Հայաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած, Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:
«Ես կարծում եմ, որ Հայաստանն ի շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: … Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը գնում է մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»
Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրներն, ասում է կոնգրեսական Շիֆը: Նա կոչ է անում ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:
ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը կոնգրեսական Շիֆը կապում է նաև ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն, ինչպես նա ասում է, ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում