Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը ստեղծվում է ավանդույթով

Դեկտեմբեր 07,2016 10:26

Ուզում եմ գրել մի խնդրի մասին, որն առաջին հայացքից մանր է թվում: Կառավարությունը, ի թիվս այլ «հնացած» ավտոմեքենաների, ուզում է վաճառել այն «Մերսեդեսը», որը սպասարկում էր Հայաստանի առաջին նախագահին: Մեքենան, որքան հիշում եմ, E 320 է, այդպիսի «Մերսեդեսներ» հիմա քշում են «տաքսիի տակ»: Ճիշտ է, զրահապատ էր՝ ժամանակին խոսում էին, որ 1990-ին այդ մեքենան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահին էր նվիրել ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Կրյուչկովը: Բայց կարեւորն այն չէ, թե ինչ որակի մեքենա էր դա, եւ ով էր այն նվիրել: Կարեւոր է, որ այն սպասարկում էր Հայաստանի առաջին նախագահին:

Համաձայն եմ գործընկերներիս հետ, որ նման խորհրդանշական իրերի տեղը թանգարանում է: Եվ խնդիրն այն չէ, թե ով ինչպես է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իմ վերաբերմունքն, օրինակ, ընդհանուր առմամբ դրական է՝ չնայած նրան ամենեւին անսխալական չեմ համարում ու ներկայիս ՀԱԿ-ականների կռապաշտությունը չեմ կիսում: Խնդիրն այստեղ ոչ թե անձի, այլ պետության մեջ է: Պետությունը ստեղծվում է ավանդույթներով, նախադեպերով, հիշողությամբ: Եթե ես ամեն օր, ամեն ամիս կամ ամեն տասնամյակ սկսում եմ «մաքուր» էջից, ապա դա չի ստեղծում այն «պատումները», որոնք ես պետք է փոխանցեմ իմ երեխաներին եւ թոռներին: Մեր պատումները մինչ այսօր ազգային-ազատագրական են, ոչ թե պետական՝ «հեյ քաջեր, ժամն է մեր օրհասական»:
Եթե ես ամբախ-զամբախ խոսում եմ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահների մասին (ոչ թե քննադատում եմ նրանց սխալների համար՝ տարբերությունը, հուսով եմ, պարզ է), ես դարձյալ ստեղծում եմ ավանդույթ եւ նախադեպ, բայց՝ անապատի, «սպիտակ» էջի: Եթե քանդում եմ իմ մայրաքաղաքի 1920-30-ական թվականներին կառուցված շենքը՝ այն հիմքով, որ դա, ժամանակակից ընկալմամբ, «սարայ է», եւ հաշվի չեմ առնում, թե ով է այդ «սարայում» ապրել, ես դարձյալ զրկում եմ իմ պետությանը «հիշողության խորությունից»:
Խնդրո առարկա «Մերսեդեսը» կվաճառվի, ձեռքից ձեռք կանցնի, հետո կհայտնվի «գործից հասկացող» որեւէ տիրոջ մոտ, որը նման մեքենաների հավաքածու ունի: Իսկ 100 կամ 150 տարի հետո որեւէ հայ մեծահարուստ բարերար այն կգնի թանկ գնով եւ կնվիրաբերի հայկական պետությանը: Այդպիսի երկար ճանապարհ անցնելու փոխարեն՝ պետք է այսօր, այս պահին գնահատել այն, ինչ ունես:

ԱՄՆ-ում կա ավանդույթ՝ ժամանակ առ ժամանակ այն նախագահները, որոնք ողջ են, լուսանկարվում են միասին: Վերջերս այդ արարողությանն էին մասնակցել Օբաման, Քլինթոնը, Ջիմի Քարթերը, հայր եւ որդի Բուշերը: Այնպես չէ, որ նրանք իրար շատ են սիրում: Պարզապես պետական ավանդույթ է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. henri says:

    Ամէն առաւօտ յուսալի խօսքեր կը գրէք որ ԻՆՉ ? որ ընթերցողը կարդայ և գօտեպնդուի :,,,
    երկիր մը ուր անկուսակցական վարչապետը տարին չբոլորած դառնայ հանրապետական իր կառքին լծելով ի ծնէ դասալիքներ , նոյնը չըրին Սալազարն ու Ֆրանքօն-Մուսոլինին և հիթլէրը-
    ստալինն ու .Մաօն- գասթրօն և Ասատը և կը շարունակեն ընել Ափրիկէի և հեռաւոր արեւելքի միահեծան բռնաւորները, Չենք հասկնար ինչ կը պատահի ամէն օր որ ազերիներուն կրակոցներուն հաշիւը կու տայ մեր բանակը- և ևրոպացիներուն աչքը մտնելու թէ իր անկարողութիւնը ցոյց տալու,մեծով-պզտիկով զինուորոկան դարձած ենք -կարելի չէ աւելի անաղմուկ և գաղտնի վերաբերմունք ունենալ բանակին գաղտնիքներուն հանդէպ , թող յայտնիները օրն ի բուն պարեն,քոչարի և ափրիկեան պարեր հայաստանի կամ Լոսի մէջ,թող նորաբոյս հոգեբանները և ռուսախօս քաղաքագէտները խօսին ժամերով՝ վերջը ? Ինչ է այս ամէնուն նպատակը ,,,

  2. gib.gibindus says:

    “Պետությունը ստեղծվում է ավանդույթներով, նախադեպերով, հիշողությամբ:”
    ՉԷ: Սրանցով ստեղծվում է բանահուսությունը, որն առանձնապես ՞խորիմաստ՞ չէ մեր պարագայում: Պետություն ստեղծվում է միասնությամբ, ուժով, զենքով՝եթե կան գաղափարը և նրա կրողները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031