Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդմասցի Լյովիկի գործով հետազոտվեցին վիճահարույց տեսագրությունները

Դեկտեմբեր 06,2016 16:32

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, ինչպես նախորդ դատական նիստին, քննվեցին «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով  ապացույցները:

Դատարանում ցուցադրվեցին «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկների վիճահարույց տեսագրությունները: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը պնդում է, որ տեսագրության մեջ երեւացող  3 անձինք, որոնց դեմքերը թեեւ հստակ չեն երեւում, բայց հաստատապես ամբաստանյալներն են, իսկ պաշտպանական կողմը պնդում է, որ տեսագրության մեջ ամբաստանյալները չեն երեւում:  Այսօր էլ հետազոտվող տեսանյութում մեղադրող դատախազը պնդեց, որ  երեւում է երեք անձի տեղաշարժ, պաշտպանական կողմը չհամաձայնեց`պնդելով, որ հստակ էր միայն մեկ անձի տեղաշարժը:

Ամբաստանյալների պաշտպան` փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարություն արեց. «Հարգելի՛ դատարան, առհասարակ ապացույցը, որը ներկայացվել է դատարան, որակի խնդիր ունի, ապացույցը պետք է համոզեցուցիչ լինի: Այս տեսանյութում նույնիսկ չի երեւում` այդ մեկ անձը կին է, տղամարդ, ծեր , թե երեխա…Մեղադրող կողմին ձեռնտու է ցույց տալ, որ երեք անձի շարժ կա, մինչդեռ մեկ անձի շարժ է երեւում միայն»:

Նույն տեսանյութում երեք անձանց հարցը վիճարկվեց նաեւ այլ հատվածներում, մասնավորապես, դատախազը պնդում էր, թե 3 անձ քայլում է, հետո նրանցից մեկը այլ ուղղությամբ հեռանում է, բայց  տեսանյութում չորս անձ էր երեւում: Մեկ այլ տեսագրությամբ, մի մեքենա երկու անգամ ավտոտնակ էր մտնում ու  այդտեղից դուրս չէր գալիս:

Տեսագրությունների հետազոտությամբ ավարտվեց այսօրվա դատական նիստը, հաջորդը նշանակվեց դեկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը մեղադրվում են 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ կրակահերթ արձակելու համար: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031