ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Սկիզբը՝
Մաս 3.
Կարդացեք նաև
Վիշապին կերակրողները
Հայաստանում կոռուպցիայի մասին խոսում են ամենուր՝ խոհանոցներում եւ աշխատավայրերում, փողոցներում եւ հրապարակներում, խորհրդարանում եւ կառավարությունում: Բոլորը գիտեն. կոռուպցիան վիշապ է, որը նստած է օրինականության եւ արդարության կենարար աղբյուրին՝ արգելակելով տնտեսության եւ քաղաքականության, հասարակության եւ պետության զարգացումը: Սակայն կոռուպցիայի մասին հայկական հրաշապատում հեքիաթն այլ ավարտ է ունենում՝ ոչ ոք չի գալիս եւ չի սպանում վիշապին: Նրանք, ովքեր պիտի սպանեին վիշապին, կերակրում են նրան:
5.
Դիմակազերծե՛ք
կոռումպացվածներին
«Խոշոր կոռուպցիան իշխանազանցություն է, պաշտոնեական դիրքի չարաշահում բարձրագույն մակարդակով, որը օգուտ է բերում փոքրաթիվ մարդկանց՝ ի հաշիվ մեծամասնության՝ լուրջ եւ համատարած վնաս պատճառելով թե՛ անհատներին, թե՛ հասարակությանը: Դա վերաբերում է կոռուպցիայի միլիոնավոր զոհերին ողջ աշխարհում: Կոռուպցիան հաճախ անպատիժ է մնում: Ժամանակն է, որ կոռումպացվածները դեմ առ դեմ բախվեն իրենց հանցագործությունների հետեւանքներին: Պայքարի միասնական ճակատով մենք կարող ենք ավելին: Դիմակազերծե՛ք կոռումպացվածներին»,-2015թ. հունվարին կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունը՝ Transparency International-ը, այս կոչով դիմեց հասարակություններին՝ առաջարկելով կայքում քվեարկել մեծ հնչեղություն ստացած կոռուպցիոն այն գործարքների դեմ, որոնց դեմ պայքարելու համար անհրաժեշտ են միասնական ջանքեր1:
Ըստ Transparency International-ի «Մարդիկ եւ կոռուպցիան. Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա. կոռուպցիայի ընկալման համաշխարհային բարոմետր. 2016» զեկույցի՝ Հայաստանը (Ռուսաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Ուկրաինայի, Բոսնիայի հետ), ըստ երկրի քաղաքացիների՝ «Կոռուպցիայի ամենավատ արդյունքն են արձանագրել, ինչը նշանակում է, որ այդ երկրներում կան իրական եւ լուրջ կոռուպցիոն մարտահրավերներ, որոնք պետք է անհապաղ լուծել: Այս երկրներն աչքի են ընկնում խորհրդարանի անդամների շրջանում բարձր կոռուպցիայով, բարձր կաշառակերությամբ եւ հակակոռուպցիոն գործողություններում ներգրավվելու բացասական սոցիալական միջավայրով»2:
«Դիմակազերծե՛ք կոռումպացվածներին» կոչին Հայաստանում քչերն են տեղյակ, սակայն Հայաստանի հանրությունն անուն առ անուն կարող է թվարկել այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր, նույն հանրության մեծամասնության համոզմամբ, ներգրավված են խոշոր կոռուպցիոն գործարքներում: Հասարակական մակարդակում նրանց անունները հայտնի են: Պաշտոնական մակարդակում այդ լուրերը հիմնականում չեն հաստատվում կամ հերքվում են: Այսպես:
2012թ. Transparency international-ի Երեւանի գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը եւ ՀՀ քաղաքացի Ռ. Նիկողոսյանը դիմեցին ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ (այժմ՝ նախկին) Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ: Դիմումատուները, հղում անելով հայաստանյան ԶԼՄ-ներին, նշում էին Հայաստանում գործող մի քանի ընկերությունների («Յուքոմ», «Մեգասպորտ» խանութների ցանց, Գալաքսի սուպերմարկետ եւ հացի գործարան, «Ալյանս» մաքսային տերմինալ, «Հագուստի աշխարհ» եւ այլն (թվով 12) կապը ՊԵԿ նախագահի հետ: Դիմումատուները նշում էին, որ «համաձայն համառորեն շրջանառվող լուրերի՝ «Յուքոմ» ընկերությունը տնօրինում է ՊԵԿ նախագահը եւ դրանով իսկ օգտագործում է պետական պաշտոնը անձնական նպատակների եւ շահերի համար»: Ի պատասխան՝ 2013թ. մայիսին Հանձնաժողովը ներկայացրեց հետեւյալ եզրահանգումը. «Դիմումներում եւ ներկայացված հրապարակումներում նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս Հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում»3:
Այս տարվա սեպտեմբերին, նոր վարչապետի նշանակումից եւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո սկսեցին բացահայտվել նաեւ նախարարության ենթակայության Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցման համար մոտ 13 մլրդ դրամի անարդյունավետ ծախսերի եւ չարաշահումների փաստերը:
«Յուքոմի» հարցը միշտ խնդրահարույց է եղել շահերի բախման տեսանկյունից: Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին պետական կառավարման եւ կրթական-գիտական հաստատությունների քաղաքային հեռախոսահամարների զգալի մասը փոխվեցին «Յուքոմի» հեռախոսահամարներով, իսկ այժմ էլ նոր միտում է նկատվում՝ դրանք սկսում են փոխարինվել «Ռոստելեկոմի» ցանցի համարներով: Բացի այդ: 2016թ. հոկտեմբերի 6-ի նիստում նորանշանակ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պետական սեփականություն հանդիսացող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքն օտարել: Ըստ «Հայկական ժամանակի»՝ նախարարության շենքը մեկնարկային գնով՝ 27 մլն ԱՄՆ դոլարով, վաճառվել է «Ռոստելեկոմին»: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը 2008-ից եղել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ. «GNC-ալֆա»-ն «Ռոստելեկոմին» հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող նրա դուստր ձեռնարկությունն է:
ՀՀ նախկին եւ ներկա մեծաթիվ պաշտոնյաների անուններ են կապվում կոռուպցիոն գործարքների, հանցատեսակների հետ: Տարիներ շարունակ հայաստանյան ԶԼՄ-ներում յուրացումների եւ չարաշահումների առումով շրջանառվում էր «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ, Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի անունը՝ Հիմնադրամի միջոցների շուրջ 150 մլն դոլարի անարդյունավետ ծախսերի եւ չարաշահումների համար4: Սակայն ոչ վերջինս դատի տվեց որեւէ լրատվամիջոցի զրպարտության համար, ոչ էլ ինքը ենթարկվեց քրեական պատասխանատվության: 2015թ. Արտաշես Թումանյանը նշանակվեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Հայաստանյան ԶԼՄ-ներում, հասարակական շրջանակներում տարիներ շարունակ եւս երկու բարձրաստիճան պաշտոնյաների անուններ էին շրջանառվում, որոնք կապված էին կոռուպցիոն ռիսկերի հետ: Նրանցից մեկը ՀՀ էներգետիկայի նախկին նախարար, «ԻՏԵՌԱ» ռուսական գազային ընկերության նախկին փոխնախագահ Գագիկ Մարտիրոսյանն էր: Կարեն Կարապետյանի առաջին իսկ հրամանագրով նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական: Մյուս բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը տարիներ շարունակ կապվում էր կոռուպցիայի հետ, ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի, պետեկամուտների նախկին նախարար, Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է, որի ֆինանսական կարողությունը, ըստ ԶԼՄ-ների, գնահատվում էր 600 մլն դոլար: Զախարյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած տարիներին կատարված հետազոտությունների համաձայն՝ 10 երեւանցիներից 6-ի կարծիքով քաղաքապետարանը «մեծապես» (30%) կամ «որոշ չափով» (30%) կոռումպացված է, եթե հաշվի առնենք, որ հարցվողների 15 տոկոսն ընտրել է «չգիտեմ» պատասխանը, ապա կոռուպցիոն պատկերը պարզ կդառնա5:
Եվ եթե այսօրինակ իրողություններին ավելացնենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային աղմկահարույց պատմությունը, ապա Հայաստանի բարձրաստիճան կոռուպցիոն իրականությունն ավելի հստակ կդառնա, թեպետ՝ ոչ ամբողջական:
Բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսերի, յուրացումների, վատնումների բազմաթիվ փաստեր են առկա նաեւ ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվություններում, սակայն այդ փաստերը, որպես կանոն, անտեսվում են եւ չեն հետաքննվում:
Հայաստանի հանրության մեջ լուրջ կասկածներ կան, որ այդեւայլ կոռուպցիոն հանցագործությունների թելերը միշտ էլ ձգվել եւ ձգվում են դեպի բարձրագույն իշխանություն՝ դեպի նախագահական նստավայր:
ՀՀ դատարանները խոշոր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քրեական պատասխանատվության ենթարկելու առումով, որպես կանոն, ենթարկվում են բարձրագույն իշխանության հրահանգներին՝ կատարելով քաղաքական պատվեր: Ըստ այդմ՝ իրավական պատասխանատվության հարցը Հայաստանում գործում է ըստ քաղաքական նպատակահարմարության:
«Բռնված չես՝ գող չես»,-ասում է հայ բանահյուսական միտքը՝ ի ցույց դնելով անպատժելիության եւ կոռուպցիայի խրախուսման հայկական իրականությունը: Կոռուպցիոն եկամուտների իրեղեն ապացույցներ են Երեւանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շքեղ առանձնատները, որոնց շուկայական արժեքը հազարապատիկ գերազանցում է դրանց իրական սեփականատերերի պետական աշխատավարձերը, պաշտոնական եկամուտներն ընդհանրապես:
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2012թ. ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի գործառույթները եւ իրավասությունները սահմանվում են «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով»: Հանձնաժողովը պատասխանատու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց գույքի հայտարարագրերի ռեեստրի վարման եւ հրապարակման համար: Ռեեստրի մեծաթիվ տվյալները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի մասով հաճախ լուրջ կասկածներ են առաջացնում նրանց եկամուտների օրինականության առումով: Թեպետ առկա է նաեւ հակառակ պատկերը, երբ հանրային ընկալումներում կոռումպացվածության բարձր աստիճան ունեցող կառույցների ղեկավարների եկամուտները չեն գերազանցել պաշտոնական աշխատավարձերը: Հանգամանք, որը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում: Սակայն Հանձնաժողովն իրավասություն չունի պատժամիջոցներ կիրառել կեղծ փաստաթղթերի եւ տվյալների նկատմամբ, դրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, որոնք հասարակական ընկալումներում ամենակոռումպացված կառույցների առաջին եռյակում են:
* Հոդվածը՝ հատուկ www. hetq.am կայքի համար, ամբողջությամբ տեղադրվել է այնտեղ:
Շարունակելի
Հղումներ եւ սկզբնաղբյուրներ
—————————————————————————————————-
1 https://www.unmaskthecorrupt.org
2 People and corruption: Europe and Central Asia, Global corruption barometrer 2016
3 https://www.ethics.am/files/legislation/ 222.pdf
4 Տե՛ս https://archive.168.am/am/articles/ 4898-pr
5 Տե՛ս Caucasus Research Resource Centers «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների հետազոտությունների», 2008,
https://www.crrc.am/hosting/file/_static_content/projects/corruption_2008_2010/ 2008_Corruption_Survey_Report_Armenian.pdf
«Առավոտ»
06.12.2016