Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դոմիկը» երբեք տուն չի դառնա, եւ դրա ժամանակավոր բնույթն արդեն մշտական մղձավանջ է

Դեկտեմբեր 07,2016 15:30

Դեռեւս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք աղետի գոտին վերանվանվեց զարգացման գոտի: Սակայն մինչ օրս 1988-ի երկրաշարժից տուժած հարյուրավոր բնակիչներ զարգացման գոտում միայն երազներում են ապրում: Լոռու մարզի մի շարք բնակավայրերի բնակիչներ շարունակում են կյանքը մաշել տնակներում:

Մարզի Գոգարան համայնքը նույնպես տուժածներից է: Արտագաղթը Գոգարանն էլ չի շրջանցել, մարդիկ ծայրը ծայրին են հասցնում արտագնա աշխատանքում վաստակածով: Լոռու մարզի, այդ թվում եւ Գոգարանի բնակարանաշինությունը պետք է իրականացներ «Գլենդել Հիլզ» ընկերությունը, սակայն օրերից մի օր շինարարական ընկերությունը գործը կիսատ թողեց: Բնակարան չստացած բնակիչներին պետությունն առաջարկեց անշարժ գույքի փոխարեն գումար տրամադրել: Բնակիչների մեծ մասը համաձայնվեց այդ պայմանին, սակայն մինչ օրս նրանց տրված խոստումը կառավարությունը չի կատարում:
Մարզի բնակիչների խոսքերով՝ ձմռան ցրտին տնակներում անցկացնելը, երեխաներ մեծացնելն ու ընդհանրապես կենցաղային հոգսեր հոգալը «սարսափելի ծանր է»:
«Առավոտ»-ը հարցի առնչությամբ դիմեց Քաղաքաշինական կոմիտե` խնդրելով հստակեցնել, թե ինչ ընթացքի մեջ է անօթեւան մնացած ու տարիներ ի վեր տնակներում ապրող քաղաքացիներին փոխհատուցելու հարցը:

Ի պատասխան՝ կոմիտեից հայտնեցին. «ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում, մասնավորապես՝ Գոգարան համայնքում երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու ժամկետների վերաբերյալ տեղեկացվում է. աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրները նախատեսված էր լուծել Ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացմամբ: Սակայն հաշվի առնելով Ծրագրի շրջանակներում կառուցապատումն իրականացնող ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետների ձգձգման, իսկ այնուհետեւ՝ ընկերության սնանկացման հանգամանքը՝ ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված ընտանիքների համար, որպես բնակարանային խնդիրների լուծման ուղղություն, նախատեսվել է նրանց ֆինանսական աջակցության տրամադրումը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ աղետի գոտու գյուղական բնակավայրերում (այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում) Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների նկատմամբ ձեւավորված պետական պարտավորությունների ամբողջական կատարումը նախատեսվում է 2018 թվականի ընթացքում: Ընդ որում, ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմներն ու մոտեցումները կհստակեցվեն աջակցության տրամադրման գործընթացի ժամանակ»:

 

ՄԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ»

06.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aaaaa says:

    Շատ շնորհակալություն ARAVOT թերթի անդզնակազմին հոդվածի համար.Իսկ կառավարությանն կխնդրեինք ուշադրությոն դառցներ այս հոդվածին քանի որ բազում ընտանիքներ երկաար ժամանակ սպասում են այն օրվան թե երբ է վերջապես լուծվելու այդ խնդիրը.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031