ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց ՀՀ-ԵՄ համագործակցությունից: Նա ասաց, որ կառավարության ծրագրային դրույթներում ավելի ցածր մակարդակով է արտացոլված ԵՄ-ի հետ ծրագրերը, քան իրականում կան:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես ձեզ մի գաղտնիք բացեմ՝ այդ հավելվածը ներկայացրել է արտգործնախարարությունը: Այդ հավելվածը նախկին ծրագրերից չի տարբերվում, կա մի տարբերություն՝ այս անգամ համարակալել ենք»:
ԵՄ-ՀՀ համագործակցությունից, ծրագրերից խոսելով՝ վարչապետն ասաց. «Ճիշտ չենք արել: Իրականում իրենք շատ մեծ դոնոր են եւ ներդրող են, մենք պետք է իրենց համապատասխան վերաբերմունք ցույց տանք: Մենք ԵԱՏՄ մտնելով՝ որեւէ մեկի հետ ընկերություն չենք անում՝ ի վնաս ուրիշի: ԵԱՏՄ մտնելով՝ մենք մեզ սահմանափակե՞լ ենք ԵՄ-ի հետ առնչվելու, առեւտուր անելու, շփվելու, ինվեստիցիա ներգրավելու: Չէ, իհարկե»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ