Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ

Դեկտեմբեր 06,2016 17:08

«Նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու անհատ պատգամավորներին` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շահագրգիռ, քննադատական եւ համակողմանի քննարկումների համար:

Պետական բյուջեի նախագիծն արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը եւ միեւնույն ժամանակ նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում: Հենց այդ կարեւորությամբ էլ պայմանավորված էին Ազգային ժողովում տեղի ունեցած շահագրգիռ քննարկումները քաղաքական տարբեր ուժերի եւ անհատ պատգամավորների մասնակցությամբ:

2017 թվականին պլանավորվող հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բավականաչափ հուսադրող են եւ կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծվեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Մասնավորապես, առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 5.5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4.0 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 2.8 տոկոսով: Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռեւս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք` տնտեսության բնականոն գործունեության ապահովման եւ հետագա զարգացման համար:

Զերծ մնալով վերջին տարիներին գրանցված դրական զարգացումների արձանագրումից՝ ցանկանում եմ հիմնական ուշադրությունը հրավիրել առաջիկա տարվա ընթացքում մեր հիմնական անելիքների եւ քայլերի վրա:

Կարծում եմ՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրում առկա տարաբնույթ խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները: Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները դեռեւս բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների համապարփակ եւ ամբողջական լուծման համար: Սակայն, միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ առկա բյուջետային միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով՝ կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը, որն ապահովելու համար պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը: Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման, բնակչության սոցիալապես խոցելի խավերի առավել արդյունավետ պաշտպանության եւ սոցիալական աջակցության մատչելիության ապահովման ուղղությամբ:

Մեր կարեւորագույն խնդիրներից մեկն էլ երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է` հասարակության լայն շերտերի ներգրավմամբ: Երկրում կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրների լուծումը պահանջում է տնտեսական ծավալուն բարեփոխումների իրականացում` առաջին հերթին ավելի ազատ մրցակցային դաշտի ձեւավորման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով: Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի ձեռնարկատիրական հակումներ ունեցող յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր գործարար ներուժը` զերծ մնալով բյուրոկրատական քաշքշուկից ու պետական մարմինների անհարկի միջամտությունից, եւ այս ուղղությամբ առաջին քայլերը, կարծում եմ, տեսանելի են բոլորի համար:

Գնահատանքի են արժանի վերջին տարիներին տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված քայլերը: Չնայած արտաքին անբարենպաստ միջավայրին՝ մեր երկիրը խուսափեց ցնցումներից եւ ոչ ցանկալի տնտեսական ու սոցիալական զարգացումներից: Իհարկե, արձանագրված արդյունքները չեն կարող բավարար համարվել կայուն եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար: Մենք դա գիտակցում ենք եւ հաստատակամ ենք անհրաժեշտ քայլերի իրականացման միջոցով ապահովել այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ նախադրյալներ: Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք նոր ծրագրեր իրականացնել երկրում տնտեսական նոր որակի աճի ապահովման համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունը: Գործարար աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է զգա իշխանությունների հաստատակամությունը եւ պատրաստակամությունը իրեն աջակցելու եւ գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում: Մեր հիմնական խնդիրն է նոր լուծումների եւ մոտեցումների մշակման միջոցով հասնել կայուն զարգացման եւ ավելի ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

Հատկապես ուզում եմ կարեւորել երկրում սոցիալական համերաշխության ապահովումը, որը, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ երաշխիք է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների սահուն ընթացքի ապահովման համար: Դա, առաջին հերթին, ենթադրում է նոր մոտեցումներ սոցիալական խնդիրներին` հիմնական շեշտը դնելով արդարացի եւ հասցեական սոցիալական աջակցության վրա: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ինչպես պետական եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացմանը, այնպես էլ դրանց հաշվին իրականացվող պետական ծախսերի արդյունավետության ապահովմանը: Բոլոր պետական մարմինները պետք է ապահովեն առավելագույն արդյունք յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցից: Այսօր քան երբեւէ, ստեղծված տնտեսական իրավիճակը մեզանից պահանջում է պետական միջոցների ավելի ռացիոնալ եւ նպատակային օգտագործում՝ համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բացառելով բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործումը, առավել եւս՝ փոշիացումը: Ինչպես հիշում եք, հենց այս մոտեցումների վրա էր կառուցված նաեւ կառավարության ծրագիրը, որը մենք հավանության արժանացրինք բոլորովին վերջերս:

Գաղտնիք չէ, որ կառավարության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է եւ նոր ներդրումների ներգրավումը: Իհարկե, 2017 թվականին կանխատեսվող 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ եւ կարող է որոշակի հիմք հանդիսանալ տնտեսության զարգացման նախադրյալների ձեւավորման համար: Սակայն մենք հասկանում ենք, որ նման մակարդակը բավարար չէ հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ քայլեր պետք է իրականացնել գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ: Առավել քան վստահ եմ, որ չնայած մեր ունեցած դժվարություններին՝ մեր երկիրն ունի մի շարք առավելություններ, որոնց բացահայտումը եւ ճիշտ ներկայացումը կարող են Հայաստանը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

Հարկ եմ համարում նշել, որ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը տնտեսական գործունեության իրականացման եւ ընդլայնման հեռանկարների առկայությունն է: Դա պահանջում է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկություններին անհրաժեշտ օժանդակության եւ աջակցության ցուցաբերում: Պետք է գործուն մեխանիզմներ ներդնել պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Հարգելի պատգամավորներ,

ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Ուստի, կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այդ կերպ աջակցել կառավարության գործունեության արդյունավետ իրականացմանը»:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031