Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ դեկտեմբերի 7-ին շարունակվում էր Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը:
Գործով ամբաստանյալ «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանը, որը նախորդ դատական նիստին չէր ներկայացել երակները կտրելու եւ աչքերը կարելու պատճառով, դատական նիստին ներկայացել էր ձեռնափայտով եւ կարած աչքերով:
Մուշեղ Մխիթարյանը դիմում-միջնորդություն է ներկայացրել, որ իր հետ կատարվում է մի բան, որ խանգարումներ է հիշեցնում, ինքնավնասումներ է կատարում, աղ է լցնում արյունահոսող վերքերի վրա եւ մոռանում այդ մասին: Նա դատարանին միջնորդել է իրեն ուղարկել դատաբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության: Նա դատարանին համապատասխան տեղեկանք ներկայացրեց:
Մուշեղ Մխիթարյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ դատական նիստերի ներկայանալով՝ ակնկալում է օբյեկտիվ արդար դատաքննություն, սակայն սպասելիքները չեն արդարանում: Դատավոր Վարդան Աբրահամյանը պատասխանեց, որ օբյեկտիվ դատաքննություն է անցկացվում եւ չի հասկանում, թե ինչ նկատի ունի ամբաստանյալը: Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց, որ մեղադրական եզրակացությունում ակնհայտ կեղծ տեղեկատվություն կա:
Կարդացեք նաև
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադառնալով՝ բավարարեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային