300 մլն դրամը, որ կառավարությունը տնտեսել է ՊՈԱԿ-ների օպտիմալացումից, ըստ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի, մեծ գումար չէ, բայց մարդիկ էլ աշխատանքից են զրկվում:
Այսօր ԱԺ-ում 2017-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նա ֆինանսների նախարար Վարդան Արամյանին ասաց, որ պետությունը չի նախատեսել այդ մարդկանց համար ամորտիզացիոն մեխանիզմներ: Տարբեր երկրներում իրականացնում են օպտիմալացում, բայց առաջարկում են ամորտիզացիոն մեխանիզմներ: Այդ մարդիկ աշխատելու հնարավորություն պետք է ունենան, կամ բիզնեսի դաշտ անցնեն. «Մարդկանց աշխատանքից դուրս եք հանում, չեք տալիս աշխատելու որեւէ հնարավորություն, իսկ խնայողությունը ընդամենը 300 մլն է: Բա մարդկանց ճակատագիրը, որ գործազուրկ են դառնում»:
Վարդան Արամյանն ի պատասխան հիշեցրեց նույն ԱԺ մի շարք պատգամավորների դժգոհությունը, որ պետական ապարատը ծանրաբեռնված է, ուռճացված է: Ուստի իրենք գնում են նրան, որ պետական միջոցները ծախսվեն արդյունավետ: Նա ասաց, որ կրճատում են այս սկզբունքով՝ արդյոք աշխատողը ստեղծո՞ւմ է հավելյալ արժեք, արդյոք նույն ծառայությունը մասնավո՞րը չի մատուցում եւ իրենք անիմաստ ծախս են անում. «Շուրջ 300 մլն-ի տնտեսումը դեռեւս առաջին ծիծեռնակներն են: Այն գործընթացը, որով մենք շարժվում ենք, այդ գումարը շատ ավելի մեծ է լինելու: Շատ ավելի ճիշտ կլինի, եթե կա աշխատող, որը կոպիտ ասած աշխատող թոշակառու է, այսինքն, ինքը աշխատում է, բայց իրականում իր կատարած աշխատանքի արդյունքում որեւիցե բան չի ստեղծում, իմաստը նա է, ճիշտ կլինի, որ մենք հրաժարվենք: Իհարկե, բարդ է այդ մարդկանց աչքերի մեջ նայել եւ ասել, որ ձեր ծառայությունը այլեւս մեզ պետք չի: Իհարկե, այդ մարդիկ համալրելու են գործազուրկների բանակը, բայց հարկադրված քայլ է, եթե մենք ուզում ենք իրականում տնտեսության մեջ բարեփոխումներ կատարել»:
Վարդան Արամյանն ասաց, որ պետական համակարգում նաեւ թափուր հաստիքներ կան ու եթե լավ մասնագետ են. «Թող գնան այդ թափուր հաստիքները համալրեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ