կանգնած է ու ինչպես է կանգնած, գիտեմ, որ Մինասի նկարները նայած կլինեք, Մինասի ունի մի նկար, որ կոչվում է «Սպասում» , այդ միմիկան շենքի դեմքին կա, եթե դուք նայեք։ Նա սպասում է մի ձեռնբաց, մի ազգասեր, մի գյումրիասեր, մի հրաշք վարչապետի»։

Դահլիճում սկսվեց մի ոգևորություն, դահլիճը դղրդաց ծափահարություններից, իսկ վարչապետը ապշեց տիկնոջ ճոխ բառապաշարից, դեմքին ժպիտ հայտնվեց, գոհունակ հայացքով լսում էր Հասմիկ Կիրակոսյանին։ Տիկին Կիրակոսյանը շարունակեց Սևյան մշակույթի պալատի նկարագրությունը ու Գյումրու մշակութային պատմությունը։ Նա ասաց, որ ԽՍՀՄ տարիներին աշխարհում առաջին պարում էր Սևյանի պարի համույթը՝ Աղասի Շաբոյանի գխավորությամբ, եթե Երևանում շքերթները սկսվում էին, ապա առջևից քայլում էր Լենինական քաղաքի փողային նվագախումբը։

Հասմիկ Կիրակոսյանն ասաց, որ հիմա հոգսաշատ է երկիրը, բայց կգա պահը ու կճանաչեն այն քաղաքը, որն առաջին երաժշտական դպրոցն է ունեցել, առաջին նկարչական ստուդիան է ունեցել Անդրկովկասում, առաջին ազգային օպերան՝ «Անուշն» է բեմադրել 1912 թվականին, առաջին օրիորդաց գիմնազիան է հիմնել Հայաստան, առաջին պետական համալսարանն է բացել․․․

«Ինձ թվում է, որ հավասար աչքով պիտի նայել Հայոց աշխարհին, բայց Հայոց աշխարհում կա մի չքնաղ տարածք՝ Շիրակ աշխարհը ու հրաշք Գյումրին»։ Վարչապետը չէր կարողանում զսպել իր զարմանքը, հիացմունքը։ Նա ասաց, որ այս ծանր հանդիպումը պետք է սկսեր մշակույթի մասին ելույթը լսելով։ Հասմիկ Կիրակոսյանն այսպես ամփոփեց իր խոսքը․«Զևսն աշխարհին թողեց հույսը մարդկության, բայց ինձ թվում է ավելի շատ հույս տվեց հայերին, բայց ես ուզում եմ իմ ապրած տարիներին տեսնել, որ հույսի տեղը մի քիչ քչացել է, հավատն է ներս մտել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031