Հետախույզ Վովա Վարդանովի համոզմամբ, հայկական բանակը պետք է ադրբեջանական կողմի սպառնալիքներին պատասխանի ոչ միայն պաշտպանական մարտերով, այլ նաեւ հակահարվածով:
Ըստ նրա, հայկական կողմը չպետք է միայն դիրքերը պաշտպանելու դիրքից գործի. «Հակառակորդը կարող է ցանկացած պահի հարվածել, բայց միշտ պետք է նկատի ունենալ, որ նա կարող է նաեւ գոտկատեղից ներքեւ հարվածել: Իսկ գոտկատեղից ներքեւ անհնար է մկաններ զարգացնել: Մենք կարծրատիպ ունենք, որ թուրքերը վախենում են անտառներից, որ թուրքերը ձմռանը չեն պատերազմում: Բայց թուրքերն անընդհատ զարգանում են եւ հասկանում, որ մենք կարծրատիպերով ենք մտածում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց պարոն Վարդանովը:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, թե մոտ ժամանակներս չի պատրաստվում պատերազմել` պարոն Վարդանովը նկատեց, որ դա չպետք է լուրջ ընդունել. «Նրա հայտարարությունը բազմաթիվ երանգներ կարող է ունենալ ու նրա հայտարարությունը մեզ չպետք է շատ հուզի: Մեզ համար կարեւոր է մեր սահմանների անձեռնմխելիությունը, դրա համար չպետք է այնպիսի դիրքում գտնվենք, որ մերձկասպյան թուրքը որոշի` երբ ու որտեղ է ակտիվանում…»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ