ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը
Մոտ 5 տարի առաջ խորհրդարանում ինձ վստահվեց ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի աշխատանքը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտությունը, կոնկրետ աշխատանքի ընթացքում ավելի տեսանելի դարձան խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունները, տարբեր երկրների գործընկերների հետ արդյունավետ աշխատանքը, բարեկամությունը եւ համախմբվածությունը համամարդկային արժեքներին։Հարկ եմ համարում շեշտել, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարության,մեր բոլորի ջանքերով ֆրանկոֆոն հարթությունում այսօր Հայաստանը դիտվում է որպես արժանի, վստահելի, ուժեղ եւ կարեւոր գործընկեր, նաեւ սա է պատճառներից մեկը, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական վեհաժողովը 2018-ին տեղի կունենա Հայաստանում, կառույցի ղեկավարները անդամ 84 երկրներից ընտրել են Հայաստանը,եւ սա հպարտանալու եւ ավելի զգոն եւ արդյունավետ աշխատելու մի նոր առիթ է։
Իմ այսօրվա հայտարարությունն ավելի շատ զեկույց է ֆրանկոֆոն տիրույթում իմ կատարած աշխատանքի մասին։ Անցնող 5 տարիների ընթացքում ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն անցկացրել է ընդհանուր հաշվով 20 նիստ, այդ թվում՝ վեհաժողովներ, տարածաշրջանային նիստեր, ինչպես նաեւ կանանց խորհրդի նիստեր։ Ինքս որպես ԽՎ անդամ երկրի սեկցիայի ղեկավար այդ 20-ից ընդամենը 9 նիստի եմ մասնակցել՝ չմասնակցությունը եղել է ոչ թե իմ անձնական որոշումը, այլ՝ «փող չկայի», հեռու է, «էստեղ էլ նիստ ունենք» եւ այլ պատճառաբանություններով։ Անցածին չեմ ուզում անդրադառնալ, սակայն, արդեն որպես ավարտական շրջան, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ելույթ եմ ունեցել բոլոր այն նիստերում, որոնց ներկա եմ եղել, մեծածավալ ելույթով խոսել եմ հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, 100 ամյա տարելիցի առիթով հրավիրել եմ նիստն անցկացնել Երեւանում, հրավերս չմերժելով, իմ եվրոպացի գործընկերները/մեկ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ/, 2015-ի մարտին Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը անցկացրին Երեւանում, եղան ցեղասպանության զոհերի հուշարձան-թանգարանում, ընդունեցին աննախադեպ հայտարարություն՝դատապարտելով Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը, եվրոպական երկրների իմ գործընկերներին ընդունեց մեր երկրի նախագահը։ Ապրիլյան պատերազմից հետո, Եվրոպայի տարածաշրջանային լիագումար նիստում,խոսելով Ադրբեջանի վայրագությունների եւ ագրեսորական կեցվածքի մասին, ներկաներին բաժանեցի գրքույկներ, այդ վայրագությունների պատկերներով եւ գրառումներով; Իմ այս ելույթը լսվեց նաեւ ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որը եւս աննախադեպ էր։Կարծում եմ հարկ չկա մեկ առ մեկ անդրադառնալ բոլորին։
2016-ի մարտին Երեւանում,մեր խորհրդարանում ստեղծեցինք երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարան, որի կազմում են երկրի 4 բուհերի ֆրանսախոս 50 ուսանողներ, նախաձեռնել ենք նույնատիպ խորհրդարան ստեղծել նաեւ Արցախում, հրավերներ եմ ուղարկել, նաեւ՝ տետ ա տետ հանդիպումների ժամանակ հրավիրել եմ իմ գործընկերներին, սիրով ընդունելով հանդերձ, օբյեկտիվ պատճառներով չկարողացան նիստին ներկա լինել մեր նախատեսած ժամկետում՝ հոկտեմբերին, հուսամ, գարնանը կկարողանանք կատարել նաեւ այս խոստումը։
Կարդացեք նաև
Վերջերս նամակ ստացա նաեւ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայտնի սենատոր պարոն Պիեռ Լեժանդղից, առաջարկում է քաղաքական հարցերի հանձնաժողովի առաջիկա նիստը անցկացնել Երեւանում, սիրով շնորհակալություն հայտնելով այդ մեծ վստահության համար, բացատրեցի իմ ավագ գործընկերոջը, որ մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ ժամկետների մասին կարելի կլինի խոսել ավելի ուշ։
Ավարտելով իմ կարճ հաշվետվությունը, ուզում եմ շեշտել՝ փորձել եմ ինձ վստահված գործը անել բարեխղճորեն, որակով եւ սիրով, կարծում եմ խորհրդարանական դիվանագիտությունը մեծ ապագա ունի, հատկապես՝ մեր երկրի համար, որն անցնում է խորհրդարանական կառավարման եւ աշխարհի հետ մեր հիմնական կապերը լինելու են հենց խորհրդարանական կապերը։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բոլոր հետաքրքրվածներին կտրվեն նաեւ ելույթներս՝ ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով։