Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու համար միայն ՔԿՀ-ներում իրենց լավ դրսեւորելը քիչ է. Սուրեն Քրմոյանը ներկայացրեց չափանիշները

Դեկտեմբեր 06,2016 15:59

Դատապարտյալների կրկնահանցագործության հավանականության գնահատումը ներկայումս գուցեեւ կիրառվում է, բայց հստակ ամրագրում չի ստացել: Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Ասում ենք`դատապարտյալն ուղղվելու համար կարիք չունի պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), լավ, բայց նա կարող է իրեն լավ դրսեւորել ՔԿՀ-ում, տույժ չունենալ, բայց ռիսկայնությունը բարձր լինի: Օրինակ` անձը ութ անգամ գողության համար դատապարտվել է, որեւէ տույժ չի ստացել ՔԿՀ-ում, դա չի նշանակում, որ վաղաժամկետ պայմանական ազատ պետք է արձակվի: Հստակ չափանիշներ ենք սահմանել` հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորությունը, իր կատարած արարքի վերաբերյալ ինչ վերաբերմունք կա, զղջում է կամ ինչ քայլեր է ձեռնարկում այդ խնդիրը վերացնելու ուղղությամբ»,-ասաց փոխնախարարը:

Ըստ նրա, վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու համար հաշվի են առնվելու նաեւ դատապարտյալի ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ ունեցած կապը. «Եթե անձը կապ ունի ընտանիքի հետ, դա եւս մի երաշխիք է, որ նա կվերադառնա ընտանիք ու չի կատարի հանցագործություն: Հաշվի ենք առնելու նաեւ դատապարտյալի առողջական վիճակը, հոգեկան առողջությունը»:

Փոխնախարարը նկատեց, որ այն դատապարտյալները, որոնց վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու վերաբերյալ անկախ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, կարող են հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031