Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի վերադարձը Շիրակի մարզում կփոխի ՀՀԿ-ականների ռեյտինգային ցուցակը

Դեկտեմբեր 06,2016 19:07

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը կփոխի՞ ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակը Շիրակի մարզում, հնարավո՞ր է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, որոնք որոշակի բանակցությունների արդյունքում մտնելու էին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ, հանկարծ նորից հայտնվեն ԲՀԿ ցուցակում։

Նշենք, որ ՀՀԿ Շիրակի կառույցում արդեն իսկ քննարկվել ու որոշակիորեն հստակեցվել է վարկանիշային թեկնածուների ցանկը։ Իսկ այնտեղ նախնական պայմանավորվածությամբ տեղ են գտել Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված երկու նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ՝ Մարտուն Գրիգորյանն ու արթիկցի Մուշեղ Պետոյանը։ Մարտուն Գրիգորյանը, որը մշտապես հավակնում է Գյումրու քաղաքապետի պաշտոնին, այս անգամ չառաջադրեց իր թեկնածությունը Գյումրու ՏԻՄ ընտրություններում ու սատարեց Սամվել Բալասանյանին այն պայմանով, որը ընդգրկվի ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակ։ Արթիկի քաղաքապետի ընտրություններում էլ իր թեկնածությունն առաջադրած, սակայն ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանին պարտված Մուշեղ Պետոյանն էլ որոշակի բանակցությունների արդյունքում տեղ է զբաղեցնելու ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում։

«Ոչինչ բացառել հնարավոր չէ, չմոռանանք, որ Շիրակի մարզի հեղինակավոր դեմքերը՝ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Գյումրու մանկավարժականի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը (վերջինս բավական մեծ ձայներ էր ապահովել ԲՀԿ-ի համար 2012թ․-ի ԱԺ ընտրությունների ժամանակ) ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս եկան ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի հեռանալու պատճառով։ Այժմ հնարավոր է քաղաքական գործիչներն ու պատգամավորները, որոնք ԲՀԿ-ի բրենդի ներքո էին մտել Ազգային ժողով, թեև իրենք էլ ունեն իրենց հեղինակությունը և ռեսուրսները, նորից ԲՀԿ ցուցակով առաջադրվեն։

Իրենք դարձել էին ԲՀԿ անդամ, որովհետև ԲՀԿ-ի նախագահն Գագիկ Ծառուկյանն էր, հիմա պիտի կողմնորոշվեն Գագիկ Ծառուկյանի վերադարձով հետ են վերադառնում ԲՀԿ, թե՞ շարունակում են իրենց անկուսակցական գործունեությունը ընտրություններում՝ սատարելով նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին, գլխավոր ինտրիգը հենց այստեղ է։ Շատ լավ գիտեք, որ Շիրակի մարզը Կոտայքի մարզից հետո երկրորդն է եղել որպես ԲՀԿ-ական մարզ ու որքան էլ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն թևաթափ եղած լինի, դեռ շարունակում է ուժեղ դիրքեր ունենալ Շիրակի մարզում։ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի հավաքած մոտ 10 հազար ձայնը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն բավական ուժեղ է, և իշխանությունները չեն կարողանում հաշվի չնստել այս քաղաքական ուժի հետ։

Ի վերջո` Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն նախագահ Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, նախագահն այս որոշումը ընդունեց ՏԻՄ ընտրություններից հետո, որովհետև իրեն ավելի ձեռնտու է ունենալ կանխատեսելի գործընկեր, քան անկանխատեսելի քաղաքական ուժեր կամ այնպիսի գործընկերներ, որոնք ունենալով ադմինիստրատիվ մեծ լծակներ՝ կարող են ընտրությունները ձախողել։ Այս տարվա աշնանը Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, ապացուցեցին, որ Հանրապետական կուսակցությունը 30-35 տոկոսից ավել ձայներ ստանալու հնարավորություն չունի, նույն Վանաձորում էլ հեղինակություններ էին պաշտպանում Մամիկոն Ասլանյանին, Գյումրիում էլ բավական մեծ քանակությամբ հեղինակություններ ու գործող պատգամավորներն էին պաշտպանում Բալասանյան Սամվելին, արդյունքը հետևյալն է․ ՀՀԿ-ի սանդղակն այդ բոլոր ռեսուրսների օգտագործման պարագայում չի անցնում 30-35 տոկոսը, լավագույն դեպքում հասնում է 40 տոկոսի, որն, իհարկե, քիչ է։

Եվ ՀՀԿ-ն գերադասում է ուժեղացնել այն քաղաքական ուժին, որը կարող է իրենց համար կանխատեսելի գործընկեր դառնալ ապագա կոալիցիաներում, տվյալ պարագայում կանխատեսելի գործընկերը ԲՀԿ-ն է։ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի պարագայում հույսեր չունի, քանի որ ՀՅԴ-ն հազիվ ճողոպրեց Վանաձորի ավագանի, իսկ Գյումրիում էլ ունենալով մարզպետ և բոլոր լծակները՝ տարրական պարտություն կրեց»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի կանխատեսմամբ, ԱԺ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն անձամբ որևէ պաշտոն չի զբաղեցնի, փոխարենը պաշտոններ կստանան նրա կուսակիցները։ «Ես ինչքան նկատել եմ Գագիկ Ծառուկյանն էնքան էլ պաշտոնների չի ձգտում, առավել ևս, երբ մենք հիմա դարձել ենք պառլամենտական հանրապետություն, ես չեմ պատկերացնում Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահի դերում։ Ես չեմ պատկերացնում նրան նաև վարչապետի դերում, որովհետև վարչապետի աթոռն արդեն խոստացված է Կարեն Կարապետյանին, հաջողության դեպքում նա կշարունակի գործունեությունը, բայց ես պատկերացնում եմ, թե նույն ԲՀԿ- ի ինտելեկտուալ խավը ինչ պաշտոններ կարող է ստանալ ապագա կոալիցիոն կառավարության մեջ։ Գագիկ Ծառուկյանն հավանական է ապագայում չի էլ ցանկանա դառնալ նախագահ, քանի որ մենք հիմա պառլամենտական հանրապետություն ենք դառնում, նախագահի պաշտոնը, երևի թե, գայթակղիչ չէ Ծառուկյանի համար, Հայաստանի ապագա նախագահն կունենա Անգլիայի թագուհու կարգավիճակ, ընդամենը տիտղոս և վերջ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031