Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Դատական համակարգը ինստիտուտ լինելուց պետք է վերածվի իշխանության»

Դեկտեմբեր 07,2016 14:16

«Դատական իշխանության անկախության վիճակը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի համար»,- «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի եւ հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի փակման արարողության ընթացքում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ վերլուծել է իրավիճակը Արեւելյան Եվրոպայի եւ եվրասիական երկրներում, եւ եկել է եզրակացության, որ 2006 թվականից հետո տագնապալի իրավիճակ է. «Արեւելյան Եվրոպայի երկրներում դատական իշխանության անկախության մակարդակը 2006-2016 թվականներին գրեթե 12 տոկոսով անկում է ապրել: Հետխորհրդային երկրներում ավելի քան 10 տոկոս է անկում ապրել, եւ այս միտումը բավականին ինտենսիվ շարունակվում է՝ մի կողմից հրատապ խնդիրներ ունենք, որ պետք է լուծենք, մյուս կողմից՝ այսպիսի միտումներ: Սրանց պատճառները պետք է բացահայտվեն, գնահատվեն եւ հաղթահարվեն: Ամենալուրջ խնդիրներից մեկն է, թե ինչպես ենք կարողանում մեր պետաիրավական համակարգում հաստատել իրավունքի գերակայության սկզբունքը: Այս սկզբունքի վերաբերյալ, ցավոք, պատկերացումները շատ պարզունակ են եւ հաճախ ոչ ճիշտ»:

Գագիկ Հարությունյանը համարում է, որ Հայաստանը կարձանագրի հաջողություն, եթե իրավունքի գերակայությունը դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վարքագծի հենքը, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի հետքը, պետական ինստիտուտների հանրային վարքագծի հենքը. «Եթե մենք սա չկարողանանք երաշխավորել, ամեն ինչ կլինի ձեւական: Մենք չենք կարողանա ռեալ արդյունք ապահովել եւ ռեալ բեկում մտցնել: Պետք է այս երկրում մենք կարողանանք հասնել այն բանին, որ ոչ թե իրավունքը իշխանության սահմանափակի, այլ իրավունքով իշխանությունը սահմանափակվի, որ գործողության վարքագծի բոլոր մակարդակներում հենքը լինի իրավունքի գերակայությունը: Մենք պետք է հասնենք այն բանին, որ սահմանադրորեն ամրագրված սկզբունքը, որ այս իրավունքները անմիջական գործող իրավունքներ են, իրավունքները անմիջական գործեն»:

Գագիկ Հարությունյանը հավելեց, որ դատական համակարգը ինստիտուտ լինելուց պետք է վերածվի իշխանության. «Մենք դեռեւս խոսում ենք դատարանների մասին՝ որպես ինստիտուտների: Դատարանները՝ որպես իշխանությունը, որը կարող է նաեւ զսպել եւ հակակշռել իշխանության մյուս ճյուղերին, մենք դրան չենք հասել: Չենք հասել, որովհետեւ դատարանները դատաիշխանական գործառույթը լիարժեք ընկալել եւ իրացնել չեն կարողանում, եւ բոլոր մակարդակներում: Ծրագրի փակումը դեռ գործի ավարտ չէ, ծրագրի փակումը հանգրվան է, որտեղ մենք պետք է կարողանանք իմի բերել արվածը, տեսնել ինչ պետք է անենք, եւ նոր անելիքները նոր մոտեցմամբ կարողանանք առաջ տանել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031