Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո նշանի տակ ծնվածը

Դեկտեմբեր 07,2016 13:30

Մերուժանի «Առեղծվածը» օրագրային վիպակը
հերթական ձոներգն է կնոջն ու սիրուն

Լույս է տեսել Մերուժանի «Առեղծվածը» օրագրային վիպակը: Երկլեզու (հայերեն եւ ռուսերեն) գրքույկի կազմի վրա պատկերված է հանրահայտ հոլիվուդյան կինոաստղ Կիրա Նայթլիի դիմանկարը, որն իր կանացի գեղեցկությամբ ու բարոյական համադրությամբ զուգորդում է վիպակի հերոսուհու կերպարին, որին հեղինակը բնորոշում է ոչ միայն առեղծվածային ու խորհրդավոր, այլեւ զարմանալի կռահողականությամբ օժտված, աներկյուղ ինքնավստահությամբ, արեւելյան պարուհու կազմվածքով, բնության ձեռքով շպարված աչքերով, թավշյա քնքշությամբ հրապուրող շուրթերով մեկը:

Ասես վիպակի բնաբանը լինի հեղինակի հետեւյալ միտքը. «Երբ տղամարդը տիրապետում է համոզելու դժվարին արվեստին, հեշտությամբ կարողանում է դառնալ կնոջ գայթակղության ամրոցը, որից հեռանալ չի ցանկանում կինը»: Մերուժանը «պատճառաբանում» է, թե ինչու է ծնվել իր «Առեղծվածը»՝ առեղծվածի մասին. «Իմ կյանքը մոտենում է իր վերջերգին, նման՝ ծերացած կարապի, որի վերջին երգն ամենից գեղեցիկն ու հմայիչն է, քանզի մահամերձ կարապի աչքերում արտահայտվում է աշխարհին սիրահարված էակի փրկության աղերսը՝ վերջին աղաղակի միջոցով: Հավատում եմ, որ իմ աղաղակը վանկ առ վանկ, տող առ տող, խոսք առ խոսք պիտի հասնի իմ ժողովրդին, եւ իմ անունը պիտի հիշատակվի: Ուստի իմ կենսագիրը, իմ ապրած կյանքի հետաքրքրաշարժ դրվագները ներկայացնելիս, անհրաժեշտաբար նկարագրելու է նաեւ իմ սիրային արկածները՝ Կատարինեի ընկերակցությամբ»:

Վիպակում ալիքվող պատմության մեջ անընդհատ շեշտադրվում է կնամեծար ու անդավաճան տղամարդը, որը մեծ էր Կատարինեից 20 տարով: «Նման եւ ավելի տարիքային տարբերությամբ սերեր են ունեցել Սաադին, Դանթեն, Գյոթեն, Զոլան եւ շատ այլ երեւելիներ: Այս մեծերից յուրաքանչյուրը յուրովի է կարողացել բարոյական ու ֆիզիկական բավականություն պատճառել իր սիրեցյալին՝ չհամարձակվելով երբեւէ մտածել, որ իրենից առաջ հանդիպած որ տղամարդն է հիշարժան տվյալ կնոջ կյանքում»,- գրում է Մերուժանը, որի անպաճույճ ու անմիջական շարադրանքն ասես սրտամոտ զրույց-խոստովանություն լինի մտերիմ մարդու՝ տվյալ դեպքում՝ ընթերցողի հետ:
Մերուժանի «Առեղծվածը» հզոր ձոներգ է՝ ուղղված սիրուն ու կնոջը, որի մեջ լիքը ապրում կա, երբեմն նաեւ շատ ցավոտ: Նրա համոզմամբ, մարդը կարող է վայելել անմահության բերկրանքն ու մոռանալ մահկանացու լինելու մասին, քանի դեռ սիրո շքերթն անավարտ է, ինչպես խոստովանությունը՝ անկողնում: «Մեր հանդիպումները շարունակվում են համբույրների ու գգվանքների լիաբուռն մասնակցությամբ: Այս ամենից հետո մնում է հավատալ, որ սերն անվախճան է, ինչպես ժամանակը, նպատակը, նաեւ այն առեղծվածը, որը կոչվում է ԿԻՆ»,-վիպակի վերջին տողերն են սրանք:

Մարկեսը գրել է, որ սերն ամենեւին հոգեվիճակ չէ, այլ Կենդանակերպի նշան: Մերուժանն իր «Առեղծվածը» օրագրային վիպակում փաստում է, որ ինքը Սիրո նշանի տակ է ծնվել, դա ճակատագրի անջնջելի դրոշմ է:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

06.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031