Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժշկական համալսարանը հյուրընկալեց աշխարհի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալին

Դեկտեմբեր 06,2016 16:44

«Այն ինչ կապված է Հայաստանի հետ կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այստեղ լինում եմ և ուրախ, և տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ»,- այս խոսքերով սկսեց ԵՊԲՀ-ում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպումը Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը:

Աշխարհի մանկական բժիշկը մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և առողջապահության տարբեր ոլորտների պատասխանատունների ուշադրությանը ներկայացրեց աշխարհի տարբեր անկյուններում իր և իր թիմի կատարած հսկայական աշխատանքը: Անվանի բժշկի արխիվային լուսանկարների օբյեկտիվում տարբեր ազգության երեխաներն են, որոնց բժիշկը օգնության ձեռք է մեկնել, փրկել, ապաքինել և վերադարձրել լիարժեք կյանք: Տարբեր տարիների կտրվածքով արված մանկաբույժի անձնական լուսանկարները հնարավորություն ընձեռեցին ներկաներին հետադարձ հայացք նետել աղետների, արհավիրքների, ահաբեկչությունների տարեգրությանը:

«Լեոնիդ Ռոշալի կերպարը ասոցացվում է հումանիզմի, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային արժեքների հետ: Նա ներկայացնում է բժշկական մի ամբողջ դարաշրջան, միշտ հայտնվում է դժբախտության մեջ հայտնված այն մարդկանց կողքին, որոնք ունեն օգնության կարիք: Նա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային պարտք է կատարում»- իր ելույթում նշեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստի որոշմամբ Լեոնիդ Ռոշալին է շնորհվելու բուհի պատվավոր դոկտորի կոչում: Շուրջ երկու ժամ տևողությամբ դասախոսության ընթացքում նա անդրադարձավ բոլոր այն ողբերգական իրադարձություններին, որոնց կիզակետում հայտնվել են երեխաները:

Հմուտ մանկաբույժի գնահատմամբ` աղետի գոտիներում համապատասխան բժշկական խմբի կողմից անհրաժեշտ մասնագիտական բուժօգնության տրամադրումը հնարավորություն է տալիս նվազեցնել հաշմանդամությունը, հետագա բարդությունները և մահացության ցուցանիշները: Աֆղանստան, ԱՄՆ, Բեսլան, Հայաստան, Բեռլին, Հնդկաստան, Ալժիր. բժշկի՝ օգնության ձեռք մեկնած գոտիների աշխարհագրությունը լայն է:

Անգնահատելի է Ռոշալի բարեկամական վերաբերմունքն ու ցուցաբերած հսկայական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին հատկապես 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների փրկության և երջանիկ մանկություն վերադարձնելու գործում:

«Մենք որդեգրել ենք անկախ տարիքից, սեռից, ազգային պատկանելիությունից աշխարհի բոլոր անկյուններում երեխաներին օգնելու կարգախոս, չէ՞ որ գուցե մի օր այդ երեխան մեծանա և փրկի աշխարհը»,-ընդգծեց Լեոնիդ Ռոշալը:

Մանկաբույժը խոսեց նաև Կասպիսկում, Դուբրովկայում և Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին: Անվանի մանկաբույժը տարիներ անց առ այսօր վարժ հիշում է ծանր վիրավորում ստացած բոլոր տուժածների թիվը, անգամ լուսանկարների փոքրիկներին հիշում է անուն առ անուն:

Աշխարհի մանկական բժիշկը իր հարուստ կենսագրության մեջ անգամ ունեցել է նաև ահաբեկիչների հետ բանակցելու փորձ: Դասախոսության ընթացքում նա կարևորեց միասնականությունը, որի շնորհիվ հատկապես դժվարին իրավիճակներում հնարավոր է շատ խնդիրներ լուծել:

Միջոցառումը եզրափակվեց Լեոնիդ Ռոշալին ուղղված հարցերով: Ուսանողներից մեկի այն հարցին՝ թե ինչն է պակասում աշխարհին խաղաղության համար, աշխարհահռչակ բժշկի պատասխանը մեկն էր ՝ բարությունը:

Ավելի քան 500 ներկաներին նա մաղթեց բարգավաճում, բավարարվածության զգացում կատարված աշխատանքից, առողջություն, երջանկություն, իսկ բժշկական բուհին՝ նախկինում գործող մանկաբուժական ֆակուլտետի վերաբացում:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031