Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկ-ներմուծում-մոլերի կառուցում մոդելը եւս իրեն սպառել է

Դեկտեմբեր 07,2016 16:00

Երկու տարի առաջ տեղի ունեցած դրամի փոխարժեքի կտրուկ տատանումների պատճառով Կենտրոնական բանկը բանկերի նվազագույն կանոնադրական կապիտալի շեմը բարձրացրեց շուրջ 6 անգամ: Ինչ հետեւանք ունեցավ սա բանկային համակարգի եւ ՀՀ տնտեսական զարգացման գործընթացի վրա:

Նախ ասեմ, որ կանոնադրական կապիտալի նվազագույն շեմի 5 մլրդ դրամից 30 մլրդ բարձրացմամբ կարճ ժամկետում կայունացավ դրամի փոխարժեքը, եւ Կենտրոնական բանկն իր առջեւ դրված խնդիրը լուծեց, սակայն առաջին հայացքից երկրորդական թվացող խնդիրներն առավել կարեւոր են, քան թվում են: Այսպես. որոշ օտարերկրյա բանկեր, այդ թվում` գերմանական Պրոկրեդիտ բանկը, որը Հայաստանում հիմնադրել էր Պրոկրեդիտ բանկ ՓԲԸ-ն, իր հետ Հայաստան էր բերել գերմանական բիզնես-մշակույթ եւ մի քանի տարի շարունակ աշխատում էր վնասով, սակայն իր աշխատողներին վճարում էր մրցունակ աշխատավարձ, եւ քանի որ իր բիզնես-ռազմավարությանը չէր համապատասխանում ՀՀ-ում 30 մլրդ դրամ (շուրջ $ 60 մլն) ներդրում իրականացնել, չգնացին կապիտալի համալրման ճանապարհով: Արդյունքում միլիոնավոր դոլարի ներդրումներ արտահոսեցին Հայաստանից: Ճիշտ է, այն բանկերը, որոնք որոշեցին մնալ եւ աշխատել Հայաստանում, մի մասը վերակազմավորվեց` միաձուլումների միջոցով, մի մասն էլ արտարժույթով լրացուցիչ ներդրումներ իրականացրեց, օրինակ՝ ՎՏԲ բանկը, սակայն դրամի փոխարժեքի արհեստական թանկ պահելը, ըստ իս, չափազանց թանկ է նստում մեզ վրա: Կարծես թե նոր բանկերի մուտքը մեր երկիր խրախուսելու փոխարեն՝ խոչընդոտում ենք, փակում համակարգը նորերի համար:

Տնտեսական ինչպիսի զարգացումներ են մեզ սպասվում

Առաջիկա տարիներին կրելու ենք պետական պարտքի սպասարկման ծանրագույն բեռը. սա է բարեփոխումների անհրաժեշտության թիվ մեկ պատճառը: Ըստ իս՝ սա է նաեւ այն գլխավոր պատճառներից, որ ԿԲ-ն համառորեն արժեւորում է դրամի փոխարժեքը, քանի որ պետական պարտք-համախառն ներքին արդյունք հարաբերությունը դոլարով է հաշվվում, իսկ ՀՆԱ-ն գոյանում է ազգային արժույթով: Մյուս կողմից՝ վարկ-ներմուծում-մոլերի կառուցում մոդելը եւս իրեն սպառել է, մոլերը, որոնցում տասնյակ միլիոնավոր դոլարներ են ներդրվում, որպես այդպիսիք՝ չեն ապահովում զգալի մուլիպլիկատիվ էֆեկտ տնտեսական զարգացման համար, արժեք չեն ստեղծում, արտահանումը չեն խրախուսում, դրանք ներմուծված ապրանքների վաճառքն են խթանում, իսկ երբ համախառն պահանջարկի նվազման խնդիր է առաջանում, որը կարող է լինել տրանսֆերտների նվազեցման կամ այլ պատճառով, սկսում են խնդիրներն ի հայտ գալ. խանութները փակվում են, սկզբում տվյալ բրենդի ամենից պասիվ եւ ոչ եկամտաբեր խանութները, այնուհետեւ մյուսները: Սա բերում է վարձակալության գների նվազման, քանի որ տարածքները դատարկվում են, եւ գալիս է մի պահ, որ մոլերում ներդրում իրականացնելը ոչ այնքան եկամտաբեր է դառնում: Այսպիսով պետք է խթանել ներդրումները տնտեսության իրական հատվածում, արտահանման զգալի աճի դեպքում է հնարավոր միայն լուծել առկա խնդիրները, իսկ արտահանման հիմնական խնդիրները մնում են թանկ դրամը, մրցակցային միջավայրը, տնտեսության/ներմուծման ոչ ֆորմալ քվոտավորումը, բյուրոկրատիան պետական գերատեսչությունների հետ աշխատելիս:

Կառավարությունը փոխվեց, բարեփոխումներ են սկսվել, ինչ ակնկալիքներ ունենք

Նոր կառավարության ծրագիրն իրոք հավակնոտ է, չնայած կարճաժամկետ բնույթ է կրում՝ պայմանավորված քաղաքական հանգամանքներով: Այդուհանդերձ, Կարեն Կարապետյանի նախաձեռնած օպտիմալացումները գնահատելի են: Մեր հիմնական խնդիրներից մեկն էլ չափազանց ցածր արտադրողականությունն է, եթե մեզ մոտ առաջատարը համարվող ոլորտներում` ֆինանսական ծառայություններ, հանքարդյունաբերություն, 1 աշխատողը 1 տարվա ընթացքում ստեղծում է լավագույն դեպքում $10.000 ավելացած արժեք, իսկ պետական կառավարման համակարգում այս ցուցանիշը զգալի ցածր է, ցածր է նաեւ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ զբաղված են շուրջ 300.000 տնտեսություններ, իսկ օրինակ՝ IBM-ում նույն ցուցանիշը հասնում է $400.000-ի: Սա է խնդիրը:

Կառավարության ծրագրում նշված էր ներդրումային ֆոնդի հիմնադրման մասին

Ազգային ներդրումային ֆոնդի անհրաժեշտությունը վաղուց է առկա մեր տնտեսական համակարգում: Վերջիններիս գործունեության մի շարք մեխանիզմների նախադեպեր կան աշխարհում: Օրինակ՝ Նորվեգիայում, որը էներգառեսուրսներով հարուստ երկիր է համարվում, եւ գիտակցում են, որ այդ ռեսուրսները սահմանափակ են, ուստի այդ ոլորտից ստացվող ցանկացած եկամտի` լիցենզիոն վճար, հարկ, ռոյալթի եւ այլն, գնում է նավթային ֆոնդ, որը ներդրումներ է իրականացնում հեռանկարային ընկերություններում: Ռուսաստանում գործում է, այսպես կոչված, կայունացման ֆոնդը, եւ կարելի է ասել, որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը ռեցեսիայից հենց այս ֆոնդն է փրկել:

Մեզ մոտ գործում է Համահայկական բանկը, որը նախատեսված էր մասնագիտացնել ենթակառուցվածքներում խոշոր ներդրումների իրականացման մեջ, սակայն կյանքը ցույց տվեց, որ առանձնապես ոչինչ էլ չի անում Համահայկական բանկը, մյուս կողմից էլ՝ այն եւս պետք է համալրի իր կանոնադրական կապիտալը շուրջ 50 մլն դոլարով, որպեսզի համապատասխանի ԿԲ կանոնակարգով սահմանված տնտեսական նորմատիվին կամ դադարեցնի գործունեությունը որպես բանկ, եւ քանի որ ստեղծված ծանր իրավիճակում պետությունը՝ ի դեմս ԿԲ-ի, չի կարող իրեն թույլ տալ նման ծավալի ներդրում իրականացնել, եւ թեեւ օրենքով այլ անձինք եւս կարող են լինել Համահայկական բանկի հիմնադիրներ, եւ տեսականորեն չի բացառվում այլ սուբյեկտների կողմից ներդրման իրականացումը, դժվար թե գտնվի մեկը, որ ցանկանա շուրջ $50 մլն ներդրում իրականացնել Համահայկական բանկում: Կարծում եմ՝ այս խնդիրը պետք է լուծվի հետեւյալ ճանապարհով. վերակազմավորել Համահայկական բանկը՝ դադարեցնել գործունեությունը եւ հիմնադրել ներդրումային ֆոնդ, որը ոչ թե վարկեր, պարտքային այլ գործիքներ կառաջարկի, այլ ներդրումներ կիրականացնի հավակնոտ ստարտափներում, ինչպես նաեւ ԿԲ կողմից վարկանշավորված կազմակերպություններում՝ սեփական կապիտալի համալրման միջոցով: Արդյունքում տվյալ ընկերությունների վարկունակությունը կբարելավվի, եւ պայմանական 1 միավոր ներդրումը կարող է ապահովել եւս 1 կամ նույնիսկ 2, 3 միավոր ներդրում՝ պարտքային գործիքների միջոցով: Արդյունքում հնարավորություն կլինի նաեւ նշված ստարտափների համար մուտք գործել ֆոնդային բորսա, իսկ ֆոնդը կստանձնի շուկա ստեղծողի (market maker) դերը:

Բորսայի մասին Ֆորմալ առումով ամեն ինչ կարգին է: Բորսան աշխատում է, իրականում մեր բորսայի շրջանառության ծավալը ՀՆԱ-ի հետ հարաբերած շուրջ 10 անգամ զիջում է նույնպես պատերազմի մեջ գտնվող Իսրայելին: Առաջարկի խթանման նպատակով 2009թ. շահութահարկի մասով արտոնություն տրվեց այն ընկերություններին, որոնք իրենց բաժնետոմսերը կցուցակեին բորսայում, սակայն դա էլ չաշխուժացրեց շուկան, քանի որ ստվերային շրջանառությունը եւ դրա միջոցով հարկերից խուսափումը ավելի մեծ տնտեսական էֆեկտ է ապահովում խոշոր բիզնեսի համար, քան վերոնշյալ արտոնությունը: Լուծումը մեկն է. պետք է որոշ խմբերի պատկանող կազմակերպություններ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարտադիր ցուցակված լինեն բորսայում: Այդ խմբերից են` հանրային ծառայություններ մատուցող եւ բնական մենաշնորհ համարվող ընկերությունները, քանի որ տնտեսապես հիմնավորվում է մեկ կազմակերպության գործունեությունը տվյալ ոլորտում, ուրեմն պետք է հիմքեր ստեղծել հանրության լայն զանգվածների համար ցանկության դեպքում ներդրումներ իրականացնել տվյալ ընկերության բաժնետոմսերում: Հաջորդ խումբը հանքարդյունաբերությունն է, այստեղ եւս սեփական համայնքի տարածքում գտնվող հանքը շահագործող ընկերությունում ներդրում անելու ցանկություն կարող են ունենալ տեղի ձեռներեց բնակիչները, եւ հարկ է նշել, որ բավականին շահութաբեր գործունեություն է: Այստեղ համայնքի բնակիչների հետ կարելի է համագործակցել, եւ այն բնապահպանական վնասների դիմաց, որ այսպես թե այնպես կրում են, դրա դիմաց կարող են դիվիդենդներ ստանալ որպես փոխհատուցում: Բաժնետոմսերի ազատ շրջանառության որոշակի մասի դեպքում նշված խմբի ընկերությունները փաստորեն անընդհատ կգնանշվեն բորսայում, եւ եթե նույնիսկ տվյալ ընկերությունը ցանկանա բորսայից գնել իր բաժնետոմսերը, միեւնույն է՝ գնանշումը կշարունակվի:

 
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տնտեսագետ

«Առավոտ»

06.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031