Դեկտեմբերի 7-ին, Երևանի Դաբլ Թրի Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում կայացել է Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) և Սոսյու (SOCIEUX) ծրագրերի ներկայացմանը նվիրված տեղեկատվական աշխատաժողովը:
Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության-Հայաստանում Թայեքս ծրագրերի իրականացման պատասխանատու Իվանա Պետրիչևիչը:
Իր ողջույնի խոսքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է.
Հայաստանը վերջին տարիներին օգտվում է Եվրոպական միության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության գործիքներից` Թվինինգ, Թայեքս և Սիգմա, Սևծովյան ավազանի անդրսահմանային ծրագրերից: Վերջին շրջանում ավելացավ ևս մեկ գործիք, որը կոչվում է Սոսյու: Այսօրվա մեր նպատակը Թայեքս և Սոսյու գործիքների մասին հնարավորինս թարմացված մանրամասն տեղեկատվություն ներկայացումն է, որովհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, հանդես գալով որպես Եվրոպական Միության ծրագրերի ազգային համակարգող, շահագրգռված է, որպեսզի մենք ունենանք գործիքների մասով տեղեկացվածության բարձր մակարդակ, ինչը մեզ հնարավորություն է տալու առավելագույնս օգտվելու այս գործիքներից և’ քանակական և’ որակական տեսանկյունից:
Կարդացեք նաև
Գարեգին Մելքոնյանը նաև պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Աշխատաժողովին մասնակցել են ավելի քան 25 ՀՀ պետական կառավարման մարմինների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տեղեկատվական աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվել է Թայեքս և Սոսյու գործիքների հիմնական առաքելությունը, տեսակները, ծրագրի իրականացման ընթացքը, առանձնահատկությունները, Հայաստանում դրանց իրականացման ընթացակարգերը, հիմնական ուղղությունները և դիմելու մանրամասն ընթացակարգը` դիմումի ներկայացումից մինչև վերջնական հաշվետվություն, ինչպես նաև ԵՄ գործիքներին առնչվող մի շարք այլ հարցեր` նպատակ ունենալով խթանել Հայաստանի պետական կառույցների կողմից ծրագրերին ակտիվ մասնակցությունը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Եվրամիության ծրագրերի համակարգողին» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի հաղորդագրություն
Լրացուցիչ տեղեկատվություն
Թայեքսը Եվրոպական Հանձնաժողովի տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրներին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման ապահովման բնագավառներում։ Հայաստանն օգտվում է Թայեքս աջակցություն գործիքից 2007 թվականից։
Սոսյուն Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական օժանդակության գործիք է, որը նպատակ ունի աջակցել գործընկեր երկրներին ձևավորել, կառավարել, իրականացնել և վերահսկել սոցիալական պաշտպանության ներառական, արդյունավետ և կայուն համակարգ։ Սոսյուն աջակցություն է տրամադրում սոցիալական պաշտպանության բոլոր ոլորտներում։