Այսօր աշխատանքային այցով վաղ առավոտից Շիրակի մարզում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրան ուղեկցում էին գրեթե բոլոր նախարարները։
Վարչապետը նախ այցելեց Ախուրյան՝ ուսումնասիրելով նորակառույց բնակարանները, այնուհետ ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հուշակոթողին, որից հետո Գյումրու տեխնոպարկում հանդիպեց նախ ուսանողների, այնուհետ համայնքի ղեկավարների, գործարարների, մշակույթի գործիչների հետ։
Նշենք, որ վարչապետի հետ հանդիպման էին եկել Շիրակի մարզպետարանի բոլոր պաշտոնյաները, Շիրակի դատախազը, «Ջրմուղի», «Գազպրոմի» ղեկավարները։ Մի խոսքով, մարզի բոլոր պաշտոնյաները մի մարդու պես տեխնոպարկի դահլիճում էին։
Կարդացեք նաև
Վարչապետին ուղղվեցին տարբեր հարցեր՝ սկսած սպանդանոց չունենալուց, ներդրողների՝ գյուղեր ոտք չդնելուց մինչև Երևանը մեգապոլիս սարքելու ու ռախիտի վերածելու մասին։
Հանդիպումը տևեց բավական երկար, վարչապետը ցանկություն ուներ լսելու թե՛ տուրիզմով զբաղվողներին, թե՛ գործարարներին, թե՛ առողջապահության ու կրթության ոլորտի պատասխանատուներին։ Նա հարցը լսելուց հետո հանձնարարական էր տալիս իր ենթականերին՝ նշումներ անելու։
Վարչապետը, ուշադիր լսելով բորբոքված բանախոսներին, երբեմն հումոր էր անում, նրանց պատասխանում էր Գյումրու բարբառով։ Իսկ երկար նախաբանով հանդես եկողներին հորդորում էր առաջ անցնել, վերջից սկսել։
Այսպես, երբ Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գևորգյանը իր հարցադրումը սկսեց նախագահի ու կառավարության հասցեին մի երկարաշունչ գովքով, վարչապետն ընդհատեց՝ հորդորելով անցնել հարցադրմանը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դժգոհեց, որ կյանքը կենտրոնացված է Երևանում, անհրաժեշտ է բեռնաթափել, քանի որ այն մեգապոլիս են սարքել, բնակչության 63 տոկոսը մայրաքաղաքում է։ «Եթե չեն բեռնաթափում, ապա ռախիտի պատկեր են ստանում՝ մեծ գլխով, բարակ մարմնով։ Ես կուզենայի, որ որոշ գերատեսչություններ տեղափոխվեր Գյումրի քաղաք», -ասաց Գյումրու քաղաքապետը։
Վարչապետը պատասխանեց, որ ինքը կողմ է գերատեսչությունները Գյումրի տեղափոխելուն, ուղղակի երբ հերթը հասնում է իրագործմանը, հասկանում է, որ դա մեծ ծախսեր է պահանջում․ նոր շենք կառուցել, պաշտոնյաների համար տներ վարձել։
Զբոսաշրջության մասին խոսելիս էլ՝ վարչապետը նշեց, որ Գյումրին ֆանտաստիկ հնարավորություն ունի, ուղղակի անհրաժեշտ է «մաքսիմալ շնորհք» ցույց տալ, որ զբոսաշրջիկը Գյումրու օդակայան ոտք դնելուն պես բռնեն նրան ու չթողնեն տեղափոխվի Երևան։
Երբ հարց բարձրացրեց Գյումրու անալիտիկ սարքերի գործարանի տնօրենը՝ բողոքելով ՌԴ կառավարությունից, որը շրջանցում է իրենց ու չի տալիս պատվերներ ռուսական 3-րդ, 4-րդ սերնդի սուզանավերի սարքավորման համար, վարչապետը սկսեց ծիծաղել՝ կրկնելով․ «Փաստորեն համարձակվել են ձեզ շրջանցել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ