Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններին ընդառաջ ոչ իշխանական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները` դաշինքների ստեղծումը:
-Ժամանակին տարբեր կուսակցություններ հայտարարեցին, թե փոխում են իրենց մարտավարությունը ու հետայսու ընտրություններին մասնակցելու են միայնակ: Սակայն, ինչպես տեսնում ենք, հիմա կրկին նրանք նախընտրում են դաշինքով մասնակցությունը: Հիմնական պատճառը 5 տոկոսի շեմը չհաղթահարելու մտահոգությունն է:
Հայաստանի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ դաշինքները չեն ունեցել ճիշտ ընթացք եւ հաջող ավարտ: Եվ չեմ կարող հիշել որեւէ դաշինք, որն ունեցած լինի սահուն, նորմալ ճակատագիր: Ինչո՞ւ է այդպես. որովհետեւ քաղաքական ուժերը հիմնականում միավորվում են խորհրդարան մտնելու համար, այնուհետ գլուխ են բարձրացնում հավակնությունները, սկսում են հակադրվել մոտեցումները, եւ բաժանվում են:
Կարդացեք նաև
Իհարկե, կողմ եմ, որ դաշինքներ ձեւավորվեն, եւ հիմա կարծես թե առաջին օրինակն արդեն կա, չգիտեմ որքանով այն կլինի հաջողակ, քանի որ միջանձնային հարաբերությունները որոշ դեպքերում շատ ավելի կարեւոր են դառնում, քան քաղաքական, գաղափարական հենքը: Լավ ծանոթ լինելով մեր քաղաքական խոհանոցին՝ ինձ թվում է, որ ձեւավորվողների ճակատագիրը կլինի նույնպիսին, ինչպիսին եղավ նախորդներինը՝ խորհրդարան մտնելուց հետո: Տա Աստված, որ սխալվեմ:
-Բոլորը խոսում են 5 տոկոսանոց շեմը ամեն գնով հաղթահարելու մասին, բայց ոչ ոք չի վերլուծում, թե ինչու է իրենց համար այդչափ դժվար հաղթահարելի այդ 5 տոկոսը, ոչ ոք չի ուզում անկեղծանալ, որ դրա հիմքում ժողովրդի վստահության պակասն է:
-Կա ընդդիմության մի տեսակ, որին թվում է, որ եթե ժողովուրդն իշխանությանը չի ընդունում, ապա իրեն է ընդունում: Սա քաղաքական մոտեցում չէ: Կարող են չսիրել ե՛ւ իշխանությանը ե՛ւ ընդդիմությանը: Հետեւաբար ընդդիմությունը պետք է ընտրողի աչքին երեւա որպես իրական այլընտրանք, ցույց տա, որ իր գաղափարախոսությամբ եւ կադրային բանկով կարող է փոխարինել գործող իշխանությանը:
Այսօր քաղաքական դաշտում ավելի շատ աշխատում է «ընդդեմի» գործոնը: Քաղաքականության մեջ պետք է գործի «հանունի» մոտեցումը, երբ քեզ ձայն եմ տալիս հանուն քո գաղափարական կեցվածքի, քո բարոյական նկարագրի:
Ընդդիմադիրները նաեւ այս ընթացքում ավելի շատ միմյանց դեմ պայքարեցին: Ժողովուրդն էլ տեսավ, որ ներսում գզվռտոց կա, ավելորդ հավակնություններ կան: Ու առաջացավ հիասթափվածների մի մեծ բանակ, որը չի ընդունում իշխանությանը, բայց նաեւ չի ընդունում ընդդիմությանը:
Այս հատվածը քաղաքական գործընթացների հանդեպ դարձել է անտարբեր, սա շատ վտանգավոր է, ընդդիմությունը պետք է սրա վրա մեծ ուշադրություն դարձնի, քանզի անտարբերության ստեղծման գլխավոր մեղավորը հենց ինքն է, որովհետեւ չի կարողանում որպես այլընտրանք ներկայանալ:
Արմինե Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում