Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց

Դեկտեմբեր 07,2016 16:55

Դեկտեմբերի 7-ին «Հենարան» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի ասուլիսը՝ «Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց» և «ՀՀ բնակչության պաշտպանության համակարգը 25 տարեկան է» թեմաներով:

Ասուլիսի սկզբում Ն. Գրիգորյանն անդրադարձավ Սպիտակի երկրաշարժի դասերին և այսօր առկա մեծ ձեռքբերումներին: Նրա խոսքով՝ Սպիտակի երկրաշարժի դասերը ուսանելի էին ոչ միայն մեզ համար այլև՝ ամբողջ աշխարհի: Զարգացած երկրները և միջազգային կառույցները սկսեցին մշակել տարբեր մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Հայաստանում 1991 թ. ստեղծվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, այնուհետև՝ ԱԻ վարչությունը: Այսօր Հայաստանում գործում է ԱԻ նախարարություն: Ն. Գրիգորյանի խոսքով՝ սա մի համակարգ է, որն իր մեջ ներառում է կանխատեսման, կանխարգելման, արձագանքման և հետևանքների վերացման բոլոր ծառայությունները:

-Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց տվեց, որ նմանատիպ երկրաշարժերը, տարատեսակ բնական և տեխնածին աղետներ կարող են պատուհասել նաև այսօր: Սեյսմիկ վտանգը և սեյսմիկ ռիսկը խոհրդային տարիներին սխալ էին գնահատված: Հաշվարկված էր, որ Հայաստանում առավելագույնը կարող էր լինել մինչև 7 բալ երկրաշարժ: Փորձը ցույց տվեց, որ կարող է լինել 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Շատ-շատ այսօրինակ խնդիրներ Հայաստանում արդեն լուծված են մեր նախարարության աշխատանքների շնորհիվ: Այսօր ունենք 911 ծառայություն, ունենք Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և կենտրոններ բոլոր մարզերում: Լուրջ ձեռքբերումներ ունենք սեյսմիկ, հիդրոմետ ծառայությունների բնագավառում, մեծ աշխատանք է կատարված հակակարկտային ծառայության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Հիդրոմետ ծառայության կանխատեսումները հասցվել են 98 տոկոս ճշտության, որը նաև տեխնիկական հագեցման արդյունք է: Պետք է նշել, որ այսօր մեր երկրում ստեղծված է բնակչության պաշտպանության համակարգ, և այս ամենը Սպիտակի երկրաշարժի դասերի հիմքի վրա եղավ: Այսօր ունենք ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլան: Յուրաքանչյուր ոք գիտի իր անելիքները, իր ներգրավվածության աստիճանը և իր գործառույթները: Հստակ պլանների շնորհիվ իրենց տեղն ու դերը գիտեն նաև միջազգային կազմակերպությունները՝ յուրաքանչյուրն իր ոլորտում և գործունեության դաշտում: Մեծ աշխատանք է տարվել սեյսմիկ ոլորտում տեխնիկական զինվածության բարձրացման ուղղությամբ: Գառնիի դիտակայանում տեղադրված է աշխարհում եզակի թեքաչափ, հողաչափ և հողի շարժումը արձանագրող սարք, որը եզակի է իր խորությամբ և երկարությամբ, – ասաց Ն. Գրիգորյանը:

ՓԾ տնօրենի տեղակալը ընդգծեց, որ ի տարբերություն խորհրդային տարիների, այսօր Հայաստանն ունի համաշխարհային չափանիշներով բարձր դիրքեր զբաղեցնող փրկարար ծառայություն՝ համալրված շուրջ 3000 կրթված, վերապատրաստված, կատարելագործված, գրագետ գործող և տեխնիկապես զինված հրշեջ-փրկարար:

2015 թ. սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական թիմը, հետևողական ու տքնաջան աշխատանքի շնորհիվ, Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության փորձագիտական ու տեխնիկական և Լեհաստանի ՆԳՆ հրշեջ ծառայության մասնագիտական օժանդակությամբ, պատվով հաղթահարելով ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց չափազանց բարդ և պատվաբեր արտաքին որակավորման քննություն-վարժանքը, ստացավ միջազգային որակավորման վկայական` դառնալով միջազգային փրկարարական ընտանիքի անդամ:

– ԱԻՆ-ը այսօր ունի փրկարարական ստորաբաժանումներ, որոնք աշխարհում ճանաչված են, որոնք INSARAG միջազգային կազմակերպության անդամ են: Այդ կառույցին անդամակցում են աշխարհի 33 հզոր երկրներ, և 34-րդը Հայաստանն է: Դրանք այն փրկարարներն են, ովքեր զինված են տեխնիկայի վերջին խոսքով, – նշեց Ն.Գրիգորյանը:

Որպես մեծ ձեռքբերում՝ Ն. Գորիգորյանը նշեց ԱԻ նախարարության բարձր համագործակցությունը աշխարհի գրեթե բոլոր երկրների և կազմակերպությունների հետ: Այս համագործակցության շրջանակը ձգվում է ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, Բրազիլիայից միչև Հարավային Կորեա:

ԱԻ նախարարությունը մեծ աշխատանք է տանում հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ՝ ուսումնասիրելով և ներդնելով միջազգային փորձը:Մասնավորապես ուսումնասիրվել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՌԴ-ի, Չիլիի փորձերը: Մեր կարևորագույն գործընկեր երկրներից են Շվեյցարիան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ՌԴ-ը և այլ զարգացած պետություններ:

– Մենք ողջ աշխարհից վերցրել ենք լավագույնը, և ցանկանում ենք ներդնել Հայաստանում:Տարածաշրջանում առաջինը ստեղծելով Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ՝ կարողացանք համակարգել ոլորտի բոլոր խնդիրները և կյանքի կոչել մեր ռազմավարությունը:Միջազգային համագործակցության շրջանակներում մենք առաջնորդվում ենք երեք կարևոր ծրագրերի համաձայն՝ Սենդայի գործողությունների ծրագիրը, Փարիզի՝ Կլիմայի փոփոխության և փոփոխականության ծրագիրը և Կայուն զարգացման ծրագիրը, – ասաց Ն. Գրիգորյանը:

Հանրային իրազեկման ոլորտում կատարվող քայլերի շարքում ԱԻՆ-ի ջանքերով 3 խոշոր համաժողով է կազմակերպվել, որոնց մասնակցել են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կապված էր Սենդայի գործողությունների ծրագրի հետ:

– ԱԻՆ-ն իր աշխատանքներում մեծ տեղ է հատկացնում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներին՝ ճգնաժամային կառավարման, կապի ու հաղորդակցության, մշտադիտարկման, կանխատեսման, վտանգների գնահատման և ռիսկերի բացահայտման ու նվազեցման, ազդարարման, իրազեկման, ուսուցման և այլ ոլորտներում: Եվ պատահական չէ, որ ս.թ. դեկտեմբերի 13-14-ը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում կայանալիք «Հանրային իրազեկումը՝ որպես ԱՌՆ-ի և կայուն զարգացման անկյունաքար» միջազգային 4-րդ համաժողովի խորագիրն էՙ «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագիրը, անվտանգության մշակույթը, նորարարությունն ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները», – հավելեց Ն. Գրիգորյանը:

ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան բարձրագույն և միջին մասնագիտական կրթական ծրագրերով տվել է հազարից ավելի շրջանավարտ, որոնց մեծ մասն աշխատում է ՀՀ ԱԻՆ համակարգում: Ակադեմիայում ճգնաժամային կառավարման ոլորտում վերապատրաստվում են մարզպետները, թաղապետերը, ուսուցիչները և տարբեր մասնագետներ: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայի տարածքում ստեղծված է ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր, որտեղ գործնական գիտելիքներ ու հմտություններ են ստանում ինչպես տարբեր ոլորտների արագ արձագանքման ծառայությունների մասնագետներ, այնպես էլ՝ ակադեմիայի ուսանողներ:

Ամփոփելով Աի նախարարության անցած ճանապարհը՝ ՓԾ տնօրենի տեղակալն առանձնացրեց այս տարիների կարևորագույն ձեռքբերումներից մեկը ևս. ԱԻ նախարարությունում աշխատում են երեք տասնյակից ավել սայլակավոր հաշմադամներ, ովքեր մեծ ներգրավվածություն ունեն կյանքի տարբեր բնագավառներում և դարձել են ԱԻՆ թիմի լիարժեք անդամ:

Ասուլիսի ավարտին Ն. Գրիգորյանն ընդգծեց, որ ԱԻ նախարարությունը վստահ և հաստատուն քայլերով այսօր էլ շարունակում է առաջ գնալ: Նրա խոսքով՝ բնակչության շրջանում ԱԻ նախարարության կողմից ձեռք բերված բարձր վստահությունը՝ վստահություն է նաև պետության նկատմամբ:

ՀՀ ԱԻՆ-ը նվաճել է իր հայրենակիցների վստահությունն ու հարգանքը: Բոլորն էլ վստահ են, որ 911 զանգահարելիս իրենց օգնության կհասնեն անշահախնդիր ու պրոֆեսիոնալ մարդիկ՝ ցուցաբերելով հոգեբանական, բարոյական և ֆիզիկական օգնություն: Մարդիկ զգում են, որ դժվար պահին իրենց կողքին կանգնող կա, որ կա ծառայություն, որի կոչումը մարդկանց օգնության ձեռք մեկնելն է,- հավելեց Ն. Գրիգորյանը:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031