«Ուրարտու» բասկետբոլային ակումբի՝ Ռուսաստանի սուպերլիգա 1-ին մասնակցությունը դադարեցնելու պատճառներին նվիրված մամուլի ասուլիսում ակումբի նախագահ Արա Պողոսյանն անդրադառնալով ֆինանսական խնդիրներին՝ ասաց. «Մենք ռիսկերն, իհարկե, հաշվել էինք: Ունեինք ֆիքսված բյուջե, որը հույս ունեինք, որ կապահովվի: Այս թիմն օլիմպիական կոմիտեի եւ բասկետբոլի ֆեդերացիայի նախաձեռնությունն է: Երկուսն էլ ամեն ինչ արեցին, իրենց մասն ապահովված է:
Մենք ունեինք տոմսերի ձեռք բերման անսահմանափակ հնարավորություն, թիմը համազգեստով ապահովված էր, Ռուսաստանի ֆեդերացիայի մուծումները կատարված էին: Հիմա էլ թիմը, երբ դուրս ենք եկել սուպերլիգայից, մենք մեր խաղացողներին աշխատավարձի պարտքերը փակում ենք լիովին: Ոչ մի խաղացող մի դրամ պարտքով չի գնա Հայաստանից: Թիմը ֆինանսական առումով, փաստորեն, մնաց նախաձեռնողների վրա, ուրիշ ոչ մի տեղից մենք հովանավոր չունեցանք, չնայած տարբեր տեղերից մեզ խոսք էին տալիս, թե այսօր, վաղը, մեկ շաբաթից, 10 օրից գումարները կառաջանան: Ցավոք սրտի, մենք սկսեցինք սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով պարտություններ կրել: Իսկ մեր Հայաստանում, ավաղ, այնպես է, որ երբ դու պարտություն ես կրում, ոչ մեկը չի ուզում քո կողքը կանգնել:
Եթե մենք ինը հաղթանակ ունենայինք, հավատացեք, որ շարունակելու ոչ մի խնդիր չէինք ունենա: Բայց կրկնում եմ. Ֆինանսականը չէր պատճառը: Երբ ես դեկտեմբերի 2-ին որոշեցի, որ դադարեցնում ենք պայքարը սուպերլիգայում, խաղացողները, այդ թվում արտասահմանցիները, ինձ համոզում էին շարունակել, որ իրենք կարող են խաղալ նույնիսկ առանց փողի, որ դա խնդիր չի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ