ԼՂՀ գերատեսչությունները ներգրավված են համապատասխան ենթակառուցվածքները վերականգնելու աշխատանքներում
Արցախի սահմանամերձ Թալիշ համայնքում, որն ապրիլյան էսկալացիայի ժամանակ մեծապես տուժել էր հակառակորդի գործողությունների հետեւանքով, վերականգնման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին ՊՆ նախաձեռնությամբ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողներին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Նա մանրամասնել է, որ գերատեսչությունները ներգրավված են համապատասխան ենթակառուցվածքները վերականգնելու եւ շինություններ կառուցելու աշխատանքներում. «Իհարկե, ձմռանն աշխատանքներն ակտիվ չեն լինի, բայց առաջիկայում շոշափելի արդյունքներ կլինեն: Անվտանգությունից ելնելով՝ նաեւ հատակագծային փոփոխություններ կարվեն»:
Արտակ Բեգլարյանը փոխանցել է, որ աշխատելու են նաեւ դեռեւս Արցախյան պատերազմից մնացած ավերակների վերացման ուղղությամբ, ինչը դրականորեն կազդի թալիշեցիների բարոյահոգեբանական վիճակի վրա: Թե ինչ է արվում թալիշեցիների անվտանգությունն ապահովելու համար՝ պարոն Բեգլարյանի խոսքով. «Դա արժանապատվության հարց է: Վերականգնումը եւ վերաբնակեցումը ոչինչ են, եթե անվտանգությունն ապահովված չէ: Համոզված եմ՝ համապատասխան քայլեր առաջիկայում էլ կկատարվեն»:
Կարդացեք նաև
Արտակ Բեգլարյանը վստահեցրել է՝ արվելու է անհրաժեշտը անվտանգության բարելավման եւ կենսագործունեության ապահովման համար: Նաեւ ասել է, որ տեղյակ չէ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ Թալիշի վերականգնման համար հիմնադրամ ստեղծելու հայտարարության մասին: «Յուրաքանչյուրը, որը ցավում է Արցախի զարգացման համար, իհարկե՝ կարող է ներդրում կատարել իր ցանկացած տարբերակով»,- նշել է Արտակ Բեգլարյանը:
ԼՂՀ վարչապետի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Մարտակերտի շրջանի Ալաշան համայնքում թալիշեցիների մի մասի համար համապատասխան պայմաններ են ստեղծվել՝ տրամադրվել է բնակարան կամ առանձնատուն: Մոտ 20 ընտանիքի էլ առաջիկայում տուն կտրվի, քանի որ ՀՀ-ում հաստատված թալիշեցիների մի մասը ցանկանում է հաստատվել ոչ թե Թալիշում, այլ Ալաշանում:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ»
06.12.2016