Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայկական կողմը պատրաստ է Արցախը զիջել հատվածաբար. հասնենք Երեւանի մատույցներին՝ Աշտարակը կդառնա անվտանգության գոտի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 16:43

«Եթե բանակցում են «տարածքներ՝  ինչ-որ բանի դիմաց» ձեւաչափով, հայկական կողմը որեւէ դրական բան չի կարող ակնկալել, միայն վատը: Եթե հրաշք լինի՝ ՀՀ-ն դուրս գա բանակցություններից եւ նոր բանակցությունների մեջ մտնի, դա արդեն այլ խնդիր է»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկայիս փուլի մասին, ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Հայաստանը պատրաստվում է զիջումների գնալ, որոնք, բարեբախտաբար, չի ընդունում Ադրբեջանը, եւ շնորհակալություն վերջինիս, որ չի ընդունում ՀՀ զիջումները: Ադրբեջանն առհասարակ որեւէ զիջման չի գնում, նրա մոտ բացակայում է մեզանում առկա «կեղծ փոխզիջում» բառը, արդյունքում՝ միջնորդները չեն կարողանում իրենց առաքելությունը լիարժեք կատարել»,-նշեց բանախոսը:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի, եթե Ադրբեջանը ՀՀ-ի հետ համաձայնության գա ներկայիս բանակցային փաթեթի շուրջ, միանշանակ շահելու է: «Պարզապես Ադրբեջանն անհեռատես է այս հարցում՝ ամբողջ Արցախը միանգամից է ուզում: Իսկ հայկական կողմում պատրաստ են Արցախը զիջել հատվածաբար, հետո էլ դա կհանգեցնի Երեւանը զիջելուն: Այսպես կոչված ազատագրված տարածքները վերջերս զարմանալիորեն պարզեցինք, որ «անվտանգության գոտի» են…հասնենք Երեւանի մատույցներին՝ Աշտարակը կդառնա անվտանգության գոտի»,-նկատի ունենալով նախագահի վերջին  հարցազրույցը՝ ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Խնդրեցինք մեկնաբանել նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հիշատակումը յոթ  շրջանների մասին՝ հիշեցնելով, որ նախկինում հինգ շրջանի վերադարձի մասին էր խոսվում: «Մյուս երկու շրջանները Լաչինն են ու Քարվաճառը: Գոնե լավ է, որ դրանց մասով հայկական կողմի մոտ վերապահումներ կան: Բայց եթե պետք է հանձնեն Ֆիզուլին կամ Աղդամը, կարող են նաեւ շատ հանգիստ հանձնել Քարվաճառը, Լաչինը, Ստեփանակերտը, Զանգեզուրը…ժամանակի խնդիր է»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031