«Բացարձակ անհեթեթություն է, նման հարց չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանն` անդրադառնալով խոսակցություններին, որ ինքը պատրաստվում է վերադառնալ ՀՅԴ եւ ՀՅԴ ցուցակով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին.«Դաշնակցության ներկայացուցիչներն իմ ընկերներն են, մենք ամեն օր իրար հետ ենք, բայց, հավատացեք, երբեք որեւէ քննարկում այս թեմայով չի եղել»:
Լրագրողներից մեկի հարցին էլ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ այն խնդիրը, որի պատճառով դուրս էր եկել ՀՅԴ-ից, վաղուց հաղթահարված է:
Նա կարծում է, որ մեր քաղաքական դաշտն իր այսօրվա որակով ցնցումների պատրաստ դաշտ է եւ ցանկացած պահի կարող է 180 աստիճանով փոխվել. «Դերակատարները կարող են փոխվել: Դրա համար որեւէ անակնկալից պետք չի զարմանալ, եթե տեղի ունենա»:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, նա ասաց, որ մնալու է քաղաքականության մեջ, պարտադիր ընդդիմադիր դաշտում, բայց դեռ որոշում չունի, թե ինչպես. «Որեւէ հանդիպում, որեւէ քննարկում այսօր ես չեմ անցկացնում»:
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցին` «Ժառանգության» եւ իր հարաբերությունների մասին էլ, պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ լավ հարաբերությունների մեջ է. «Իսկապես որոշակիորեն քաղաքական տարաձայնությունների խնդիր կար, անդրադարձել եմ այդ հարցին, իմ սկզբունքները` թե’ ներքին, թե’ արտաքին ես չեմ փոխել եւ այդ տարաձայնությունն էր, որ մենք միասին չենք»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ