Չավուշօղլուն բանակցել է Լավրովի հետ ու շտապել հանդիպել Ալիեւին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն անցյալ շաբաթ ժամանել է Ադրբեջան, որտեղ Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումներում տարածաշրջանային հարցերի հետ միասին քննարկել է ԼՂ հարցը: Ալիեւ-Չավուշօղլու հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն բանակցություններ են անցկացրել Ալանիայում, իսկ դեկտեմբերի 2-ի երեկոյան Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Բաքու։
Մեւլյութ Չավուշօղլուի ու Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարը բացել է որոշ փակագծեր: Չավուշօղլուն հայտարարել է, որ Ալանիայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Ղարաբաղյան հակամարտության թեման, աջակցել Մոսկվայի ջանքերին։ «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ղարաբաղյան թեման բարձրացվել է։ Ռուսաստանը զբաղված է Ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Ընդգծվել է այդ հակամարտության կարգավորման կարեւորությունը։ Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ Ռուսաստանի ջանքերին»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»։
Կարդացեք նաև
Այն, որ Չավուշօղլուն ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հաղորդում էր թուրքական Hurriyet պարբերականը դեռ դեկտեմբերի 1-ին: «Մենք հարգում ենք Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու Ռուսաստանի կամքը»,- ըստ թուրքական թերթի` ասել էր Չավուշօղլուն: Չավուշօղլու-Մամեդյարով հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ իր ադրբեջանական վերջին այցից հետո Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, եւ իրենք գոհ են FETO-ի դեմ Ադրբեջանի մղած պայքարից. «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»։
Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ու Անկարան ԼՂ խնդրով միակ խաղացող են համարում Մոսկվային, Ալիեւը Թուրքիայի միջնորդությունն է օգտագործում` ԼՂ խնդրում ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել Մոսկվայի հետ պայմանավորվելով: Հատկանշական է, որ օրերս ԼՂ խնդրից է խոսել նաեւ Թուրքիայի նախագահը: Թուրքիան հանդես է գալիս Սիրիայում եւ Իրաքում բռնության դեմ՝ այնպես, ինչպես դեմ էր բռնությանը Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Կիպրոսում եւ Բալկանյան երկրներում՝ ասել էր Էրդողանը։ Նրա խոսքով՝ ոչ մեկն իրավունք չունի Թուրքիային ասելու, որպեսզի նա չմիջամտի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Մեկ ուշագրավ փաստ եւս. դեկտեմբերի 2-ին, երբ Բաքու էր ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, նույն օրը ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն է Բաքվում խորհրդակցություններ անցկացրել։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում Կարասինը խորհրդակցություն է ունեցել երկրի փոխարտգործնախարար Խ. Խալաֆովի հետ։ Կայացել է հանդիպում նաեւ արտգործնախարար Է. Մամեդյարովի հետ։ Ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են երկկողմանի ու միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Բաքվում Կարասինը հանդիպել է նաեւ Ադրբեջանի Ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ ու նրա ղեկավար Մ. Յու. Զաբելինին հանձնել Ռուսաստանի պետական պարգեւ՝ Բարեկամության շքանշան։
Արդյոք Բաքվում կայացե՞լ է Մոսկվա-Անկարա-Բաքու ձեւաչափով հանդիպում` հայտնի չէ:
Բայց պարզ է, որ Լավրովի հետ բանակցություններից հետո Բաքու ժամանած Թուրքիայի արտգործնախարարն ու ՌԴ փոխարտգործնախարարը, որը Ղարաբաղյան բանակցություններին քաջատեղյակ դիվանագետ է, Բաքվում քննարկելու «առիթ» ունեցել են: Հավանաբար, «Լավրովի պլանը» մնում է Ալիեւի միակ հույսը…
Բաքուն մերժեց Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման առաջարկը
Ուշագրավն այն է, որ նույն օրը Մամեդյարովը անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման համար Ադրբեջանի նախապայմանին: Նա նշել է, թե Ադրբեջանը դեմ չէ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը. «Ինչ վերաբերում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը, առաջին հերթին պետք է զբաղվենք տրամաբանական հարցերով։ Մենք դեմ չենք գրասենյակի ընդլայնմանը, սակայն նախ անհրաժեշտ է զորքերը դուրս բերել մեր տարածքներից»։
Փաստացի պաշտոնական Բաքուն մերժում է ոչ միայն սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկները, այլեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման առաջարկը:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ արված այս կարեւոր առաջարկները պաշտոնական Բաքուն հստակ մերժում է: Ավելին` Բաքուն անցել է հայկական կողմին մեղադրելուն, բանը հասել է նրան, որ արդեն պաշտոնական Երեւանին են մեղադրում բանակցություններից խուսափելու մեջ:
Բաքվի ջղաձգությունը կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետ
Դեկտեմբերի 8-9-ը ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների տարեկան համաժողովը: Մինսկի խմբի համանախագահները ջանքեր են գործադրում, որ այդ համաժողովի շրջանակներում կայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, սակայն, օրերս ասել է, թե հայկական կողմից դեռեւս չեն պատասխանել հանդիպման առաջարկին: «Նրանք խուսափում են հանդիպումից եւ այդպիսով չեն աջակցում խաղաղ գործընթացին: Ամեն անգամ մենք հայտարարում ենք, որ բանակցությունները չպետք է լինեն բանակցային գործընթացի իմիտացիա: Մենք պետք է աշխատենք խաղաղության հասնելու համար»:
Պաշտոնական Բաքվի նյարդային պահվածքը, թերեւս, պայմանավորված է նրանով, որ միջնորդ երկրները Բաքվի առջեւ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի ԱԳ նախարարը Բոսնիա եւ Հերցեգովինայի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, քննադատել է հայկական կողմին` նշելով, թե նախնական փուլում բարձրացնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նշանակում է «թաղել խաղաղ գործընթացը»: «Վերջին շրջանում Հայաստանի կողմից հնչում են տհաճ հայտարարություններ: Այդ հայտարարությունները բացասական դեր են խաղում խաղաղ կարգավորման գործընթացում: Բանակցություններն այդպես չեն վարում: Ուղղությունը, որով ընթանում են բանակցությունները, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Քննարկվող փաստաթղթում նաեւ նշված է, որ հայկական զորքերը փուլ առ փուլ պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Կարգավիճակի հարցը նույնպես քննարկվում է: Սակայն նախնական փուլում բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նշանակում է թաղել խաղաղ գործընթացը, քանի որ ադրբեջանական համայնքը պետք է վերադառնա Ղարաբաղ: Նրանք նույնպես այդ շրջանի բնակիչներ են»,- ասել է Մամեդյարովը:
Ինչպես միշտ, Բաքուն «յոթ երգ» գիտի, յոթն էլ «հայկական զորքերի դուրսբերման» մասին: Բաքվի աճպարարությունը նույնպես պարզ է: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պահանջում է ոչ միայն հայկական կողմը, այլեւ միջնորդ երկրները, որից, ի դեպ, դժգոհել էր նաեւ Ալիեւը` խոստովանելով, որ Ադրբեջանի առջեւ այդ հարցն է դրված:
Ինչ վերաբերում է Համբուրգում Նալբանդյան-Մամեդյարով հնարավոր հանդիպմանը, ապա նկատենք, որ օրերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասել էր, թե չի բացառվում, որ նման հանդիպում կայանա, «բայց դեռեւս այդ հանդիպումը հաստատված չէ»: ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, նախատեսված է ԱԳ նախարարի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի եւ գործընկեր պետությունների` Աֆղանստանին նվիրված նախարարական հանդիպմանը։ Դեկտեմբերի 8-9-ը Նալբանդյանը Համբուրգում կմասնակցի եւ ելույթ կունենա ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Իսկ դեկտեմբերի 10-ին Նալբանդյանը Փարիզում կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների հետ ավանդական խորհրդակցությունը:
Հավելենք նաեւ, որ անցյալ շաբաթ «Առավոտ»-ին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Համբուրգում հնարավոր հանդիպումը «երկխոսության առիթ» էր համարել` տեղեկացնելով, որ շուտով Հայաստան կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահը. «Ֆրանսիան, ինչպես Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, ջանք չի խնայել, որպեսզի «քառօրյա պատերազմից» հետո կողմերը կրկին վերադառնան դիվանագիտական դինամիկային: Վերջերս Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է երկու երկրների արտգործնախարարների հետ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում առաջարկված վստահության մեխանիզմները կենսագործելու եւ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթաց սկսելու նպատակով: Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտին շարունակում է ակտիվ խորհրդակցությունները: Նա շուտով կայցելի Հայաստան: Դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարների ժողովը բարձր մակարդակի երկխոսության առիթ է»:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 06.12.2016