Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչ է անում ԿԲ-ն՝ 960 հազար դրամանոց Apple վերջին սերնդի դիզայներական նոթբուքը՝ մեր այս նեղ վիճակին

Դեկտեմբեր 06,2016 14:44

2017-ի պետական բյուջեի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագիծը զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանին դժգոհեց, որ 101 առաջարկ է ինքը ներկայացրել, բայց ընդունել են 7-8-ը. «Այնտեղ բաներ կան, որ գրել եք ընդհանուր առմամբ ընդունվել է: Իսկ դուք նայե՞լ եք, այնտեղ, որտեղ ընդունվել է, ինչ անհեթեթություններ եք գրել»:

Այսքանով Մելքումյանի դժգոհությունները չավարտվեցին, նա սկսեց բողոքել, որ Արամյանը, որպես ոչ հիմնավոր առաջարկ է գնահատում պատգամավորների՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մոտեցումը: Ըստ նրա, այդ գումարները նորից մտնելու են տնտեսության մեջ. «ՀՀ-ում սպառման սահմանային գործակիցը 0.95 է, այսինքն, ինչ փող մարդուն տալիս ես, լրիվ ծախսում է կոմունալի վրա, բուժման վրա, տրանսպորտի վրա: Այդ փողը տալով՝ դուք կամայական հաշվարկ մի արեք, հարկերի միջոցով հետ է գալու»:

Տույժ ու տուգանքների հարցով Արամյանը խոստացել էր, որ պետք է պատգամավորի հետ քննարկեին: Մելքումյանը դժգոհեց, որ մի բան հայտարարում է նախարարը, բայց չի անում. «Դա նորմա՞լ եք համարում, ես սպասում եմ»:

Նա նաեւ քննադատեց ԿԲ-ին. «Կենտրոնական բանկը գրել է, որ պրեմիում դասի բենզին եմ նախատեսել չգիտեմ ինչ գնով, բայց չգիտեմ գինն ինչքան է այսօր: Վերջապես Apple նոթբուքը, որ գրել է 960 հազար դրամով, բայց մտեք Սայաթ-Նովայի Սթոր խանութ, տեսեք այդ նոթբուքն ինչի համար է պետք: Պետք չի, որ ԿԲ-ում դիզայներական աշխատանքով զբաղվեն, Retina էկրան ունենան М4 դիզայներական բանով, խնդրում եմ այս հարցերին պատասխանեք»:

Նախարարը վստահեցրեց, որ պատգամավորի 101 հարցին էլ շատ մանրակրկիտ պատասխանել են: Նա հիշեցրեց, որ Մելքումյանը գիտությունների դոկտոր է, ուստի պետք է իմանա, թե ինչ են ցույց տալիս վերլուծությունները, երբ նվազագույն աշխատավարձը արհեստականորեն բարձրացնում են:

Ինչ վերաբերում է ԿԲ-ի գնումներին, նախարարն ասաց, որ ԿԲ-ի վրա էլ է տարածվում «Գնումների մասին» օրենքը եւ իրենք պետք է մրցույթով գնեն: Որպեսզի հասկանանք՝ շա՞տ են վճարել այդ նոթբուքերի համար, թե ոչ՝ պետք է հասկանանք պարամետրերը. «Կան կոմպյուտերներ, որ կարող է լինել 1 մլն 200 հազար՝ կախված պարամետրերից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031