Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության՝ խուզարկության ժամանակ վերջինիս մոտից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Արմեն Միքայելյանին բերման էին ենթարկել հուլիսի 27-ին՝ Խորենացի փողոցից: Միքայելյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը նիստի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց. «Այսօրվա նիստին վերջապես ներկայացել էր փնտրվող ընթերականներից մեկը՝ Վարդգես Մովսիսյանը, իսկ մյուս ընթերականի հարցը փակ է, քանի որ ըստ ոստիկանության վիզաների եւ անձնագրային բաժնի տվյալների՝ նման մարդ գոյություն չունի:
Վարդգես Մովսիսյանը հետաքրքիր ցուցմունք տվեց՝ ի սկզբանե պնդեց, որ երբ իրեն հրավիրել են, ներկայացել է քննչական գործողության սենյակ եւ տեսել է արդեն իսկ սեղանին դրված ինչ-որ ատրճանակ, որը կրկին հանձնվել է խուզարկվող անձին, ապա երկրորդ անգամ նրա մոտից հայտնաբերվել:
Կարդացեք նաև
Հետո հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ նա բոլորովին այլ ատրճանակ էր տեսել: Նա դատարանում նկարագրում էր թմբուկավոր ատրճանակ, իսկ նախաքննական ցուցմունքում նկարագրել էր, թե ինչպես է պահունակը հանվել: Այսինքն՝ ցուցմունքից պարզվեց, որ իրականում ոչինչ էլ չպարզվեց…
Հետաքրքիր էր նաեւ հետեւյալը՝ վկան նկարագրում էր, որ ոստիկանները ձեռքով բռնել են այդ ատրճանակը, իրենք են բռնել Արմեն Միքայելյանի գոտկատեղից, հանել, դրել, հետո փաթեթավորել եւ այլն: Սա նրա համար եմ ասում, որ չգիտես ինչպես՝ ատրճանակի վրայից ընդամենը մեկ մատնահետք է հայտնաբերվել, որը փորձում են վերագրել Արմեն Միքայելյանին»:
Հավելենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 18-ին, ժամը 10:30-ին: Արմեն Միքայելյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Պաշտպանը կարծում է, որ նա հաջորդ նիստին ցուցմունք կտա:
Լուսանկարը՝ արխիվային
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ