«Նախընտրական շրջանում գողն ու ավազակը դառնում են գրեթե սուրբ, հանցագործը դառնում է գող բռնող, իսկ նորմալ մարդիկ վաղաժամ մահանում են»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ընդգծելով, որ նորմալ մարդկանց մահանալու մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ այս տարվա վերջին խորհրդարանական հայտարարությունների ժամին խոսեց ՀՀ անվտանգության մասին. «Վերջին շրջանում հետաքրքիր հայտարարություններով հանդես եկավ մեր հարեւան երկրի ղեկավարը: Նախ` նա առաջին անգամ խոստովանեց, որ միջազգային հանրությունը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի նրանք ճանաչեն ԼՂՀ-ն: Այսինքն, Ալիեւը խոստովանում է, որ բանակցային գործընթացում իր վրա կա պրեսսինգ եւ առնվազն միջնորդները հասկանում են, որ ուշ թե շուտ ԼՂՀ-ն պետք է միջազգայնորեն ճանաչվի: Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ նա բառացի նշեց, որ Ադրբեջանի փաստացի հիմնադիրը իր հայրն է՝ ավագ Ալիեւը: Սա ֆուտբոլային տերմինով ասած՝ ինքնագոլ է՝ սեփական դարպասը: Եվ հասկանալով, որ ինքը արել է հայտարարություններ, որը հակասության մեջ է մտել իր նախկին հայտարարությունների հետ, Ալիեւը միանգամից անցավ աղմկալի հարձակման, աղմուկ-աղաղակով հիշելով ադրբեջանական պատմական հողերի մասին: Անհարմար է, աղմուկ մի՛ արեք, առնվազն «Միլան» ֆուտբոլային ակումբը 10 տարով ավելի մեծ է, քան Ադրբեջանը»:
Շարմազանովը հիշեց Մարկ Տվենին՝ աղմուկ անելը օգտակար չէ, հավն էլ է ձու ածելիս աղմուկ անում այնպես՝ ասես աշխարհ է ի հայտ բերել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ