Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանությունից. մեղադրյալները թմրամոլներ են

Դեկտեմբեր 07,2016 15:09

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնության գործով իրավահաջորդի փաստաբան Իննեսա Պետրոսյանը հայտարարեց, որ լեզվաբանի ամուսնուն սպանողները թմրամոլներ են: Այս գործով նախաքննությունն արդեն ավարտվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Այս գործով կալանավորված են Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը եւ Արթուր Զաքարյանը: Հատուկ քննչական ծառայությունը որոնում է վեցերորդ անձին:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Իննեսա Պետրոսյանը փաստեց, որ այս գործով օրերս նախաքննության ավարտ է հայտարարվել 5 մեղադրյալների մասով, մինչդեռ ծեծին մասնակցել է վեց մարդ:

Տիկին Մեյթիխանյանը գոհ է նախաքննության ընթացքից: Նա հստակեցրեց. «Ուզում եմ, որ հանրությունն իմանա, որ Մեյթիխանյանը ոչ թե պայքարում է իր ամուսնու մահվան հանգամանքները պարզելու և արդար դատաքննություն տեսնելու նպատակամղումով միայն, այլ, որ նման դեպքերը բացառվեն և որ նման կորուստներ մեր հանրությունը հնարավորինս քիչ տեսնի»:

Իննեսա Պետրոսյանը ներկայացրեց մի շարք հանգամանքներ, որոնք պարզվել են գործի քննությունից. «Գործի հանգամանքներով պարզված է, որ մեքենայից դուրս են եկել ակնհայտորեն ոգելիչ խմիչքների և թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող չորս հոգի` մեկը աղջիկ: Նրանք են Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը և վկա Մարիամ Գրիգորյանը: Անմիջապես նրանք Եղիշե Խաչատրյանի հետ սկսում են վիճաբանել մոր ներկայությամբ, նրա նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք են հնչեցնում: Նա իջնում է մեքենայից և այդտեղ էլ դաժան ծեծի են ենթարկում: 78- ամյա կինը խառնվում, փորձում է ինչ-որ կերպ ազատել տղային, բայց գազաններից հնարավոր չի լինում պրծացնել: Մեկ էլ տեսնում է, որ երեքն էլ վազելով գալիս են, ու մեկը բութ առարկայով հարվածում է Եղիշեի գլխին, որը ընկնում է գետնին, ու սկսում են նորից վեցով դաժանաբար ծեծի ենթարկել: Այդ մեկը, որը բութ առարկայով հարվածում է, ԴԱՀԿ ծառայող էր, որը նախկինում դատապարտված էր: Խաչիկ Կոսյանը հետո ձերբակալվում է: Ուշագրավ է, որ նա, կատարելով նման հանցագործություն, դրանից հետո հայտնվում է ԴԱՀԿ շարքերում»:

Մեղադրյալների գաղտնալսումներին ծանոթանալուց հետո տիկին Մեյթիխանյանը միայն խղճում է այդ երիտասարդների հարազատներին. «Եթե մինչեւ այդ ես որպես մանկավարժ, մտածում էի` միգուցե չեն ցանկացել, դիտավորություն չեն ունեցել, սակայն ես լսել եմ մեղադրյալ Արարատ Նիկողոսյանի խոսակցությունն ընկերուհու հետ, երբ նա ասում է` բա խփել եմ, ինչ պիտի անեի: Մեկ այլ խոսակցությամբ Արարատ Նիկողոսյանի հայրը խոսում է գործով վկա անցնող Մարիամ Գրիգորյանի հետ եւ ասում է` դատաքննությամբ դեռ կապացուցվի, թե ով է հիմնական հարվածողը, միգուցե Յուրին է»:

Տիկին Մեյթիխանյանը նաև հավաստիացրեց, որ ամուսնուն սպանողները ոչ միայն այդ պահին են եղել թմրանյութերի ազդեցության տակ, այլև նրանց հեռախոսազրույցների գաղտնալսումները ցույց են տվել, որ շարունակում են բերդում թմրանյութերի օգտագործումը. «Գաղտնալսումները ցույց են տալիս, որ նրանց համար ավելի կարևոր է թմրանյութերի պահանջարկի բավարարումը, քան զղջման մի խոսք, թե ինչպես տեղի ունեցավ այդ դեպքը»:

Իննեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ստացել է քրեական գործի նյութերը. «Դատարանի որոշմամբ նրանց հեռախոսազրույցները լսվել են և արդյունքում քրեական գործ է առանձնացվել` թմրանյութերի իրացման հետ կապված»:

Փաստաբանը նաև մտահոգություն հայտնեց, որ գործով մեղադրյալ ճանաչված Յուրի Հակոբյանի պաշտպանը փորձում է ալիբի առաջ քաշել նրա համար, թե իբր սպանության պահին նա այդտեղ չի եղել, բայց փաստերն այլ բան են ասում: Մինչդեռ գործով վկա, Եղիշե Պետրոսյանի մայրը՝ Էմմա Աբրահամյանը, առաջին իսկ օրվանից պնդել է, որ իր որդուն վեց հոգով են ծեծել, սակայն փորձում են բարդել մեկի վրա, որ մեկ հոգի պատասխանատվության ենթարկվի:

Փառանձեմ Մեյթիխանյանը սկեսուրի մասնակցությամբ մի դրվագ էլ պատմեց. «Սկեսուրս, որ Խաչիկ Կոսյանին է փորձել քաշել բաժանելու նպատակով, իսկ Մարիամ Գրիգորյանը մեկ ուրիշի, այդ ընթացքում այդ աղջիկը սկեսուրիս ասել է. «Այ կնիկ, տղայիդ քաշի, քո տղան գիտի՞ ում է ծեծում, ում հետ է կռվում, ո՞նց ես սրա տակից դուրս գալու: Մարիամ Գրիգորյանը գործով անցնող բոլորին ճանաչել է: Ես իմ սկեսուրին մի քանի անգամ հարցել եմ` գոնե մեկը չկա՞ր, բաժաներ, ասում է՝ ոչ մեկը: Բոլորն անխնա հարվածում էին, բոլորի մեղսակցությունը բավարար չափով հստակ ապացուցված է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կիրակոսյան Գեւորգ says:

    Ինչու՞ է անընդհատ շեշտվում – հայտնի լեզվաբանի ամուսինը: Միթե՞ սա ակնհայտորեն չի
    արտահայտում այն արմատացած համոզմունքը, որ եթե զոհը ,,տեր,, չունի ուրեմն պատիժ էլ չի հետեւի: Այս դեպքում հասարակությունը լռելայն ապավինում է տիկին Փառանձեմի վճռական դիրքին ու անձնական կապերին: Բայց չէ որ նման իրականությունը դառն ամոթ է նախ հասարակությանը՝ որն իր խեղճ ու կրավորական դիրքով արժանացել է իր ներկա վիճակին:
    Համեմատության համար հիշենք, օրինակ, թե ինչից սկսվեց արյունահեղությունն ու հզոր բռնապետության տապալումը Եգիպտոսում – մի խեղճ փողոցային մանրավաճառի ինքնահրկիզումից՝ երբ ոստիկանությունը արգելեց նրա օրվա վաստակը:
    Իհարկե, մենք կարող ենք հպարտանալ Սարյանով ու Խաչատուրյանով: Սակայն ամաչելու շատ ավելի առիթներ ունենք – որպես քաղաքակիրթ համարվող ազգ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031