ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի բլից-հարցազրույցը Aravot.am-ին
– Տիկին Եսայան, փաստորեն, ՀՀԿ-ի կարծիքով քաղաքական «չարիք» Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքական դաշտ: Սերժ Սարգսյանն ասում էր`մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Փաստորեն`ունե՞նք, դատելով նրանից, որ ՀՀԿ-ականներն այժմ Գագիկ Ծառուկյանի իրավունքն են համարում նրա վերադառնալ-չվերադառնալը:
– Հայաստանի Հանրապետությունն ազատ, ժողովրդավարական երկիր է, ամեն ոք ազատ է՝ գնալ-գալ, լինել-չլինել, մտնել-չմտնել, այնպես որ մի փորձեք ՀՀԿ-ին մեղադրել, մենք մեր քայլերի տերն ենք, թե ուրիշները ի՞նչ են անում, բացառապես այդ ուրիշների իրավունքն է: Եվ հետո, ինչո՞ւ պարոն Ծառուկյանին չեք ուղղում Ձեզ հուզող այս հարցերը, ուղղեք եւ փորձեք ստանալ պատասխաններ:
– Նկատի ունենալով այն, որ Գագիկ Ծառուկյանն ու իր ղեկավարած ԲՀԿ–ն ժամանակին հակադրվեցին ՀՀԿ–ին, այժմ, ընտրությունների շեմին Գագիկ Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ–ի համար քաղաքական սպառնալի՞ք է:
Կարդացեք նաև
– ՀՀԿ-ին որեւէ ուժ չի կարող հակադրվել, տարբեր քաշային կարգավիճակներում կհայտնվեն: Այսօր ՀՀԿ-ն է ուժեղ, գաղափարական, կենսագրությամբ, երկրի անկախության ակունքներում կանգնած միակ լուրջ ու ծանրակշիռ ուժը, մյուսները դեռ շատ պիտի ապրեն ու աշխատեն ՀՀԿ-ի հետ հավասար դիրքերում հայտնվելու համար: Այնպես որ հանգիստ եղեք, մենք ուժեղ ենք, եւ ճիշտ: Եվ մեր դեմ պայքարելու խնդիր չի կարող լինել: Կարո՞ղ են թող գան մեզ հետ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու, մնացածը անլուրջ է:
– Արժանահավատ ե՞ն այն խոսակցությունները, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորված է վերադառնում:
– Կատարեք լրագրողական հետաքննություն եւ պարզեք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ