ՀՀ-ԵՄ ասոցացման նոր համաձայնագրի հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Բրյուսելում: Այսօր այս մասին Aravot.am-ին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը մասնակցում էր Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ՀՀ ասոցացման համաձայնագրի շրջանակներում անցյալ տարի բանակցությունները վերսկսվել են:
Aravot.am-ի այն հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում էլ ԵՄ-ն Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ էր վարում, սակայն Հայաստանի իշխանությունները գերադասեցին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել, արդյոք դեսպանը չի՞ կարծում, որ այս անգամ էլ խնդիրներ կլինեն համաձայնագրի ստորագրման հետ կապված, պարոն Սվիտալսկին նշեց՝ «Մենք լավ բանակցություններ ենք վարել, մեծ առաջընթաց ենք գրանցել»:
Ըստ դեսպանի, բանակցությունները կառուցողական են, բայց դեռ բաց հարցեր կան. «Թե բանակցություններում որտեղ ենք գտնում, ես կկարողանամ ձեզ ասել հաջորդ ամսվանից հետո: Մենք լավատեսորեն ենք տրամադրված, բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Երբ կստորագրվի համաձայնագիրը, եկեք խոսենք հաջորդ ամիս, այդ ժամանակ արդեն պարզ կլինի:
Կարդացեք նաև
Ես հիշում եմ՝ նախարար Նալբանդյանն այս հարցին պատասխանելով նշել էր, որ բանակցությունների դեռ 2 փուլի կարիք կլինի: Բայց այս բանակցությունների հիման վրա կարող եմ ասել, որ ապագա համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, հետեւաբար, լրացուցիչ ջանքեր պետք կլինեն: Բայց ես կհամաձայնվեմ նախարար Նալբանդյանի հետ, որ ոչ շատ փուլերի կարիք կլինի»:
Մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ