Այսօր դեկտեմբերի 7-ն է եւ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է Շիրակի մարզ: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր ունեն՝ Շիրակի մարզի հետ կապված:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ միջոցառում են արել, ուզում էին ազդակ ուղարկել, որ կյանքը շարունակվում է. «Մի քիչ տրամադրությունները փոխվի, այս պանիխիդա վիճակից մի քիչ կարողանանք մեզ թափ տանք, դուրս գանք մի քիչ ավելի օպտիմիստ՝ վաղվա օրվան նայելու»:
Նա ասաց, որ մինչեւ դեկտեմբերի վերջ յուրաքանչյուր համայնք, այդ թվում՝ Գյումրին, պետք է ներկայացնի իր զարգացման ծրագիրը: Նախարարները նույնպես ծրագրեր են ներկայացնելու, որպեսզի համակարգված ծրագրեր իրականացնեն. «Գյումրիի ծրագիրը քննարկելու ենք ավելի ուշադիր: Գյումրիի քաղաքապետի հետ այսօր պայմանավորվել ենք, մեր ներսում ինֆորմացիա կա, որ այն խնդիրները, որ առաջացել են երկրաշարժից հետո, 2017-ին այդ պահանջարկը բնակարանների լուծվելու եւ ավարտվելու է: Այդ պնդման հետ Գյումրիում բազմաթիվ մարդիկ կան, որ համաձայն չեն, մենք պայմանավորվել ենք, որ անցնենք ցանկով: 28 տարի է անցել, նոր սերունդ է ծնվել, մեծացել, եւ այն պահանջարկը, որը կար, իր կյանքի ընթացքում պահանջարկը մեծանում է»:
Վարչապետը հայտարարեց. «Գյումրին ունի ֆանտաստիկ շանս՝ դառնալու Հայաստանի մայրաքաղաքը: Մենք քննարկել ենք քաղաքապետի հետ, որպեսզի իրենք ՏՏ ոլորտի այդ երիտասարդների հետ՝ բավականին աշխույժ, կրակները մեջը, փորձեն Գյումրիում մաքսիմալ ծրագրեր ներկայացնեն»:
Կարդացեք նաև
Վարչապետն ասաց, որ ծրագրեր են մտածում, որ Գյումրիի օդանավակայանից ուղեւորը ուղիղ չգա Երեւան, այլ մի քիչ մնա Գյումրիում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ ճիշտ է, մեզի թափ տվին, իրանց գրպանները լցվան