ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը անցած շաբաթ 1915 թվականի իրադարձությունները բնորոշել է որպես ցեղասպանություն, հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, հարց բարձրացնելով՝ արդյոք Օբամայի վարչակազմը ծածուկ ճանաչել է Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանի հայերի կոտորածը որպես ցեղասպանություն:
«Ցեղասպանություն եզրույթը տևական ժամանակ տաբու է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի համար, ով դրա փոխարեն խոսում է զանգվածային կոտորածների ու պատմական ողբերգության մասին: Սակայն ՄԱԿ-ում Օբամայի դեսպանը անցած շաբաթ իր ղեկավարից ավելի հեռուն գնաց», – հաղորդում է Associated Press-ը, մանրամասնելով՝ Նյու Յորքում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Սամանթա Փաուերը խոսել է մինչ օրս շարունակվող պատմական անարդարությունների մասին, այդ շարքում հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:
«Փաուերը ընդամենը հինգ բառ ասաց՝ առանց մանրամասնելու, սակայն այդ հինգ բառը կարող են գազազեցնել Ամերիկայի գործընկեր և ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիային, որը կատաղի ձևով ընդդիմանում է Հայոց ցեղասպանության մասին որևէ հիշատակման», – փաստում է գործակալությունը, ընդգծելով՝ հայտարարությունը արտառոց էր նաև՝ հաշվի առնելով, որ Սամանթա Փաուերը կարգավիճակով Ամերիկայի երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետն է, և սա կարող է ընկալվել որպես նրա կողմից քննադատություն Բարաք Օբամայի հասցեին:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում