Օրերս Երեւանի թիվ 11 հատուկ դպրոցի հարկի տակ տոնական տրամադրություն էր իշխում: Համադպրոցական հանդես-միջոցառում էր կազմակերպված, որը կրում էր «Դու հավերժող իմ Հայաստան» խորագիրը:
Դպրոցը հյուրընկալել էր հատուկ եւ հանրակրթական դպրոցներից հրավիրված պատմության ուսուցիչների, Կրթության ազգային ինստիտուտի հեղինակավոր, ճանաչված մասնագետների: Հյուրերի թվում էին նաեւ դպրոցում սովորող սաների ծնողներ ու հարազատներ:
Հանդեսի արական սեռի մասնակիցները հագել էին հայկական ազգային բանակի մարտիկների համազգեստ, որ նրանց էր տրամադրվել հարեւանությամբ գործող «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի կողմից, իսկ աղջիկները՝ հայկական ազգային տարազ:
Հանդես-ցերեկույթի ընթացքում գրական գեղեցիկ, արտահայտիչ ասմունքը, հուզիչ ու խրոխտ պարը հաջորդում էին մեկը մյուսին՝ հաճախակի ուղեկցվելով մեծադիր էլեկտրոնային գրատախտակի վրա ցուցադրվող հայկական գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմերի հատվածներով, համայնապատկերներով, դիմանկար-լուսանկարներով:
Ելույթ ունեցողները ներկայացրին երեք հանրապետությունների պատմությունը: Հանդիսատեսները հոտնկայս ծափահարեցին բոլոր ելույթ ունեցողներին՝ երրորդ դասարանցիներ Վիրաբին ու Պայքարին, Միշելին ու Հակոբին, չորրորդ դասարանցի Էմմային, հինգերորդցիներ Մամիկոնին ու Նվարդին, Լուսինեին ու Վանիկին, ութերորդցիներ Օկսանային, Հակոբին ու Արսենին:
Կարդացեք նաև
Ապա հանդեսից ստացած իրենց տպավորությունների մասին խոսեցին հանդեսի կազմակերպիչ ու սցենարի հեղինակ՝ դպրոցի պատմության ուսուցչուհի Հերմինե Մուրադյանի՝ հրավիրված գործընկեր պատմության ուսուցիչները, ԿԱԻ պատմության մասնագետ Աշոտ Ղուկասյանը եւ այլ հյուրեր: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Խաչիկ Մուրադյանը: Նա ընդգծեց, որ իրենց դպրոցի մանկավարժական կոլեկտիվն ու ողջ աշխատակազմը առաջնորդվում են «Աշխատենք ու վերաբերվենք մեր սաներին այնպես, ինչպես մեր սեփական երեխաներին» սկզբունքով:
ՀԵՐՄԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Առավոտ»
06.12.2016