Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր կայացավ շախմատի մրցաշար՝ նվիրված Ս. Աբգար թագավորին: Մրցաշարն արդեն 4-րդ անգամ կազմակերպում են Արարատյան թեմի երիտասարդաց միությունները: Այս անգամ շախմատի սիրահարների հետ միաժամանակյա խաղի սեանս անցկացրին գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Կարեն Գրիգորյանը: Իսկ մինչ այդ, ցուցակագրված 42 շախմատասերները միմյանց միջեւ որոշեցին ավելի ուժեղներին, ինչի արդյունքում սեանսին մասնակցեց 21 հոգի:
ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, «Առաջին տարին սկսել ենք 5-6 սեղանով, մեր երիտասարդների մեջ: Իսկ այսօր արդեն երկրորդ փուլից հետո, այսպես ասած, եզրափակչին մասնակցում է 21 հոգի: Նպատակ կա ընդլայնել մրցաշարի շրջանակները՝ այն վերածելով փառատոնի: Դահլիճի խնդիրը կլուծենք: Մեզ հետ համագործակցում են Հայաստանի ու Երեւանի շախմատի ֆեդերացիաները, քաղաքապետարանը, էլի շատ կառույցներ՝ իրենց մասնակցությունով. պաշտպանության նախարարությունը եւ ոստիկանությունը՝ ի դեմս իրենց կրթահամալիրների սաների, հոգեւորականներ, բժիշկներ, անգամ կուսակցություններ, ինչպես ՀՅԴ-ն: Արդեն երկրորդ տարին է՝ մեր այս նախաձեռնությանը մասնակցում են տեսողության խնդիրներ ունեցող անձինք: Մենք նրանց հավասար հնարավորությունների պայմաններում առաջնահերթություն ենք տալիս, որպեսզի իրենք իրենց հասարակության լիիրավ անդամ զգան: Ի դեպ, նրանց մեջ լավ շախմատ խաղացողներ կան: Օրինակ, այսօր այստեղ է չորս հոգի ու չորսն էլ հաղթահարել է առաջին փուլը»:
Առաջին փուլում պարտված 21 մասնակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր, իսկ միաժամանակյա սեանսին մասնակցածները պարգեւատրվեցին պատվոգրերով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ