«Ես այստեղ երկրորդ անգամ եմ լինում: Առաջին անգամ շատ պայծառ առիթով էինք հավաքվել, երբ մեր հավաքականը ոսկե մեդալ բերեց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունից: Որոշում կայացվեց այդ հավաքականի հիմքի վրա ստեղծել թիմը, որը ելույթ կունենա որեւէ ուժեղ առաջնությունում: Եվ հիմնվեց «Ուրարտուն», որը հանդես էր գալիս Ռուսաստանի Սուպերլիգայում: Այսօրվա մեր հանդիպման առիթը վատ է. «Ուրարտուն» դադարեցնում է մասնակցությունը Ռուսաստանի Սուպերլիգայում: Խնդիրների առջեւ կանգնեցինք, որոնք չկարողացանք հաղթահարել», – «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց ակումբի նախագահ Արա Պողոսյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանի ֆեդերացիան հանդիպումների տեսուչներով ու մրցավարներով իրենց կանխամտածված վերաբերմունքը չէր էլ թաքցնում: Նա մեկ առ մեկ ներկայացրեց դրանք՝ թիմի կազմի հետ առնչվող անգամ ամենաաննշան հարցերում անհասկանալի մեծ խոչընդոտներից, մրցավարության բացահայտ կողմնակալությունից, վերջացնելով վնասվածքներով, որի դեպքում խաղացողին փոխարինելու հնարավորություն չկար, ֆինանսական խնդիրներով:
Ակումբի նախագահի խոսքերով, Սուպերլիգային մասնակցելը դադարեցնելու որոշումը ակումբի գործունեության կասեցում չէ: «Ուրարտուն» շարունակելու է գործել, պարզապես, եկող տարվանից այլ լիգաների մասնակցելու կամ մեծ քանակությամբ ընկերական հանդիպումներ անցկացնելու հարցերը կազմակերպվելով ենք զբաղված», – ասաց Արա Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ