Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ՝ ԱԺ-ում. Բագրատյանը նախարարին ասաց, որ փոքր է, հետամնաց գիտելիքներ ունի եւ սուտ է խոսում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2016 16:39

«Ճիշտ չի, որ պատգամավորը, որն ունի այդքան դիտողություն, թույլ չեք տալիս ելույթ ունենա եւ ասի՝ ախպեր ջան, ճիշտ չեք անում»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսպես դժգոհեց 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Նա ֆինանսների նախարար Վարդան Արամյանին քննադատեց՝ ասելով. «Ժամանակակից տնտեսական քաղաքականությունը չի տեղավորվում այն տնտեսական քաղաքականության մեջ, որ ժամանակին՝ 90-ականների կեսերին դուք սովորել եք: Դուք առաջ չեք գնում»:

Հրանտ Բագրատյանը հիշեցրեց նախարարի տարիքը՝ դուք մեզանից 10-15 տարի փոքր եք, մենք ձեզ սովորեցնում էինք, ասում ենք՝ աշխարհը փոխվել է:

Հետո նա ասաց, որ նախարարը սուտ է խոսում:

Վարդան Արամյանը Բագրատյանին ասաց, որ ինքը ամեն դեպքում կփորձի «գործընկերային սոլիդարությունը պահել». «Չեմ կիսում ձեր այն կարծիքը, որ մենք սուտ ենք խոսում: Ես պատրաստ եմ իմ կողմից ներկայացված ցանկացած թեզ հիմնավորել տնտեսագիտական ակադեմիական աշխարհում, ընդ որում ոչ թե 20 տարի առաջվա գիտելիքներով, այլ ժամանակակից ակադեմիական աշխարհում հիմնավորված մոտեցումներով»:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ Հրանտ Բագրատյանին ձայն չտալու հետ կապված պարզաբանեց, որ պետբյուջեի նախագծի քննարկման վերսկսումը ԱԺ կանոնակարգ օրենքով է սահմանվում, որտեղ ամրագրված է, որ ելույթներ պատգամավորների համար նախատեսված չեն. «Ոչ թե ձեզ արգելում են ելույթ ունենալ, այլ սա կանոնակարգ օրենքով է նախատեսված»:

Հրանտ Բագրատյանն արձագանքեց, որ կանոնակարգը գիտի, ինքը այդ մասով առաջարկ է արել, չի անցել, ուստի հրավիրում է բոլորի ուշադրությունը, որ «դա աբսուրդ է»:

Ինչ վերաբերում է նախարարի նետած մարտահրավերին, որ պատրաստ է տնտեսագիտական ակադեմիական աշխարհում իր մոտեցումներն ապացուցել՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այս աշխարհում գոյություն ունի Նոբելյան մրցանակի այնպիսի դափնեկիր, որ այս իմ ճկույթի չափ կարողանա առաջարկ անել ՀՀ տնտեսության մասին»:

Ըստ նրա, կառավարությունը «ոնց որ ձեռ առնի» իրեն: Վարդան Արամյանն էլ պատասխանեց, որ այնպես, ինչպես պատգամավորն է հետեւում նոր տնտեսագիտական ժամանակակից աշխարհին, վերլուծություններին, այնպես էլ իրենք են հետեւում: Նախարարը վստահեցրեց, որ իրենք հետամնաց գաղափարներով չեն առաջնորդվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031