2016 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովի 16-րդ շրջանի ընտրությունները: Այս ընտրություններն ունեն քաղամասային բնույթ, այսինքն՝ Թեհրանի 5 քաղաքամասերից ընտրվում են 39 եւ 6 քաղաքներից 3 պատգամավորներ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 42 հոգի: Սրան գումարվում են 7 հոգեւորականներ, որոնք ընտրվում են քահանաներից: Պատգամավորական Ժողովը ընտրվում է չորս տարվա համար:
Պատգամավորական Ժողովը համարվում է հայ համայնքի բարձրագույն մարմինը, որը իր հերթին ընտրում է համայնքի գործադիր մարմնին, որը կոչվում է Թեմական խորհուրդ: Թեմական խորհուրդը նաեւ իր հերթին պետք է նշանակի տարբեր ենթակառույցներ, օրինակ՝ Կրթական խորհուրդ, Կարիքավորներին օժանդակող մարմին, Բուժարանի խնամակալ մարմին, Գերեզմանատան խնամակալ մարմին, Կալվածային ու շինարարական մարմին, տարբեր եկեղեցիների խորհուրդներ եւ այլն: Ազգային այս կառույցներում ընդգրկվում են մոտ 200 մարդ, որոնք վարում են Թեհրանի ու Թեհրան նահանգի 6 քաղաքների ազգային ու հասարակական կյանքը: Թեմական խորհուրդը եւ իրեն ենթակա կառույցները ընտրվում են երկու տարվա համար:
Պատգամավորական Ժողովը կարող է նշանակել նաեւ Թեհրանի Հայոց Թեմի հոգեւոր առաջնորդին: Պատգամավորական Ժողովը ընտրում է չորս հոգանոց դիվան, որը վարում է Պատգամավորական Ժողովի աշխատանքները: Դիվանը ունենում է իր պարբերական հանդիպումները, սակայն Պատգամավորական Ժողովը համարվելով համայնքի օրենսդիր մարմին՝ գումարում է իր նիստերը երկու կամ երեք ամիսը մեկ անգամ:
Դոկտ. ԼՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Նորընտիր Պատգամավորական Ժողովի անդամ
«Առավոտ»
06.12.2016