Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում իրավիճակը «պատային չի». 6 ամիս ավագանու նիստ չհրավիրելու դեպքում լիազորությունները դադարեցվում են (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2016 13:35

ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է քննարկվում: Այն ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նախագծի, այսուհետեւ 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքները պետք է իրենց պաշտոնական կայքերն ունենան: Ավագանու ինստիտուտի եւ նրա գործունեության հետ կապված նորամուծություններ են կատարվել. 2000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանին պետք է հանձնաժողովներ ունենա, մինչեւ 2000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում էլ թողել են իրենց հայեցողությանը: Ավագանու նիստին որոշումների նախագծից բացի պիտի լինեն հիմնավորումներ, բյուջեի վրա ազդեցության մասին տեղեկանք եւ առաջարկությունների ընդունման կամ չընդունման մասին հիմնավորումներ: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը նախապես պարտադիր պետք է լսվեն ավագանու հանձնաժողովներում:

10 հազար եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերը նաեւ պետք է առցանց հեռարձակվեն համայնքի պաշտոնական կայքում:

Մարզպետի եւ կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու ինստիտուտը հանված է, որովհետեւ նոր Սահմանադրությամբ պաշտոնանկության ինստիտուտ չի նախատեսվում: Այսուհետեւ վաղաժամկետ այդ լիազորությունները չեն կարող դադարեցվել՝ տարածքային կառավարման մարմինների նախաձեռնությամբ:

Երբ 6 ամիս անընդմեջ ավագանու նիստ չի հրավիրվում, նախատեսվում է համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցում:

Հաշվի առնելով այս դրույթը, մեծամասնական պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ «Արդյոք հաշվի՞ եք առել Վանաձորում ստեղծված իրավիճակը, երբ քաղաքապետ կա, բայց համայնքը չունի քաղաքական մեծամասնություն, նիստեր չեն կարողանում անել: Ըստ այս օրենքի, 6 ամիս եթե նիստեր չեն լինում, քաղաքապետի լիազորությունները դադարում են: Արդյոք հաշվի՞ եք առել Վանաձորի իրավիճակը»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ փորձել են ընդհանուր լուծումներ տալ. «Կոնկրետ դեպքեր, իրավիճակներ հաշվի չենք առել»: Նա ասաց, որ իրենց առաջարկած լուծումը, երբ ավագանու նիստեր չեն հրավիրվում, ըստ պարոն Տերտերյանի, այդ դեպքերի համար չէ: Վանաձորում, եթե ցանկանան, կարող են հրավիրել. «Այնպես չի, որ Վանաձորում նիստեր չեն հրավիրվում: Նիստերը կարող են հրավիրվել, բայց չկայանալ: Կարծում եմ, այդտեղ ինչ-որ լուծումներ կգտնվեն, ինչո՞ւ եք բացառում, որ նիստ կկայանա: Իրավիճակը պատային չի, ինչ-որ լուծում կլինի: Ես չեմ տեսում այն կոնֆլիկտը, այն իրավիճակը, որ տուպիկային է»:

Ըստ Վաչե Տերտերյանի, քաղաքական գործընթաց է, իր հանգուցալուծումը կստանա, վաղը հնարավոր է համաձայնության գան: Վաչե Տերտերյանը խորհուրդ տվեց Էդմոն Մարուքյանին չանհանգստանալ, զինվել համբերությամբ, քանի որ դեռ կարճ ժամանակ է անցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031