Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի «Socar» նավթագազային ընկերությունը ցանկանում է գնել ռուսական գազը Վրաստանով ՀՀ հասցնող գազատարը: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին էլ իր հերթին հայտարարել էր, որ Վրաստանի նավթագազային ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը գուցե առաջիկայում վաճառքի հանվի:
Թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցեց «Ռազմինֆո» կայքի ադրբեջանական բաժնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի հետ: «Ոչ թե ընկերությունն է հանվում վաճառքի, այլ արժեթղթերի 25%-ը: Ըստ էության, բացառվում է, որ որեւէ ընկերություն կարողանա ամբողջությամբ 25% արժեթղթերը գնել, որովհետեւ դրանով հետաքրքրված է ոչ միայն ադրբեջանական կողմը, այլ մի շարք այլ ընկերություններ»,-հստակեցրեց Տարոն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ եթե անգամ 25% բաժնետոմսերը որեւէ ընկերություն կարողանա գնել, վերահսկիչ փաթեթ ձեռք չի բերելու վրացական ընկերության նկատմամբ. «Վերջինս մնում է վրացական պետական նավթագազային ընկերություն՝ իր վերահսկիչ փաթեթով: Իսկ 25% արժեթղթեր ունեցող ընկերությունը պարզապես շահույթ է ստանալու»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը քարոզչական նպատակ ունի. հայկական լսարանի շրջանում ցանկանում են տրամադրություն ստեղծել, թե իբր Ադրբեջանն է որոշելու՝ ե՞րբ եւ ի՞նչ գնով պետք է ՀՀ գազ մատակարարվի:
Կարդացեք նաև
Տարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց՝ վրացական կողմը հաստատապես չի ասել, թե արժեթղթերի համապատասխան աճուրդ է կազմակերպվելու, իսկ վերջինիս լինելու դեպքում ադրբեջանական ընկերությունը գուցե 1-2% արժեթղթեր գնի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ