Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի տվյալներով, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների զբաղվածության ցուցանիշը կազմում է 10-15 տոկոս: Ըստ նրա, աշխատանքի բացակայությունը խնդիր է, բայց բացի դրանից մեկ այլ խնդիր էլ կա`դատապարտյալները չեն ուզում աշխատել:
«Շատ դեպքերում ունենում ենք աշխատանքի հնարավորություն, դատապարտյալները հրաժարվում են ինչ-ինչ պատճառներով: Օրինակ` Աբովյանում ունեինք հնարավորություն համապատասխան գյուղատնտեսական աշխատանքներ անելու, որտեղ ներդրողը տալիս էր, թե նախնական աշխատավարձը, թե սերմերը, թե ամեն ինչ, բայց չգտանք աշխատողներ, հրաժարվեցին: Մարդիկ հրաժարվում են աշխատելուց, դա չի նշանակում, որ ծանր աշխատանք է ու իրենց առողջական վիճակը թույլ չի տալիս… ինչ է նշանակում` քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը չի ցանկանում աշխատել»,-այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ասաց փոխնախարարը:
Նա, անդրադառնալով պրոբացիոն ծառայության ներդրմանը, նկատեց, որ շատ են հարցադրումները` արդյոք փորձարկել են, կաշխատի, թե` ոչ. «Բայց պրոբացիայի ծառայությունն ասում է` պրոբացիան ստեղծել են, վերջ: Մի հատ ինքներս մեզ հարցնենք` պրոբացիան պատրա՞ստ է այս պահին իր վրա ամբողջ ծավալը վերցնել, ռեալ ասեմ` այս պահին պատրաստ չէ: Այս փուլում պրոբացիայի օրենքով հիմնական գործառույթները, որոնք պրոբացիայի ծառայության համար սահմանվել են, կամավոր սկզբունքով են, շատերն ասում էին` պրոբացիան կդառնա կոռուպցիոն ռիսկ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ